Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` ԲՀԿ-ն իր օլիգարխիական կառուցվածքով աջակցում է ԵՏՄ-ին միանալու գործընթացին, իսկ Տեր-Պետրոսյանը խաղում է վտանգավոր
եւ ձախողված խաղ` ՌԴ-ի հետ «ֆլիրտով»:
– Պարոն Կիրակոսյան, Փարիզում վերջերս անցկացված Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո տպավորություն ստեղծվեց, որ Ադրբեջանի ուղղությամբ որոշակի ճնշումներ են եղել, եւ կարծես հայկական կողմի դիրքերն ավելի բարենպաստ են եղել, պաշտոնական Երեւանը այդ բանակցությունները կոնստրուկտիվ համարեց: Ի՞նչ տպավորություն Դուք ստացաք:
– Նախ` անդրադառնանք Ադրբեջանի դրական արձագանքին: Իրականում Բաքուն ցույց է տալիս ավելի խրոխտ դեմք` խայտառակության փոխարեն, դա քաղաքական դիրքորոշում է, եւ հայկական կողմն է, որ հանդես եկավ հաղթողի դերում: Դրա համար կան երկու պատճառներ: Նախ` ԵԱՀԿ Մինսկի խումբը ցանկանում էր, որ Սարգսյանն ու Ալիեւը փարիզյան հանդիպման շրջանակներում համատեղ հայտարարություն ընդունեն:
Խնդիրը Ադրբեջանի մերժողական դիրքորոշումն էր: Առաջին գործոնն այն է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռեւս ուժեղ դիրքերում է, քանի որ եւս մեկ անգամ խոչընդոտողի դերում Ադրբեջանն էր հանդես գալիս: Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանի ավելի ամուր դիրքերից հանդես գալը պայմանավորված է նրանով, որ Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի նկատմամբ ուղղակի ճնշում կար: Առաջին հերթին Ադրբեջանում քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններն են, երկրորդ գործոնն այն էր, որ Ադրբեջանը դեմ է հանդես գալիս վստահության կառուցման գործընթացին: Ալիեւին եւս մեկ անգամ Փարիզում ստիպեցին թույլատրելու վստահության կառուցման գործընթացի շարունակականությունը: Առավել կարեւոր հանգամանքն այն է, որ Հայաստանի դիվանագիտական հաղթանակն ավելի շատ պայմանավորված է Ադրբեջանի սխալներով եւ ավելի քիչ է պայմանավորված Հայաստանի ձեռքբերումներով:
Կարդացեք նաև
– 2015թ. հունվարից Հայաստանն անդամակցելու է Եվրասիական միությանը, Դուք որքանո՞վ եք հնարավոր համարում, որ այդ կառույցի շրջանակներում Հայաստանի նկատմամբ ճնշումներ լինեն արդեն Ռուսաստանի կողմից` ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
– Իրականում այդպես էլ կլինի: Դա ավելի է մեծացնում Հայաստանի խոցելիությունը, ինչպես նաեւ անվտանգության պակասը: Ռուսաստանը ցանկացած պահի կարող է պահանջել, ինչպես նաեւ հաջողության հասնել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Վրաստանի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի սահմաններին մաքսակետ տեղադրելու հարցում:
– Հայաստանի խորհրդարանում ներկայացված «ոչ իշխանական ուժերը»՝ բացառությամբ մեկի, գործող իշխանության քայլը ԵՏՄ-ի անդամակցության հարցում չեն վիճարկում: Քաղաքական դաշտում արտաքին քաղաքականության հարցում՝ մեր երկրի ապագային ու հասարակությանը վերաբերող այս կարեւորագույն հարցում նույնական դիրքորոշում ունենալը, քաղաքական դաշտի նմանօրինակ լճացած լինելը Ձեր կարծիքով՝ ի՞նչ վտանգներով է հղի:
– Դա ցույց է տալիս Հայաստանում իրական ընդդիմության բացակայության վտանգը:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը իր օլիգարխիական կառուցվածքով իրականում աջակցում է ԵՏՄ-ին Հայաստանի միանալու գործընթացին: Լեւոն Տեր-Պետրոսյանը խաղում է վտանգավոր եւ ձախողված խաղ` Ռուսաստանի հետ «ֆլիրտով»: Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգության» հետ միասին միակ կողմն են, որ ունեն սկզբունքներ` դեմ կանգնելու այդ գործընթացին: Սա ցույց է տալիս ոչ իշխանական ուժերի միավորման թուլությունը: Սակայն դա միայն քաղաքական թատրոնի մի մասն է: Հայաստանի կառավարությունն իրականում խնդիր ունի շարքային քաղաքացիների շրջանում՝ ԵՏՄ-ին միանալու հարցում աջակցության պակասի առումով: Քաղաքացիներն են, որ կտուժեն Եվրասիական միությանը միանալուց հետո` գների աճից եւ տնտեսական նոր զարգացումների հետեւանքներից: Փոքր եւ միջին ձեռնարկությունները, ինչպես նաեւ Ռուսաստանը, կհայտնվեն ԵՏՄ-ի «բանտում»: Եվ այդ է պատճառը, որ սոցիալ-տնտեսական անկայունությունը միանշանակորեն կաճի: Դա է այն կետը, որ Հայաստանի կառավարությունը ամենաթույլն է: Սա է նաեւ պատճառը, որ ներկայիս վարչապետը չի կարողանում անգամ հարկերը հավաքել օլիգարխներից:
– Դուք «քաղաքական թատրոնի» մասին հիշատակեցիք: Իսկ կարո՞ղ ենք եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը իր իշխանավարման երկրորդ ժամկետի ավարտին ցանկանա «ոչ իշխանությանը» հանձնել իշխանությունը, որը նույնպես Հայաստանի ապագան տեսնում է ԵՏՄ-ում:
– Ոչ: Հայաստանի կառավարությունն ու իշխանությունները չպետք է բողոքեն, թե ընդդիմություն չկա, եւ ոչ էլ Հայաստանի կառավարությունը կամ իշխանությունները պետք է քննադատվեն ընդդիմության ներկայիս վիճակի համար: Այս տխուր քաղաքական թատրոնի երկու պատճառն այն է, որ առաջին` քաղաքական այս ֆիգուրներն իսկապես ժամկետանց են: Երկրորդ պատճառն այն է, որ նրանց քաղաքական մարտավարությունն այլեւս չի աշխատում, նրանց համար քաղաքականությունը ոչ թե ավելի պրոֆեսիոնալ արշավ է, այլ հոբբի: Դա ցույց է տալիս, որ ավելի լայն հնարավորություն կա, որպեսզի նոր ընդդիմադիր ուժ ի հայտ գա: Դրա դերում կարող է հանդես գալ Նիկոլ Փաշինյանի գլխավորած` «Քաղաքացիական պայմանագիրը»:
– Պարոն Կիրակոսյան, որքանո՞վ կարող է Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու պայմաններում չլինել խոցելի ԵՄ-ի հետ իր փոխհարաբերություններում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետները վստահեցնում են, որ ՀՀ-ի հետ փոխհարաբերությունները կզարգանան:
– Բարեբախտաբար, հարաբերությունները պահպանելու անկեղծությունը, ինչպես նաեւ պատրաստակամությունը գոյություն ունեն եւ Հայաստանում, եւ ԵՄ-ում: Հուսանք, որ դեռեւս գոյություն ունի բանակցության ինչ-որ կետ Հայաստանի կողմից՝ իրեն ԵՏՄ-ին ինքնազոհաբերելուց հետո:
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2014