Լրահոս
Օրվա լրահոսը

Փոփոխությունների ժամանակը

Նոյեմբեր 05,2014 17:00

Հոկտեմբերի երկու խոշոր հանրահավաքները Ազատության հրապարակում նոր իրավիճակ են ստեղծել Հայաստանում: Սա չընդունել հնարավոր չէ: Հանրահավաքներն իրոք մարդաշատ էին, մենեջմենթի առումով` շատ լավ կազմակերպված, ինչը վճռական գործոն է ցանկացած հաջողության համար: Այդ հանրահավաքներն ազդանշան էին բոլորի համար: Հանրային դժգոհությունները հասել են վտանգավար մակարդակի: Հին մեթոդներով, հին խաղի կանոններով եւ հին իներցիայով կյանքը Հայաստանում այլեւս չի կարող շարունակվել: Ես հասկանում եմ, որ մարդիկ, հանրային ավել կամ պակաս ակտիվությամբ, կարող են լինել տարբեր կուսակցություններում, ճամբարներում, խմբերում, լրատվամիջոցներում, քաղաքագիտական շրջանակներում եւ, կոնյունկտուրայից ելնելով, կարող են տարբեր գնահատականներ տալ, երբեմն` ոչ այնքան անկեղծ, բայց մի բանում կարծես թե լուռ համաձայնություն է ձեւավորվել. ներկա իրավիճակի ռեսուրսները սպառվում են:

Ստեղծվել է շատ պարզ իրավիճակ. ժողովուրդը չի կարողանում ապրել, կյանքը դարձել է չափազանց դժվար: Ապրել` բոլոր առումներով` կենցաղից, կոմունալ վճարներից, գների թանկությունից, տուգանքների չափերից մինչեւ արդարություն եւ զարգանալու հնարավորություն: Այս պայմաններում բնականորեն ձեւավորվեց ոչ իշխանական ուժերի հարթակը: Նրանց ղեկավարները, քաղաքական թիմերը կարող են ունենալ տարբեր հարցերի շուրջ տարբեր, որոշ դեպքերում` նույնիսկ իրարամերժ տեսակետներ, բայց հիմնական հարցում միակարծիք են: Այդ հարթակը ձեւավորվել է ի պատասխան հանրային ահագնացող դժգոհությունների, եւ այդ հարթակը փորձում է լուծումներ առաջարկել: Հարթակի լիդերներից տարբեր օրերի հնչել են լուծումների տարբերակներ` ամենաարմատականներից մինչեւ բանակցային, օրենսդրական փոփոխություններ եւ հրաժարականներ: Եվ իզուր է իշխանական քարոզչամեքենան փորձում առաջարկների այս տարբերության վրա սպեկուլյացիա անել: Առաջարկների եւ հետագա զարգացումների տարբերակների բազմազանությունն է ապահովում խաղաղ, անցնցում, սահուն, անթշնամանք փոփոխությունների հնարավորությունը: Այս ժամանակահատվածում դրա վրա պետք է դողալ եւ ոչ թե այն քարկոծել: Այս պայմաններում չօգտագործել բանակցելու, առաջարկվող տարբերակները քննարկելու` առայժմ առկա հնարավորությունը, պարզապես կարճատեսություն է: Եթե իշխանությունները սա չեն հասկանում, ապա ահազանգում եմ` ժամանակի ընթացքում այդ տարբերակները մեկը մյուսի հետեւից սպառվելու են: Երբ լուծումների տարբերակները կտրուկ նվազում են, իրավիճակը դառնում է չափազանց վտանգավոր, չափազանց անկանխատեսելի եւ չափազանց անցանկալի: Սրանից խուսափել այսօրվա Հայաստանի պայմաններում, ցավոք, կարող է հնարավոր չլինել:

Այդ պայմաններում, երբ ակնհայտ են հանրային դժգոհությունները՝ մի կողմից, եւ քաղաքական հարթակի մի շարք լուծումներ առաջարկող տարբերակները՝ մյուս կողմից, իշխանությունները պարտավոր են արձագանքել: Իշխանությունները պարտավոր են առաջարկել (բացառապես հրապարակային եղանակով, ոչ թե կուլիսային) իրենց լուծումները, իրավիճակից դուրս գալու իրենց տարբերակները: Այդպես է լինում բոլոր երկրներում` Եվրոպայից մինչեւ Բուրկինա Ֆասո: Մեզ մոտ այս պահի դրությամբ իշխանությունը չի առաջարկում որեւէ ռացիոնալ ծրագիր: Երբ իշխանական քարոզչամեքենան գիշեր-ցերեկ ազդարարում է, թե` ոչ իշխանական ուժերը չեն առաջարկում ճանապարհային քարտեզ, մենք կոշտ հակադարձում ենք` այդ հարցը պետք է ուղղել իշխանություններին: Պատմական այս փուլում նրանցն են իշխանական լծակները եւ հետեւաբար` պատմական պատասխանատվությունը: Իշխանության առաջին, երկրորդ եւ երրորդ դեմքերը լռում են: Իշխանության թեւերը` գործադիր եւ օրենսդիր, որոնք միակուսակցականացված են, լռում են: Լռում է նույնիսկ եկեղեցին: Երբ հանրային լարվածությունը հասնում էր վտանգավոր չափերի, թե վրաց եկեղեցին, թե ուկրաինական հոգեւոր առաջնորդները մի կողմ չեն քաշվել, այլ գիշեր-ցերեկ փորձել են ունենալ բարերար ազդեցություն: Ցավոք, մենք սովորել ենք Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդների կրավորական եւ դիտորդական առաքելությանը: Ցավոք:

Օդում կախված միակ կիսահետաձգված առաջարկը վերաբերում է սահմանադրական փոփոխություններով կառավարման խորհրդարանական մոդելին անցնելուն, որի հիմքում, գիտենք, անթաքույց դրված է իշխող քաղաքական էլիտայի վերարտադրման գաղափարը: Պետք է հստակ արձանագրվի` այս գաղափարն ամենավտանգավոր ու փակուղային առաջարկն է: Օր առաջ սրանից հրաժարումը ոչ մեկի պարտությունը չի լինի, այլ կգնահատվի որպես ծանրակշիռ քայլ` ուղղված հանրային հանդարտությունն ապահովելուն: Դրան կարող են հաջորդել բազմապիսի լուծումներ եւ քայլերի փաթեթ, որը չի լինի որեւէ մեկի արժանապատվության հաշվին, այլ բացառապես ի շահ ժողովրդի:
Հայաստանը խաղալիք չէ` փորձարկումների եւ նեղ անձնական խնդիրներ լուծելու համար: Հայաստանը պետությունն է, որին սպասել ենք շատ երկար, Հայաստանը ունի չլուծված հակամարտություն Ադրբեջանի հետ, Հայաստանում տնտեսության վիճակը վատ է, Հայաստանն ունի արտագաղթի խնդիր: Մյուս կողմից` հայ ժողովուրդն ունի իրական, գործուն պոտենցիալ` սփռված ողջ աշխարհով, մեր մարդիկ իրոք ստեղծող են եւ աշխատասեր, Հայաստանի բոլոր հիմնական քաղաքական ուժերում կան լուրջ, պարկեշտ մարդիկ եւ բարձր պրոֆեսիոնալներ, որոնց շնորհիվ հենց հայկական պետությունը նույնիսկ այսօրվա վատ մենեջմենթի պայմաններում շարունակում է իր կենսագործունեությունը, եւ ովքեր ավելի էֆեկտիվ պետական համակարգի, իրենց առջեւ դրվելիք ավելի գրագետ խնդիրների, ճիշտ պայմանների ու առողջ մթնոլորտի պարագայում կարող են մեծ արդյունավետությամբ աշխատել: Այս պայմաններում չգտնել լուծումներ եւ ժողովրդին չտալ հույսի հնարավորություն, կլինի պատմական սխալ` իր բոլոր հետեւանքներով:
Հայաստանը գտնվում է բացասական սպասումների փուլում: Սա ճնշող մթնոլորտ է, որտեղ տնտեսության եւ ցանկացած այլ ոլորտի զարգացումը բացառված է: Մնում է փոփոխությունների եւ լուծումների ճանապարհը: Ու այս հարցում բոլորը, առանց բացառության, կրում են հավասար պատասխանատվություն:

ՎԱՀԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱԺ ԲՀԿ պատգամավոր

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930