Լրահոս
Օրվա լրահոսը

Երշիկ եվ օրենք

Նոյեմբեր 05,2014 16:30

«Որպեսզի սիրես օրենքն ու երշիկը, պետք է չտեսնես, թե դրանք ինչպես են պատրաստվում»

Օտտո Բիսմարկ

Մինչեւ տարեվերջ մնացել է ընդամենը երկու ամիս: Երշիկագործները հիմա հավանաբար ձեռքերն ընկած ամեն ինչից երշիկ են պատրաստում՝ Ամանորից առաջ եկամտով վաճառելու համար: Կառավարությունն էլ ձեռքերն ընկած ամեն ինչից օրենքներ է պատրաստում՝ Ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար:

Խորհրդարանի աշնանային նստաշրջանին էլ ընդամենը երկու քառօրյա է մնացել: Թե ինչպես են մեր «աշխատասեր ու պարտաճանաչ» խորհրդարանականները հասցնելու հերթական 8 նիստի ընթացքում քննարկել եւ ընդունել երկրի պետական բյուջեի մասին օրենքը, քննարկելու եւ վավերացնելու Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, էլ չեմ ասում իրենց հերթին սպասող մի քանի տասնյակ մյուս օրինագծերը՝ դժվար է պատկերացնել: Այսինքն՝ ինչո՞ւ է դժվար, պարզից էլ պարզ է: Եթե երշիկագործները խախտելով տեխնոլոգիան` բուտուլիզմից երաշխավորելու համար կերակրի աղի ու նատրիումի նիտրիտի խառնուրդ են ավելացնելու եւ առողջության համար վտանգավոր տարբեր գունավորիչներ ու կայունացուցիչներ՝ երշիկը ժամանակին խանութ հասցնելու համար, կառավարությունն էլ արտահերթ նիստեր է հրավիրելու: Իսկ օրենսդիրն էլ խախտելով տեխնոլոգիա՝ հրատապ, առանց երկար-բարակ քննարկելու, ընդունելու է «ժողովրդի առողջության համար վտանգավոր» օրինագծերից, կառավարության կարծիքով, ամենակարեւորները, որ հաջորդ տարի դրանց ուժի մեջ մտնելուց հետո բացահայտեն թերություններն ու սխալները եւ նորից փոփոխությունների փաթեթ ներկայացնեն խորհրդարանին:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի փորձագիտական հանձնախումբը, բնականաբար, մեր երկրում երշիկի արտադրությանը չի անդրադառնում, սակայն Հայաստանի օրինաստեղծ գործունեության որակի առնչությամբ զեկույց է հրապարակել, որով, կարելի է ասել, «անորակ» է գնահատվել պետության օրինաստեղծ գործունեությունը՝ նշելով օրենքների մշակման եւ ընդունման համակարգի խորքային թերությունները: Զեկույցի հեղինակները ահազանգում են, որ Հայաստանում օրենսդրական գործընթացը չափազանց ձեւական բնույթ է կրում, քննարկման եւ ընդունման ժամկետները խիստ սահմանափակ են: Բավարար աշխատանք չի կատարվում օրենսդրական քաղաքականություն եւ ռազմավարություն մշակելու համար, արդյունքում ստացվում է, որ ինչպես երշիկագործներն են շտապում՝ մինչեւ Ամանոր որքան կարելի է շատ անորակ երշիկ արտադրել, այնպես էլ օրենսդիրները սեւեռվում են օրենքները հապշտապ ընդունելու եւ ոչ թե այդ ուղղությամբ ռազմավարություն ընդունելու եւ որակյալ օրենքներ թողարկելու վրա: Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի երշիկեղենի վերաբերյալ բավարար տեղեկություն չունեմ, բայց զեկույցի հեղինակներն օրենսդրական շինարարության իրենց գնահատականները հիմնավորում են Միացյալ Թագավորության եւ Շվեդիայի օրինակներով, որտեղ մեկ օրինագիծը սովորաբար ավարտին է հասցվում 18 ամսվա կամ 2-3 տարվա ընթացքում: Այնինչ Հայաստանում օրինագծերը 6-7 ամսվա ընթացքում են մշակվում, փորձաքննության ենթարկվում եւ ուղարկվում խորհրդարան: Իսկ օրենքի փոփոխություններն այդ ճանապարհը երբեմն ավելի կարճ ժամանակում են անցնում:

Վատորակ երշիկը կարող է հանգեցնել քաղցկեղի եւ արթրիտի, աղիքների եւ ստամոքսի խոցերի, հեպատիտի եւ այլ ծանր հիվանդությունների: Անորակ օրենքներն էլ ավելի ծանր հետեւանք կարող են ունենալ: Ի վերջո՝ երշիկից ընդհանրապես հրաժարվել կարելի է, իսկ օրենքից խուսափել չենք կարող: Քաղաքակիրթ երկրներում լուրջ ուշադրություն են դարձնում երշիկների փորձաքննությանը: Այդ նույն քաղաքակիրթ երկրներում միայն օրինագծերը փորձաքննության ենթարկող վարչությունում ավելի շատ մարդ է աշխատում, քան մեր ողջ արդարադատության նախարարությունում: Արդյոք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի այս ծավալուն զեկույցն ու առաջարկությունները հնարավոր կլինի՞ կիրառել՝ նկատի ունենալով, որ շատ շուտով մեծ ոգեւորությամբ կինտեգրվենք Եվրասիական տնտեսական միությանը, որի անդամ երկրներում երշիկների ու օրենքների արտադրության վիճակը գրեթե նույնն է, ինչ մեզ մոտ:

ԿԱՐԻՆԵ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930