Իջեւան քաղաքի բնակիչ, 1951թ. ծնված Ռադիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2014թ. հունիսի 27-ին, ժամը 20-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ՝ Ջ. Ե.-ի հետ ձեւավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օգտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը, ձեռքերով խեղդամահ է արել կնոջը: Վերջինս Իջեւանի դպրոցներից մեկում ֆրանսերեն է դասավանդել, եղել է վատառողջ:
Ռադիկ Գաբրիելյանը նախկինում եղել է Տավուշի մարզպետարանի աշխատակից, նաեւ լրագրող է աշխատել:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով(«Սպանությունը»):
Ռ. Գաբրիելյանն անառողջ է, նա ներկայումս գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում: Սույն քրեական գործով դատավարության առաջին նիստը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում նշանակված է նոյեմբերի 13-ին:
Սա այս տարվա ընթացքում Տավուշի մարզում ամուսնու կողմից կնոջը խեղդամահ անելու 3-րդ դեպքն է: Մնացած երկու դեպքերը կատարվել են Բերդի տարածաշրջանում, խանդի հողի վրա, այդ գործերով դատավճիռներ են կայացվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ