Վրաստանի արտաքին գործերի արդեն նախկին նախարար Մայա Փանջիկիձեն, որն իր հրաժարականի մասին հայտարարություն է արել այսօր, խոսել է Վրաստանի առջև կանգնած վտանգների մասին և նշել, որ այդ վտանգը եվրոպական ուղղությունից շեղվելն է, փոխանցում է «Գռուզիա Օնլայն»-ը:
«Առանց որևէ համեստության կարող եմ ասել, որ մեր թիմը վերջին երկու տարիների ընթացքում մեծ հաջողությունների է հասել: Մենք պաշտպանում էինք եվրոպական և եվրաատլանտյան արժեքները, – ասել է Փանջիկիձեն, – մենք տեսնում ենք, որ և՛ ապագա գործունեությունը, և՛ ստացած արդյունքները վտանգի տակ են հայտնվել, այդ պատճառով նման որոշում ենք կայացրել (…) Մեր թիմում այն մարդիկ են, որոնք պարտավոր են ծառայել [եվրոպական] նպատակին, մենք չենք կարող դավաճանել վրացի ժողովրդի այդ ընտրությունը ու ցույց չտալ այդ սպառնալիքները, որոնց առջև կանգնած է երկիրը»:
Երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիային, որն իր հերթին դատախազությանը մեղադրել էր Ռուսաստանի շահերը պաշտպանելու և ՊՆ-ը քանդելու փորձ անելու մեջ: Ալասանիայի հրաժարականից անմիջապես հետո «Մաեստրո» հեռուստակայանի ուղիղ եթերում հրաժարական է տվել Վրաստանի եվրոպական ու եվրաատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ