«Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու գործընթացն ավարտվում է»,- այսօր՝ նոյեմբերի 5-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
Նա հավելեց, որ այդ գործընթացին զուգահեռ շարունակվում է ԵՄ-ի հետ հարաբերությունների բարելավման գործընթացը: Նա համարում է, եթե Ռուսաստանի՝ Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերությունները ճգնաժամ ապրեն, եւ սառը պատերազմ սկսվի, այդ իրավիճակը Հայաստանի վրա վատ կանդրադառնա. «Եթե հակառակը՝ հարաբերությունները լավանան, ապա Հայաստանի համար հավանականությունների միջանցքը կլայնանա»:
Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով՝Հայաստանի ավանդական քաղաքականությունը ոչ մի բան չընտրելն է կամ էլ միաժամանակ հնարավորությունների սահմաններում մի քանի բան ընտրելն է: Նա որպես օրինակ բերեց հայ-վրացական հարաբերությունները. «Հայ-վրացական հարաբերությունների շրջանակներում Հայաստանը ստիպված է հաշվի առնել Ռուսաստանի շահերը, նույնը հայ-իրանական հարաբերությունների մասին կարող եմ ասել՝ Հայաստանը հաշվի է առնում Միացյալ Նահանգների շահերը, բայց իր սեփական շահերը հետին պլան են մղվում»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ