Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նաիրիտցիների մոտ 60 տոկոսը ազատվելու է աշխատանքից. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 05,2014 11:39

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը ուղիղ երկու ամիս առաջ՝ սեպտեմբերի 4-ին, կառավարության շենքի առաջ բողոքի ցույց անող նաիրիտցիների դիմաց ելույթ ունենալով, հայտարարեց, թե մինչեւ սեպտեմբերի 15– ը կառավարությունը կներկայացնի «Նաիրիտի» ապագայի հետ կապված փաթեթ։

Մինչ օրս որեւէ փաթեթ չի ներկայացվել, եւ բոլորովին հայտնի չէ, թե կառավարությունը ինչ «կոնցեպցիա» ունի «Նաիրիտի» ճակատագրի շուրջ։ Անցած տարվա սեպտեմբերից ՀՀ իշխանությունները համոզված պնդում էին, որ ռուսական գերհսկա «Ռոսնեֆտ» ընկերությունը ներդրումներ է անելու ու վերագործարկելու է մեր քիմիական արդյունաբերության գերհսկան։ Բայց ամռանը կառավարությանը հայտնի է դարձել, որ «Ռոսնեֆտը» այլեւս հետաքրքրված չէ «Նաիրիտով», չնայած՝ այդ մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։ Սեպտեմբերի 4-ին Զախարյանը այդ մասին ակնարկներ արեց. «… Մենք ձեզ հետ միասին հույսներս միայն «Ռոսնեֆտի» հետ չպետք է կապենք, պետք է մեր ծրագիրն ունենանք»,- այդ օրը հայտարարեց Զախարյանը։

Երեկ ԱԺ-ում 2015 թվականի բյուջետային քննարկումների ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը, անդրադառնալով «Նաիրիտի» ճակատագրին, ըստ էության, որոշ բացահայտումներ արեց։ Ըստ փոխնախարարի, կառավարությունը մտադիր է մարել նաիրիտցիների աշխատավարձերի գծով ամբողջ պարտքը եւ «աշխատողների օպտիմալ քանակով» վերագործարկել այն։ Այլ կերպ ասած, նաիրիտցիները կստանան տարիներ շարունակ իրենց չստացած աշխատավարձերը եւ նրանց մի զգալի մասը կազատվի աշխատանքից, որից հետո «Նաիրիտը» ավելի քիչ թվով աշխատակիցներով կվերագործարկվի։ Թե քանի՞ նաիրիտցի կմնա, ի՞նչ ծավալների արտադրանք կտա, ինչպե՞ս կփակվեն պարտքերը, որտեղի՞ց կճարվի փողը եւ այլ մանրամասներ՝ փոխնախարարը չհաղորդեց։ Հայտնի է միայն, որ ներկայումս «Նաիրիտում» ձեւակերպված է 2263 աշխատակից։ Ըստ որոշ տեղեկությունների, նրանց մոտ 60 տոկոսը ազատվելու է աշխատանքից։ Որքան էլ ցավալի լինի այդ մարդկանց ճակատագիրը, բայց «Նաիրիտի» վերագործարկման համար սա թերեւս լավագույն սցենարն է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930