«Սթափվեք, քանի դեռ ուշ չէ»,- «Առավոտի» հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընդդիմախոսներին սույն կոչով դիմեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Բանն այն է, որ Մանվել Գրիգորյանի վերջին հայտարարությունը սոցիալական ցանցերում եւ տարբեր էլեկտրոնային կայքերում բուռն քննարկումների, քննադատությունների, անգամ վիրավորանքների առիթ դարձավ:
Հիշեցնենք, օրերս լրագրողներից մեկի հարցին` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ցանկանում է երկրի նախագահ դառնալ` կարո՞ղ է, Մանվել Գրիգորյանը պատասխանել էր. «Բաղդադում էլ խուրմա կա, թո՛ղ ինչ ուզում է՝ դառնա, դա իր խնդիրն է: Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում իշխանություն է եղել, այդ ո՞ր օրվանից է ոչ իշխանություն դարձել»:
«Զորավար Մանվել Գրիգորյանը հայ ժողովրդի ամենաարժանի զավակներից մեկն է, ով դա իր կենսագրությամբ եւ կյանքով է ապացուցել: Ես չէ, որ պետք է ներկայացնեմ նրա անցած ուղին: Իսկ նրանք, ովքեր տվայտանքների մեջ են եւ մոռացել են` հիշեցնեմ. գեներալ Մանվել Գրիգորյանն Արցախի ազգային հերոս է, եւ մեծապես նրա ու իր նման հայորդիների շնորհիվ է, որ այսօր մենք ունենք ազատագրված Արցախ եւ անկախ Հայաստան: Այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս իջնել երկնքից եւ չտվայտվել»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.11.2014