Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սգո ծառայությունները քաղաքացիների համբերության բաժակը լցրել են

Նոյեմբեր 05,2014 16:00

Թաղումների հետ կապ չունեն, բայց հանգուցյալների հարազատների հետ հավասար հոգեհանգստի ու թաղումների են մասնակցում

Մայրաքաղաքով մեկ սգո ծառայությունների առկայությունը բնակիչների համբերության բաժակը լցրել է: Երեւանում կան փողոցներ, որտեղ տեղակայված սգո սրահների պատճառով գրեթե ամեն օր հոգեհանգստի արարողություններ են ու թաղման թափոր է անցնում: Մեծից փոքր ստիպված են լինում ականատես լինել այդ տխուր արարողություններին ու լսել թաղման երաժշտությունը: Բակերը ծանրաբեռնվում են այդ արարողություններին մասնակցելու եկած ավտոմեքենաներով՝ երեխաների համար ստեղծելով վտանգավոր իրավիճակ եւ զրկելով նրանց խաղալու տարածքներից: Որոշ տնտեսվարողների համար եկամտաբեր դարձած այս բիզնեսը գնալով ծավալվում է եւ ծաղկում՝ բնակելի տարածքները վերածելով սգո վայրերի:

Երեկ էլ «Առավոտի» խմբագրություն էին դիմել Վերին Պտղնիի մերձակայքում՝ «Բոյինի» կոչվող թաղամասի թիվ 7 հասցեում աշխատող մի քանի առեւտրի օբյեկտների տնտեսվարողներ՝ դժգոհելով հարեւանությամբ գործող սգո ծառայությունից:
Առեւտրի օբյեկտների սեփականատերերը բողոք են գրել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին: Նրանց խոսքերով՝ հարեւանությամբ գործող սգո ծառայության աշխատանքները հոգեհանգստի եւ թաղման օրերին խանգարում են կազմակերպությունների աշխատանքին, պատճառում ֆինանսական վնասներ: «Սգո ծառայության կողքին գտնվող կազմակերպությունները աշխատում են առավոտյան ժամը 9։30-ից մինչեւ ժամը 18։00-ը։ Սակայն սգո ծառայության առաջացրած խոչընդոտների պատճառով ժամը 11։00-ից մինչեւ ժամը 14։00-ն ընդհանրապես աշխատել չի լինում։ Ավտոմեքենաները փակում են ճանապարհը, եւ քաղաքացիները չեն կարողանում մտնել հարակից կազմակերպություններ։

Sgo_obyekt-2

Ավտոմեքենաները կայանելու տեղ չի լինում։ Երբ սկսվում է հոգեհանգիստը, ժամը 16։00-ից մինչեւ ուշ գիշեր նորից սկսվում են սույն խոչընդոտները։ Փաստորեն ամեն օր նույն վիճակն է, կազմակերպությունները աշխատում են միայն վնասով՝ կամ մենք պետք է փակենք մեր դռները եւ չաշխատենք, կամ էլ պետք է հարցին ճիշտ լուծում տրվի։ Ստեղծվում է վթարային վիճակ ծանրաբեռնված Սեւան մայրուղում, որը պատճառ հանդիսացավ այս տարվա հոկտեմբերի 27-ի երեկոյան ժամը 19։40-ին խոշոր ավտովթարի. բենզատար ավտոմեքենան հարվածեց թաղման արարողությանը ներկա գտնվող մի շարք ավտոմեքենաների, որոնք կայանել էին երթեւեկության  կանոնների կոպիտ խախտումով՝ երկրորդ-երրորդ շարք: Վթարի հետեւանքով վնասվել են տասնյակ մեքենաներ, եւ մարդիկ տարբեր աստիճանների վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մենք վստահ ենք, որ այս պատահարը տեղի չէր ունենա, եթե ժամանակին ոստիկանությունը արձագանքեր այս տարվա սեպտեմբերի 23-ին ոստիկանապետին ուղղված մեր դիմումին: Եթե ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, գյուղապետի տեղակալը, Կոտայքի մարզպետարանի ներկայացուցիչը սկզբունքային մոտեցում ցուցաբերեին, ոչ թե փնտրեին, թե ով է գրել դիմում-խնդրանքը, երբ նամակի բովանդակությունը համապատասխանում է իրականությանը։ Այս խնդրանքը հրատապ լուծում է պահանջում:

Խնդրում ենք դադարեցնել նման ծառայության գործունեությունը եւ տեղափոխել գերեզմանատների հարեւանությամբ, այլ ոչ թե հանգուցյալին Կոտայքի մարզի գյուղերից բերել կենտրոնական մայրուղում հոգեհանգիստ կազմակերպել՝ ցուցադրաբար»,- իրավիճակը ներկայացնում են առեւտրականները։

«Առավոտ»-ին ուղղված նամակի տակ ստորագրել են շրջապատի առեւտրական կազմակերպությունները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Արա says:

    Երթեւեկության կոպիտ կանոնները որո՞նք են…

  2. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Շնորհակալություն, ուղղեցինք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930