Այսօր «Հայելի» ակումբում Aravot.am-ի հարցին՝ ԵՏՄ-ի պայմանագրին ծանո՞թ եք՝ ԵՏՄ անդամակցությանը դեմ «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Երբ մի բան սկզբունքորեն, գաղափարապես չես ընդունում, դժվար է ուսումնասիրել դրա դետալները: Մեզ կոչ են անում, Վլադիմիր Կարապետյանը կոչ է անում, թե ինչու եք քննադատում, կարդացեք: Ես չեմ կարող ինձ թույլ տալ կարդալ պայմանագիրը, որովհետեւ դա նշանակում է գնալ «Հայազնի» ծրագրի դեմ:
Ինձ կարող են հեռացնել «Հայազնից», եթե ես սկսեմ քննարկել, որ շաքարավազի արտոնությունը հանեք, դրա փոխարեն մտցնենք, ասենք, եգիպտացորենը: Մեզ համար դա վերպետական կառույց է, Հայաստանը պետականությունից զրկելու, գաղութացնելու գործիք է: Բայց ես կարդացել եմ որոշ փաստաթղթեր եւ կասեմ, որ նույնիսկ գործող ՀՀ Սահմանադրության տեսակետից, սոցիալ-տնտեսական շահերից այնտեղ այնպիսի սարսափելի բաներ կան, որ եթե ես «Հայազնի» անդամ չլինեի, պատրաստ եմ այդ բոլորը քննարկել: Սարսափելի բաներ կան: Օրինակ, մեր օրենքում գրված է, որ միայն ԱԺ-ն իրավունք ունի տուրքեր, հարկեր սահմանել ՀՀ տարածքում, որեւէ այլ մարմին չի կարող: Բայց դուք ընտրում եք մի մարմին, որտեղ Հայաստանն ունի մեկ ձայն՝ տասից:
Դրանք պիտի որոշումներ ընդունեն, ինչ է, ամեն անգամ ԱԺ են բերելո՞ւ: Պարզապես ասելիք չկա այստեղ: Այդպիսի խորքային պետական դավաճանություն…ես իհարկե, շատ բան էի սպասում Սերժ Սարգսյանից ու նրա վարչակարգից, բայց սա բոլոր հնարավոր սահմաններն անցնում էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Դժվար չէ իսկապես հասկանալ, հնարավոր է արդյոք մի փոքր պետության ապահով ու անկախ գոյությունը, առանց այս կամ այն հզորի դաշնակիցը դառնալու ու նրա շահերին ծառայելու, եթե այն նույնիսկ անհաշտ ոսոխների հետ սահմանակից չէ, բավարար ռեսուրսներ ունի, իսկ ներսում էլ իդեալական համախմբվածություն? Իսկ մենք այդ բոլոր «բարիքների» լիուլի տերն ենք հիմա! Միթե չեն հասկանում անկախ պարոնները, որ աշխարհում միշտ էլ իրար հոշոտելու սկզբունքն է գործել, իսկ հիմա այն առավել քան սրված է: Ներկայումս շատ էլ կարեւոր չէ, թե որ մի ընտրությունը ձեռնտու կլիներ – իսկ կարեւորը հիմա այն է որ մեկն «ալի» չասի, մյուսը «վալի», երրորդն էլ ուրիշ զուռնա փչի: Պետք է թողնել ցանկացած տարաձայնություն արտաքին հարաբերությունների վերաբերյալ եւ ամբողջ ջանքերն ուղղել ներքին ախոռը մաքրելու խնդրին: Մենք հիմա ներսից ենք փթում, նախ այս ախտից պիտի ազատվել ու այնպիսի “Փրկության իշխանություն” պետք է ստեղծել, որը կարողանա արդարություն, կարգ ու հավատ ստեղծել: Որից հետո միայն մյուս հարցերը կգան: