Լրահոս
Օրվա լրահոսը

Օրագիր իմ եւ բոլորի համար. Ինչպես հոգին՝ խոստովանության պահին

Նոյեմբեր 05,2014 14:30

Զուլալ, թափանցիկ աշուն է, ինչպես հոգին՝ խոստովանության պահին։ Նաիրյան վերջին պոետի այս հրաշք պատկերը, անշշուկ ու մեղմ, մանկության խաղաղ հեքիաթի նման, ահա ամեն աշուն այցելում է ինձ, բռնում է ձեռքս ու տանում հուշերիս ոսկեղենիկ տաճարներից ներս, ուր ամեն ինչ նույնն է մնացել, սրճարանը, լիճը՝ պաղ ու զրնգուն, արեւի անկյանք շողերին հանձնված, ուռենու հանդարտ տերեւները՝ լճի օրորվող մակերեսին։ Ու մեր անցնող կյանքի ոսկեղեն հեքիաթը, որ ամեն աշուն պատմել ենք այս ջրին։ Սրճարանը հիմա էլ կա, պարուրված աշնան տաք, անբարբառ թախիծով։ Չկանք միայն մենք, մեր ոգեւորված սրտի տիեզերական երջանկությունը, որ սրճարանը դարձնում էր ոգի, դարձնում գաղափար, ուր գալիս էինք սովորելու մեր կյանքի համալսարանը, պարզելու դարերով մեր գլխին կախված հարցերի հարցը՝ որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Սոսկալի տխուր է այս անջատումը։

Բայց ես սիրում եմ իմ կյանքի ներկան, ընկերներիս կարոտում եմ առաջվա սիրով։ Հիշողությունս, սակայն, շղթայված է մնացել մեր հին «Առագաստին», մեր լուսավոր երազանքներին, իրար ու երկրին տված մեր խոստումներին։ Երբ ջահել էինք, ու Արարատի անունով երդվել էինք սովորում։ Փորձում էինք ապրել նաիրյան վերջին պոետի բարձր տառապանքով, ում սիրտը հազարավոր կիլոմետրեր հեռու էր իրենից ու Երկրին էր պատկանում։ Ով այն կիսամեռ տարիներին լծվել էր հոգեւոր Հայաստանի ու ազգային իդեալի ստեղծման «ծանր ու վշտալի, բայց ազնիվ» գործին։ «Մեր Հայրենիքի ոգին է մեռնում, իսկ մարդիկ կարծում են, թե նրան դեռ կարելի է կենդանացնել…»։ Մենք անգիր գիտեինք «Հոգեւոր Հայաստանը» ու արդեն գինով, պատրաստ էինք լաց լինել, որ «Հայրենիքի ցավը մեզ էլ է մաշել, ջլատել, այնքան, որ մենք անկարող ենք ուրիշ բան հասկանալու կամ անելու», ինչպես նաիրյան վերջին պոետի հոգին։ Բոլորս էինք երդվում. անկախ Հայաստանի ապագա տերերն ու պատերազմի վսեմ զինվորները նույնպես։ Մտածել չկար, պատերազմն ու պայքարը շատ հեռու էր սրճարանից ու մեզնից, ու մենք աջուձախ երդում էինք տալիս։

Երբ համայնական կյանքի խոփը քարին դիպավ, մեր հեղափոխական ոգին սրճարանի բացօթյա տարածքից ծավալվեց դեպի Ազատության հրապարակ, անկեղծ զինվորը գնաց կռիվ, երկրի ապագա տերերը՝ բովանդակ մտավորականներ, սրճարանից տեղափոխվեցին արքայական պալատներ։ Իսկ ավեր ու ավար մեր հոգեւոր Հայրենիքը մոռացվեց ու մնաց անկեղծ կեղծավորությամբ արած մեր երդումների, իրար ու երկրին տված մեր խոստումների ծանր փլատակների տակ։ Շատ ավելի ուշ, երբ եկվոր հացկատակը թքեց մեր նվիրական երազանքներին, անմեղի արյուն հեղեց մեր սրբատեղիում ու անպատիժ մնաց, մենք զարմանքով հայտնաբերեցինք, որ նաիրյան վերջին պոետի բարձր տառապանքը բոլորովին էլ չէր այրել մեր հոգին, ու մեր սիրտը, ավաղ, ոչ թե Երկրին, այլ մեզ էր միայն պատկանում։ Որ սանձարձակ ոգեւորությամբ տրեխները սրճարանի գարշահոտ զուգարանում թողած երկրի ապագա տերերը, արքայական պալատներ կմտնեն իբրեւ գառներ, բայց կկառավարեն իբրեւ անկուշտ, արյունն աչքներին առած սովամահ գայլեր։ Երբ բացվեցին մեր հոգու աչքերը ու մենք նայեցինք մեր սրտի մեջ, մենք պարզապես հասկացանք, որ ընդամենը ապրել էինք մեր հորինած հեքիաթի մեջ, ինչը ամեն աշուն պատմել էինք լճին։ Հասկացանք, մենք հեռացել էինք ինքներս մեզնից ու վատնել էինք մեր հոգու բոլոր գանձերը։

«Իմ հոգու նման այրվում է իմ երկիրը՝ իմ Նաիրին…չէ՞ որ ամեն հայ մտավորականի, ամեն մի հայ մարդու համար այդ հարցը մի սրբազան ավանդ է դարձել, նվիրական մի տվայտանք, ամեն մի հայ մարդու առջեւ ծառացել է իր եղերական, արյունաներկ պատկերով»։

Պարզ, թափանցիկ աշուն է, ինչպես հոգին՝ խոստովանության պահին։
Նստել եմ մեզնից դատարկված մեր սրբավայրում ու առաջվա պես սիրտս մարում է ընկերներիս սպասելիս։ Նստել եմ, ու նաիրյան վերջին պոետի բարձր տառապանքի քարաղն ուսերիս, ես փորձում եմ լճի խորքերից դուրս հանել, տարիների տիղմից ազատել մեր լուսավոր երազանքները, իրար ու երկրին տված մեր խոստումները։
Որտե՞ղ սխալվեցինք։

Ինչո՞ւ այսքան գաճաճ գտնվեցինք նաիրյան վերջին պոետի ազնվական զոհաբերության առաջ, ում հոգին այրվում էր իր երկրի նման։

Ինչո՞ւ մեր Հայրենիքի ցավը հիմա մեզ այնպես չի մաշում, ջլատում, կեղեքում, ինչպես այն տարիներին էր, երբ Արարատի պատկերով երդվել էինք սովորում։

Այս ինչ համերաշխ լռություն է՝ «մեր ավերվող ու անդարձ հեռացող Հայրենիքի, մեր կիսամեռ ու անհետացող հոգեւոր Հայաստանի հանդեպ»։

Դուք, որ սովորեցրեցիք սիրել Հայրենիքս ու ձեզ, այնպես, որ ամենակեր ժամանակն անգամ չի ավերել իմ հոգին։

Դուք, որ հեռացել եք հիմա եւ ով գիտե՝ մի նեղ ու անշունչ շրջանակի մեջ, կամ գուցե հենց այս աշնանն ու քամուն անկեղծ կեղծավորությամբ նորից եք պատմում մեր նոր կյանքի նոր ու նորացված առասպելը…

Նախ «քննեցեք, քննեցեք ձեր սիրտը, եւ նայեցեք, թե կա՞, արդյոք, այնտեղ հավատ, որով պետք է կենդանանա մեր հոգեւոր Հայաստանը, եթե չկա, ապա զուր են ձեր ջանքերը ապագա Հայաստանի համար…»։ Ու զուր են մեր հին ու նոր երդումները։ Նստել եմ մեզնից դատարկված մեր սրբավայրում ու մտորում եմ «աշնան հմայքի ու անցյալի մասին, որը տխուր, տխուր երգի է նման»։ Փողոցների ամայի թախիծը աշնան բերանն ընկած տերեւի պես թռցնում, տանում է իմ հուշերի ոսկեղեն հեքիաթը, որը կարծես սպառվել է արդեն, ու անցյալը ետ բերող չկա։

Զուլալ, թափանցիկ աշուն է, ինչպես հոգին՝ խոստովանության պահին։

ՇՈՒՇԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ

Պրահա

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930