Վարչական դատարանում քննվում է ոստիկանությունն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հայցը եւ Կիվիրյանի հակընդդեմ հայցը՝ իր ազատության եւ անձնական անձեռնմխելիության, արտահայտվելու ազատությունը խոչընդոտելու վերաբերյալ: Պարոն Կիվիրյանը պահանջում է ոստիկանների գործողությունները ճանաչել ոչ իրավաչափ:
Դատարանում ուսումնասիրվում է իրեղեն ապացույց վրանը, որը նախորդ տարվա ամռանը 150 դրամի դեմ պայքարի շրջանակներում քաղաքապետարանի դիմաց կազմակերպված ակցիայի շրջանակներում Կիվիրյանը փորձել է տեղադրել:
Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը պնդում է, որ իր պաշտպանյալի իրավունքների մասին ոստիկանները չեն պարզաբանել, ոստիկանության ներկայացուցիչ Դիանա Մելիքյանն էլ հակառակն է համոզում՝ դեռ քաղաքապետարանի մոտ են իրավունքների մասին հայտնել:
Այս հարցի շուրջ կողմերը այսօր դատարանում երկար բանավիճեցին, Կիվիրյանի պաշտպանները պնդեցին, որ ոստիկանության ներկայացուցիչը փաստով հաստատի, այլ ոչ թե հայտարարի:
Կարդացեք նաև
«Հակառակը փաստող ապացույց ունենք, իսկ իրենց հայտարարությունը փաստող որեւէ ապացույց ոստիկանությունը չի ներկայացնում»,- ասաց Արգիշտի Կիվիրյանի պաշտպան Արամազդ Կիվիրյանը:
Հետո փաստաբանները առաջ քաշեցին ոստիկանության բաժնում Արգիշտի Կիվիրյանից բացատրություն վերցնելու հարցը:
«Ո՞ւր է նման փաստաթուղթ, որ Արգիշտին հրաժարվել է բացատրություն տալուց»,- հետաքրքրվեց Լուսինե Սահակյանը:
Ոստիկանության ներկայացուցիչը պատասխանեց, որ նման փաստաթուղթ չկա, բայց բացատրության փոխարեն կա նշում, որ Կիվիրյանը հրաժարվել է ստորագրել արձանագրության տակ՝ պնդելով, որ ոստիկանները խախտել են իր ազատությունները:
«Որտեղ է երեւում, թե Կիվիրյանին հնարավորություն է տրվել բացատրություն տալու, բայց նա հրաժարվել է»,- հարցրեց Արամազդ Կիվիրյանը:
«Դուք թերի եք ներկայացրել վարչական վարույթի փաստաթղթերը, ձեզ էլ են թերի ներկայացրել, վարչական նյութերը»,- շարունակեց տիկին Սահակյանը՝ պնդելով, որ դատարան ներկայացված փաստաթղթերը համարակալված են մատիտով ու չկան առաջին երկրորդ էջերը, որտեղ կարեւոր նշումներ են եղել: Դատարանը հաստատեց մատնանշված էջերի բացակայության հանգամանքը:
«Առանց համարակալման վարչական նյութեր ներկայացնել հնարավոր չէ, եթե, իհարկե, չեն ուզում կեղծեն: Ստացվում է, վարույթը ձեզ ներկայացված է թերի, որովհետեւ մեզ հայտնի են, որ եղել են բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ձեր մոտ չկան, կամ քննիչն է կեղծում կամ էլ ոստիկանությունը թերի վարույթ է ձեզ ներկայացնում»,- դատարանին հայտնեց տիկին Սահակյանը:
Տիկին Մելիքյանն էլ բացատրեց, որ վարչական վարույթին զուգահեռ հետաքննական վարույթ է իրականացվել, եւ ինքը այս պահին չի կարող ասել, որ վիճարկվող բացատրությունը որ փուլի համար է եղել:
«Միգուցե չեն վերցրել բացատրություն, եթե ինձ չի փոխանցվել, ուրեմն չի եղել»,- պատասխանեց ոստիկանության ներկայացուցիչը:
Դատարանն էլ պահանջեց խոսել առանց միգուցեների ու հնարավորություն տվեց ճշտել՝ վարչական վարույթի ամբողջական փաստաթղթերն են ներկայացված, թե՞ թերի են: Դատարանը պահանջեց փաստարկել, թե ինչու են դատարան ներկայացված փաստաթղթերը համարակալվել մատիտով ու սկսվել երրորդ էջից: Ապա` դատական նիստը հետաձգվեց, որ նշված տեղեկությունները ոստիկանության ներկայացուցիչը պարզաբանի:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ