Լրահոս
Օրվա լրահոսը

Թրաֆիքինգի գործով

Նոյեմբեր 05,2014 15:00

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին

Մեծարգո պարոն, դիմում եմ բաց նամակով, քանի որ Ձեր ենթակաների կողմից քննության է առնվում ոչ Ձեր որդեգրած սկզբունքների համաձայն եւ համոզված եմ, որ բերված բողոքներիս եւ միջնորդությունների մասին Դուք կմնաք անտեղյակ: Կներեք արտահայտածս մտքի համար, եթե Դուք այն չեք կիսում, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ ՀՀ դատախազության կողմից դրսեւորվում են մեծամտության հատկանիշներ, ինչն այդ կառույցում նոր երեւույթ է:

Ձեր ելույթներից եւ սոց. կայքերում կատարված գրառումներից տպավորություն է ստեղծվել, որ համաձայն դատախազության դրսեւորած նոր դիրքորոշման, ոչ ոք չպետք է դատապարտվի՝ առանց նրա մեղքը պատշաճ իրավական ընթացակարգով կատարված քննությամբ արժանահավատ ապացույցներով հաստատվելու, նույնիսկ հայտարարել եք, որ ավելի լավ է բազմաթիվ գործեր մնան չբացահայտված, քան մեկ անմեղ մարդ դատապարտվի: Մինչդեռ առնչվելով դատախազության գործելաոճին՝ այդ տպավորությունը չեմ ստանում: Բերեմ մեկ օրինակ. ՀՀ Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Տ. Կիրակոսյանի վարույթում քննվող թիվ 69108408 քրեական գործով իմ պաշտպանյալ Հերիքնազ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ իբրեւ նա բնակվելով Միացյալ Արաբական Էմիրությունների Դուբայ քաղաքում, համագործակցելով այնտեղ բնակվող Նելլի Ներսիսյանի եւ ՀՀ ում բնակվող քրոջ՝ Բավական Խաչատրյանի հետ, զբաղվել են մարդու թրաֆիքինգի՝ շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելով, տեղափոխելու, փոխանցելու, թաքցնելու, ստանալու, ինչպես նաեւ սեռական պոռնկության շահագործման մեջ դնելու համար, մասնավորապես՝ Հերիքնազ Խաչատրյանին մեղսագրվել է կանանց հավաքագրելու, թաքցնելու, փոխանցելու գործողություններ:

Որպես քաղաքացի, նաեւ փաստաբան, գտնում եմ, որ այդ կարգի հանցագործություններ կատարողը պետք է ստանա արժանի պատիժ, այն դեպքում, երբ պատշաճ իրավական ընթացակարգով կատարված քննությամբ ձեռք բերված ապացույցներով կհաստատվի կատարված հանցանքը: Մինչդեռ հավատացնում եմ, որ իմ պաշտպանյալ Հ. Խաչատրյանի պարագայում առաջադրված մեղադրանքը հաստատված համարելու ուղղությամբ արժանահավատ ապացույցներ ձեռք չեն բերվել: Նրան մեղսագրված հանցանքը չար հորինվածք է: Առաջադրված մեղադրանքի հիմքում դրվել են այնպիսի ապացույցներ, որոնց ճշմարտացիությունը գնահատելու համար պետք չէ լինել մասնագետ, որպեսզի հասկանան, որ դրանք արժանահավատ լինել չեն կարող, մասնավորապես՝
ա. Որ նա իբրեւ կանանց հավաքագրման պահին արտասահմանից հեռախոսազրույց է ունեցել քրոջ՝ Բավական Խաչատրյանի, եւ նրա կողմից հավաքագրված կանանց՝ Ելենա Նիկողոսյանի եւ Աննա Ավդալյանի հետ:

բ. Որ նա իբրեւ Դուբայ քաղաքից երկիր մուտք գործելու թույլտվություն (վիզա) է ուղարկել Էմիրություններ մեկնող՝ հավաքագրված Ելենա Նիկողոսյանի եւ Աննա Ավդալյանի համար:
գ. Որ նա իբրեւ խաբել է, թե բնակվում եւ աշխատում է ԱՄՆ-ում:

Զավեշտն այն է, որ ըստ վարույթն իրականացնողի դատողության, Հերմինե Խաչատրյանը հավաքագրված երկու կնոջ հետ չի հանդիպել, սակայն կանանց հավաքագրել է հեռախոսազանգով, նրանց հետ մի քանի վայրկյան խոսելու ընթացքում: Ինչ վերաբերում է որոշման մեջ հիշատակվող կանանց, ում հավաքագրմանը օժանդակել է, ընդհանուր առմամբ չի ճանաչել: Զարմանալի է նաեւ այն, որ քննիչը մեղադրանք առաջադրելով՝ չի պարզել, թե հեռախոսազրույցի մասնակիցը Հ. Խաչատրյանն է եղել, թե մեկ ուրիշը կամ Դուբայ քաղաքում բնակվելու ընթացքում նա հեռախոս ունեցել է, թե՝ ոչ եւ այլն: Այսինքն՝ ամենապրիմիտիվ հարցերը, որոնք ենթակա են պարզաբանման:

Մեծարգո գլխավոր դատախազ, Ձեզ դիմելու հիմնական պատճառն այն է, որ վարույթի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի թույլտվությամբ, հավանական է նաեւ պահանջով, քննիչը հրաժարվել է նախաքննություն կատարել մեր բազմաթիվ միջնորդություններով առաջադրված հարցերի շուրջ, մասնավորապես, Բավական Խաչատրյանը նախաքննության ընթացքում ցուցմունք է տվել, թե կանանց հավաքագրմանը մասնակից է եղել քույրը՝ Հերիքնազ Խաչատրյանը: Վերջինի մասնակցությունը պայմանավորված է եղել վերոգրյալ կետերում հիշատակվող գործողություններով: Հետագայում նախաքննության եւ ապա դատական քննությունների ընթացքում հայտարարել է, թե քույրն առնչություն չի ունեցել կանանց հավաքագրման հետ, մինչդեռ դատարանը դատավճիռ կայացնելիս գնահատել է նրա առաջին ցուցմունքը, իսկ Հ. Խաչատրյանի մասնակցության հարցում վերաբերմունք չի դրսեւորել:

Ի դեպ, առաջին ցուցմունքը տալուց նա ունեցել է մարմնական վնասվածքներ: Թե ինչ հանգամանքներում է նա ոստիկանության շենքում ստացել դրանք, մեզ անհայտ է:
Իմ պաշտպանյալ Հերիքնազ Խաչատրյանը պնդել է եւ շարունակել է պնդել, որ քրոջ գործունեությանը մասնակցություն չի ունեցել: Բնակվել է Դուբայ քաղաքում, ծառայել է մի տանը, մարմնավաճառությամբ չի զբաղվել, մարմնավաճառների խմբի առաջնորդին չի ճանաչում: Այսինքն, երկու քույրերի ցուցմունքներում, ի դեպ, առաջին քրոջ մեկ նախաքննական ցուցմունքում, ստեղծվել է հակասություն, իմ պաշտպանյալի մասնակցության շուրջ գոյացել է չփարատված կասկած եւ ենթակա է պարզաբանման՝ համաձայն ՀՀ քր. դատ. օր. 18 հոդվածի: Քրեական գործի օբյեկտիվությունը, լրիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու, կասկածը փարատելու, ցուցմունքներում գոյացած հակասությունը վերացնելու նպատակով՝ մեր կողմից բազմաթիվ միջնորդություններ են բերվել եւ քննիչին, եւ դատախազին՝ միջնորդելով հարցաքննել Բավական Խաչատրյանին եւ առերես հարցաքննել Հ. Խաչատրյանի հետ, ինչպես նաեւ հարցաքննել քաղաքացուն, ում տանը բնակվել եւ ծառայել է Հ. Խաչատրյանը՝ հայտնելով նրա հասցեն: Հայտնեմ, որ Դուբայում բնակվող, Գերմանիայի քաղաքացին պատրաստակամ է գալ Հայաստան եւ ցուցմունքներ տալ: Սակայն մեր միջնորդություններն այս խնդիրների շուրջ մնացել են անարձագանք: Քննիչը մեր միջնորդությունները մերժելու կամ մասնակի մերժելու մասին որոշում չի կայացրել, համենայնդեպս՝ մեզ չի ուղարկել, այդ պատճառով 30.10.2014թ. բողոք է բերվել դատախազին, մինչդեռ ի զարմանս բոլորի, հաջորդ օրը քննիչը դատարանում պաշտպանական կողմին է ներկայացնում իր գրությունը, իբրեւ դատախազն իրեն հանձնարարել է մեզ պատասխանել, թե բողոքը մերժվել է:

Նույն օրը մեզ հայտնի դարձավ վարույթն իրականացնող մարմնի մարտավարությունը, ինչը խիստ զայրացուցիչ է: Փաստորեն, մեր միջնորդություններին չարձագանքելով՝ քննիչը ցանկանում է քրեական գործի նախաքննությունն ավարտել՝ առանց բերված միջնորդությունների շուրջ քննություն կատարելու եւ գործն ուղարկել դատարան եւ այդ եղանակով ազատվել գործից: Նրա գործողությունները, մեր կարծիքով, պայմանավորված են դատախազի պահանջով, նկատի ունենալով, որ մեր բողոքին գրավոր չպատասխանելով՝ դատախազը փորձում է արհեստական խոչընդոտ ստեղծել, որպեսզի մենք հնարավորություն չունենանք բողոք բերել քննիչի գործողությունների դեմ:

Մեծարգո գլխավոր դատախազ, ինչպես պետք է գնահատել երևույթը, մի՞թե այն մեծամտության դրսևորում չէ: Մի՞թե այն օրենքի կոպիտ խախտում չէ, մի՞թե դատախազը կոչված չէ պահանջելու ղեկավարվել օրնքով և պահանջել ձեռնարկելու օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար պարզել կասկածյալի կամ մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես ել նրան արդարացնող, ինչպես նաեւ նրա մեղավորությունը մեղմացնող հանգամանքները:

Մեծարգո գլխավոր դատախազ, խնդրում եմ Ձեր միջամտությունը գործի արդարացի լուծման համար: Խնդրում եմ մնաք Ձեր որդեգրած սկզբունքին և թույլ չտաք դատապարտելու անմեղ կնոջը, ով սոցիալական վիճակից դրդված՝ հասել է օտարին ծառայելու աստիճանի, եթե արտասահմանում խնամել է ուրիշի ընտանիքը, դա չի նշանակում, որ մենք անխնա պետք է դատապարտենք այդ զբաղմունքի կանանց, հանուն ինչ-որ ցուցանիշի:

Իմ պաշտպանյալն ապավինում է ողորմածություն՝ օրենքի շրջանում նրա գործի արդարացի լուծման համար:

Հրանտ Գևորգյան
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930