«ԲՀԿ-ն ՕԵԿ-ից ինչո՞վ է տարբերվում, տարբերվում է նրանով, որ նաեւ օլիգարխիկ կուսակցություն է, այսինքն` հայ խոշոր բուժուազիային, օլիգարխիային սպասարկող քաղաքական ուժ է: Իրենց շատ հանգիստ եմ ընդունում, իրենք ինձ երբեւէ չեն հիասթափեցրել, չեն դավաճանել, ԲՀԿ-ի անդամների հետ թեւ-թեւ մտած երբեք գոռալով ազատ, անկախ Հայաստան չեմ երգել, երբեք մեզ միասին ոստիկանություն չեն տարել, պարզապես ասելիք չունեմ: Մենք պարզապես զուգահեռ աշխարհում ենք ապրում»,- այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Հովհաննիսյանը:
Ըստ նրա, հանրության մի լայն շերտ կա, որը դժգոհ է իրողությունից, բայց արմատական փոփոխություններ չի ուզում կամ մտածում է, որ արյուն կթափվի, վախենում է. «Այդ մարդիկ իրավունք ունեն, չէ՞ ինչ-որ մեկի վրա հույս դնեն, որ ասում են՝ ես հեղափոխություն չեմ անի, երկիրը չեմ քանդի, բայց ես լավը կլինեմ, կարմիր գծերը կհանեմ, չեմ թալանի կամ շատ քիչ կթալանեմ: Այդպիսին ժամանակին ՕԵԿ-ն էր: Իրավունք ունեն ապրելու, որովհետեւ ունեն սոցիալական լուրջ հիմք»:
Մեր հարցին՝ ԲՀԿ-ի հետ Քոչարյանի կապը տեսնո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Չեմ տեսնում, որովհետեւ գտնում եմ, որ Գագիկ Ծառուկյանը անձնական լուրջ քաղաքական ամբիցիաներ ունի եւ չի պատկերացնում իրեն կամուրջ որեւէ մեկի համար: Դա իմ անձնական կարծիքն է»:
Գագիկ Ծառուկյանը հայտ է ներկայացրել նախագահ դառնալու: Այս առնչությամբ Արմեն Հովհաննիսյանն ասաց. «Որպես թեկնածու Գագիկ Ծառուկյանին պատկերացնում եմ, որ նա կարող է զգալի ձայներ ստանալ: Իսկ թե ինչ կլինի, եթե նա դառնար նախագահ՝ ինչ-որ մի բան կլինի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ