Կյանքից հեռացավ պետական, քաղաքական, հասարակական մի գործիչ, որի ողջ կյանքն ու գործունեությունը շաղկապված է մեր պետության տարեգրությանը, խորհրդային և անկախ Հայաստանի կարևոր ու շրջադարձային էջերին, վաստակաշատ մի մարդ, որն իր մեծ ավանդն ունի երկրի կայացման ու զարգացման գործում, վառ անհատականություն, որի կորուստն անփոխարինելի է:
Անգնահատելի է Վլադիմիր Մովսիսյանի դերը պետության մի շարք ոլորտներում:
1975-1990 թթ., վարելով պետական և կուսակցական բարձր պաշտոններ, նա լուրջ ներդրում է ունեցել երկրի զարգացման գործում, եղել է կառավարության նախագահի առաջին տեղակալ: Այնուհետև 1990 թ.` Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածներից մեկում, Վլադիմիր Մովսիսյանը միաձայն ընտրվել է ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար: Նույն տարին ղեկավարել է ՀՀ պաշտպանության արտակարգ հանձնաժողովը պատերազմի առաջին գծից: 1991-96 թթ. ղեկավարել է նաև ՀՀ փախստականների հարցերի պետական վարչությունը: Որտեղ էլ, որ եղել է, ջանք չի խնայել իր առաքելությունը լավագույնս իրականացնելու համար:
Մեծ է նրա ավանդը նաև 1988 թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման, անօթևաններին և տուժածներին աջակցելու գործում:
Վերջին տարիներին նա անուրանալի ավանդ ունեցավ համազգային արժեք հանդիսացող և ռազմավարական նշանակություն ունեցող Սևանա լճի վերականգնման ու պահպանման գործում:
Կարդացեք նաև
ՀՀ Հանրային խորհրդի ստեղծման օրվանից Վլադիմիր Մովսիսյանը խորհրդի անդամ էր՝ ամենաակտիվ անդամներից մեկը, որի խորիմաստ ու ծանրակշիռ խոսքը որոշիչ դեր ուներ հանրության համար կարևոր նշանակություն ունեցող ցանկացած հարցի քննարկման և որոշումների կայացման ժամանակ:
Վլադիմիր Մովսիսյանը մի մարդ էր, որն իրապես սիրում էր իր հայրենի հողը և մինչև կյանքի վերջ անմնացորդ ծառայեց իր երկրին ու ժողովրդին: Նա պետական, քաղաքական ու հասարակական գործչի, իսկական հայ մարդու լավագույն օրինակ է երիտասարդ սերնդի համար:
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում այդ մեծ մարդու, մեր սիրելի գործընկերոջ ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին, կիսում նրանց վիշտը:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ
Վազգեն Մանուկյան