Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միջոցներ են խնայում երեխաների առողջության հաշվի՞ն. «Հայոց աշխարհ»

Նոյեմբեր 05,2014 12:43

Ճիշտ է, օրերս Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող դպրոցներում եւ մանկապարտեզներում փորձարկվել է ջեռուցման համակարգը՝ թերություններն ու խնդիրները հայտնաբերելու եւ վերացնելու նպատակով, սակայն քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հայտարարել է, որ, ըստ իրենց նախատեսածի, դպրոցներն ու մանկապարտեզները կսկսեն ջեռուցվել միայն նոյեմբերի 15-ից, ինչպես ամեն տարի: Եվ միայն եղանակային անակնկալների դեպքում հնարավոր է ջեռուցումն ավելի շուտ սկսել: Համենայն դեպս առայժմ ջեռուցման մասին որեւէ որոշում չկա:

Արդյոք հոկտեմբերի կեսից մայրաքաղաք ներխուժած սառը հոսանքների պատճառով օդի ջերմաստիճանի կտրուկ անկումը եղանակային անակնկալ չէ՞, որպեսզի դպրոցների ջեռուցման մասին համապատասխան հրահանգ տրվի: Թե՞ իրենց ջեռուցվող ու տաքուկ սենյակներում նստած պաշտոնյաները չեն պատկերացնում, որ դրսում արդեն ձմեռային եղանակ է, ինչի պատճառով թեկուզ քարից ու եվրոպատուհաններով պաշտպանված դպրոցների շենքերում երեխաներն արդեն մրսում են:

Շատերը վաղուց սկսել են իրենց բնակարանները ջեռուցել, մանավանդ Երեւանի հյուսիսային թաղամասերում, ջեռուցվում են նաեւ շատերիս աշխատատեղերը, մինչդեռ դպրոցներում դեռ ժամանակ են ձգում՝ երեխաների առողջության հաշվին խնայելով քաղաքային բյուջեի միջոցները:

Բարեբախտաբար, Երեւանի պետական մանկապարտեզներում մի քանի օր է, ինչ ջեռուցման համակարգերը միացվում են, եւ երեխաները իրենց առօրյան անցկացնում են տաքուկ սենյակներում: Այս մասին մեզ տեղեկացրին Երեւանի տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզների աշխատակիցները: Որոշ մանկապարտեզներ անգամ սկսել են ջեռուցվել հոկտեմբերի կեսերից, երբ առաջին անգամ եղանակային կտրուկ փոփոխություն եղավ:
Որոշ դպրոցների տնօրեններն այս օրերին ստիպված են դասասենյակներում էլեկտրական սալիկներ միացնել: Իսկ դրանք ոչ միայն արդյունավետ չեն, այլեւ ծախսատար են։ Լեւոն Շանթի անվան թիվ 4 դպրոցի տնօրենը տեղեկացրեց, որ մի քանի օր է, ինչ տարրական դասարանների դասասենյակներում գոնե մի քանի ժամով էլեկտրական սալիկներ են միացնում, այլապես դասասենյակներում այնքան ցուրտ է, որ հնարավոր չի լինում դասերն անցկացնել: Շատ երեխաներ այդ պատճառով հիվանդացել են ու երկարատեւ բացակայել դասերից:

Թագուհի ԱՍԼԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930