Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճարտարապետների միության նախագահ. «Եթե մի քանդողի պատժեինք, էսօր չէինք ունենա ներկայիս վիճակը»

Նոյեմբեր 05,2014 12:00

«Բլից ինֆո» մամուլի ակումբի այսօրվա՝ նոյեմբերի 5-ի հյուրն էր Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նա անդրադարձավ 2014թ-ի ընթացքում ճարտարապետական նշանակության շենք-շինությունների ապօրինի ապամոնտաժման դեպքերին, համապատասխան պետական կառույցների գործելակերպին:

«Երբեմն դեպքեր են լինում, որ լռել չի կարելի… այսօր առաջին հերթին մեզ մտահոգում է «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ճակատագիրը: Այն մտած է բոլոր դասագրքերում եւ այն ռեեստրում, որտեղ առկա են պոստմոդեռնիստական լավագույն շենքները…Հարցն այն է, որ երբ մասնակի մի բան քանդում են, սկսվում է ամբողջի քանդման գործընթացը: Կարծում ենք, որ սեփականատեր Էռնեկյանը խոհեմ մարդ է, կարող է պահել հին շենքը, նրան օժտելով ուրիշ ֆունկցիաներով: Հույս ունենք, որ առաջիկայում ներկայացվելիք հետագա օգտագործման փաթեթի համաձայն՝ կոնցեսիոների հետ միասին կկարողանանք պահել «Զվարթնոց» օդանավակայանի շենքը»,- նշեց Մկրտիչ Մինասյանը:

Հայաստանի ճարտարապետների միության նախագահը մտահոգված է նաեւ սեփականաշնորհված Հրաչյա Աճառյանի անվան դպրոցի շենքի ճակատագրով, որի տարածքում պետք է տեղավորվի ՀԱՊԿ ակադեմիան: «Աճառյանի դպրոցի պարագայում էլ ստացվել է այնպես, որ շենքը հանձնում ենք սեփականատիրոջը, որը մեկ ամիս հետո ներկայացնում է մի նախագիծ, որի համաձայն պետք է այդ շենքը վերանա: Աճառյան դպրոցը մշակութային հուշարձանների ցանկում է, այնտեղ մեր պետության համար նշանակալից մարդիկ են կրթվել, նման անփույթ ձեւով չի կարելի վերաբերվել այդ տեսակ օբյեկտներին: Շատ ուշադիր պետք է լինենք, որ Աճառյան դպրոցի շենքը գոնե ֆասադային առումով ստանա իր նախկին տեսքը: Դրա համար մենք առաջարկեցինք, որ ակադեմիայի ղեկավարությունը հարց բարձրացնի՝ նոր հողակտորներ վերցնելու համար, որովհետև այդ նեղ տեղում հնարավոր չէ ակադեմիա պահել…»,- ասում է պարոն Մինասյանը:

Ասուլիսում անդրադարձ եղավ նաեւ Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ
Նիկողայոս Բունիաթյանի նախագծով արված «Սեւան» հյուրանոցին: «Բունիաթյանի «Սեւան» հյուրանոցը յուրատեսակ՝ էն ժամանակվա համար լավագույն կառույց էր, մեր քաղաքի առաջին գլխավոր ճարտարապետն էր դա արել՝ Բունիաթյանը, որին հրավիրել էր Թամանյանը: Իմիջիայլոց, այս տարի Բունիաթյանի ծննդյան 130-ամյակն է լրանում, եւ շուտով կունենանք նրա ալբոմը»:

Ինչ վերաբերվում է Մարզահամերգային համալիրին, Ճարտարապետների միության նախագահը գոհ է, որ այն հանձնվել է Պաշտպանության նախարարությանը, ասում է՝ այդ հսկա գերատեսչությունը կարող է այն հետ պահել ապօրինի քանդումներից:
Աֆրիկյաննների շենքի մասին էլ խոսք գնաց: Մկրտիչ Մինասյանի ձեւակերպմամբ, այն ավելորդ չէր, բայց վտանգավոր վիճակում էր գտնվում, արված էր այնպիսի նյութերից, որ հնարավոր չէր վերականգնել. «Փողոցը չկոտրվելու եւ լայնությունը պահելու համար լավ կլիներ, որ փողոցն ուղղակի իջներ, եւ Աֆրիկյանների տունը չխանգարեր նրան, ցավոք նման տարբերակ չկար: Եթե Աֆրիկյանների տունը 6 կամ 13-րդ դարի հուշարձան լիներ, կարելի էր այն ամեն գնով պահել, բայց այն քաղաքային նշանակություն ունեցող 19-րդ դարի կառույց էր, որը պահելու համար փողոցը նեղացնելը գուցե չարժեր»:

Բանախոսը փաստում է՝ Թամանյանական ոճի հանդեպ ոտնձգությունները շարունակվում են, վառ օրինակ են՝ Բաղրամյան 1 հասցեն, Նկարիչների տունը… «Մեր չինովնիկներն էլ մի սկզբունք են առաջ տանում՝ կառուցված բանը ո՞նց քանդեք, եթե մի քանդողի պատժեինք, էսօր հաստատ չէինք ունենա ներկայիս պատկերը»,-նեղսրտում է նա: Նաեւ հավելում. « Ցավոք, օրենքներն իրենց համար գոյություն ունեն, կյանքը՝ իր համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930