«Էյր Արմենիայի» տնօրեն Արսեն Ավետիսյանը ներկայումս «Էյր Արմենիայի» միակ սեփականատերն է։ Մյուս բաժնետերը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի եղբայրը՝ Վահան Հարությունյանը, նրան է վաճառել իր բաժնեմասը։
– Ճի՞շտ է, որ Դուք գնել եք Վահան Հարությունյանից նրա բաժնեմասը։
– Վահան Հարությունյանը դեռեւս 4 ամիս առաջ էր իր բաժնեմասը վաճառել ընկերությանը։
– Հիմա Դուք եք միակ սեփականատերը, այնպես չէ՞։
Կարդացեք նաև
– Այո, դե ֆակտո այդպես է։
– Դուք հայտարարել եք, որ ուղեւորափոխադրումները վերսկսելու եք դեկտեմբերի 20-ից, ինչի՞ է պետք այս դադարը։
– Մենք ասել ենք, որ դեկտեմբերի 20-ից կվերսկսենք ուղեւորափոխադրումները զուտ այն պատճառով, որ ուղեւորների շրջանում խուճապը մեծ է։ Փաստացի մենք կարող ենք սկսել երկու շաբաթից էլ, բայց ուղեւոր չենք ունենա, որովհետեւ մարդիկ վախեցած են, եւ բոլորը տոմսերը հետ են վերադարձնում։ Ես նրանց հասկանում եմ, իհարկե, եւ չեմ մեղադրում։ Մեզ ժամանակ է պետք, որպեսզի մենք «ռեստարտ» լինենք, այսինքն, օդանավերը Հոլանդիայից վերադառնան Հայաստան, գովազդային ակցիաներ անենք, վերականգնենք մարդկանց վստահությունը եւ նոր դեկտեմբերի 20-ից վերսկսենք։
Հակառակ դեպքում, եթե մենք հիմա սկսենք նոյեմբերի 20-ից, օրինակ, մեր կորուստները մեկ ամսում ահավոր կլինեն, քանի որ ուղեւոր չենք ունենա։ Երբ որ «Ա 320» ինքնաթիռները Հայաստանից գնացին, մենք փորձեցինք աշխատել մեկ օդանավով եւ մեկ ամսից ավելի աշխատեցինք, բայց գրեթե բոլոր թռիչքներն ուշացումներով էին տեղի ունենում։ Իսկ այդ դեպքում ուղեւորը, ասենք, ժամը 12-ի համար տոմս էր գնում, բայց չգիտեր՝ 12–ի՞ն կթռչի, թե՞ երեկոյան վեցին։ Եթե այդպես շարունակեինք, այս ամեն ինչը մեր իմիջի վրա բացասական էր անդրադառնալու։ Որպեսզի ոչ մեզ տանջեինք, ոչ էլ մեր ուղեւորներին, որոշեցինք ժամանակավոր պաուզա վերցնել, մինչեւ որ մեր օդանավային շարժակազմը կվերադառնա վերազինված։
– Ի՞նչ վնասներ կրեցիք այս ընթացքում, եթե գաղտնիք չէ։
– Իհարկե, շատ մեծ վնասներ կրեցինք այս ընթացքում եւ դադարի դեպքում նույնպես կշարունակենք կրել, որովհետեւ ուղեւորների մի մասին ոչ թե տոմսերն ենք վերադարձնում, այլ ստիպված ենք լինում տեղ հասցնել, ինչը կրկնակի-եռակի թանկ է նստում մեզ վրա։ Պատկերացրեք, «Էյր Ֆրանսով» ուղարկում ենք Փարիզի ուղեւորին։ Դա մոտավորապես երկուսուկես անգամ ավելի թանկ է, քան այն գումարը, որ մենք ժամանակին ստացել էինք այդ ուղեւորից։ Վնասները շատ մեծ են լինելու, բայց ցանկացած պարագայում մենք չենք հանձնվելու եւ շարունակելու ենք մեր գործունեությունը:
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում