Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայր եւ որդի բացարձակ չենք բանավիճում»

Նոյեմբեր 05,2014 14:00

ֆլեյտահար Արման Աբրահամյանը ստեղծագործական
առումով հաշտ է գեղանկարիչ Դավիթ Աբրահամյանի հետ

Հայր եւ որդի Աբրահամյանները (լուսանկարում) պահպանում են ստեղծագործական գործունեության ամենաբարձր որակները՝ զսպվածություն, համեստություն եւ ազատություն: Այս միտքը մշտապես հնչում է մասնագետների շրջանում, երբ խոսքը վերաբերում է գեղանկարիչ Դավիթ Աբրահամյանին եւ նրա որդուն՝ երաժիշտ Արմանին:

«Առավոտը» ֆլեյտահար Արման Աբրահամյանին հանդիպեց հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կազմակերպած՝ Հայ ժամանակակից երաժշտության փառատոնի համերգներից մեկում՝ կվարտետի կազմում: Հնչեց Անահիտ Կոստանյանի ձայնի եւ փողային կվարտետի համար գրված ստեղծագործությունը (մենակատար՝ սոպրանո Լուսինե Մակարյան), իսկ հայր Աբրահամյանի կտավների վերջին ցուցադրությունը կայացել է Շուշիում, հոկտեմբերի 15-23-ը: ՀՀ եւ ԽՍՀՄ նկարիչների միության անդամ Աբրահամյանը, որը նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստի գործիչների միության անդամ է, ցուցադրությունների պակաս միանշանակ չունի. նրա ռեալիստական-իմպրեսիոնիստական աշխատանքները, սկսած 1978թ., շրջել են աշխարհով մեկ, ներկայացել գերմանացի, չեխ, ֆրանսիացի, ճապոնացի, հույն, նորվեգացի, ռուս, ամերիկացի, իտալացի եւ այլ ազգի արվեստասեր հասարակայնությանը: Բազմաթիվ գործեր էլ հանգրվանել են անհատական հավաքածուներում, այդ թվում՝ Երեւանից մինչեւ Փարիզ, Վիեննա, Նյու Յորք, Լոնդոն, Լիսաբոն, Դետրոյթ, Լայպցիգ եւ այլն:

Արվեստասեր լայն շրջանակներին գուցե հայտնի չէ, որ Դավիթ Աբրահամյանի որդին՝ ֆլեյտահար Արմանը, ոչ միայն բարձրակարգ երաժիշտ է, այլեւ նկարիչ: Մեզ հետ զրույցում Արման Աբրահամյանն ասաց, որ թեեւ անհատական ցուցահանդես չի ունեցել, բայց բազմիցս մասնակցել է ՀՀ նկարիչների միությունում անցկացվող խմբակային ցուցադրություններին:

Նա նաեւ 2001թ. հանդիսանում է Էդ. Թոփչյանի ղեկավարած Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահար, հենց այդ նույն թվականին էլ, դարձյալ Թոփչյանի ղեկավարած «Սերենադ» նվագախմբի կազմում կայացել է երաժշտի առաջին արտերկրյա ուղեւորությունը Գերմանիա: Հետագայում ֆիլհարմոնիկի կազմում ելույթներ է ունեցել Ավստրիայում, Սլովակիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում եւ այլուր:

Ֆլեյտահարին հաճախ ենք հանդիպում կամերային անսամբլների կազմում: Ընդ որում, արտերկրից Հայաստան հյուրախաղորդ հռչակավոր շատ երաժիշտներ մեզ հետ զրույցում մշտապես կարեւորել են իրենց գործունեությունը կամերային անսամբլներում:

Բացառություն չէ եւ Արմանը: Երաժշտասերները հիշում են 1998թ. իր եւ համախոհների ջանքերով ստեղծված «Ռենեսանս» կվարտետը, որտեղ առաջին անգամ մեր իրականությունում նորարարություն էր մտցվել, այն է՝ առաջին ջութակի փոխարեն հանդես էր գալիս ֆլեյտահարը: Մինչեւ 2004թ. գործունեություն ծավալած «Ռենեսանսը» բազում համերգներով ներկայացել է Հայաստանում, հիմնականում հնչեցնելով Կոմիտաս- Ասլամազյանի, Մոցարտի, Հայդնի, Շոստակովիչի, Բոկկերինիի եւ այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների փոխադրումներ: Հետաքրքրությանը, թե ինչո՞ւ կազմալուծվեց 6-ամյա կվարտետը, Արման Աբրահամյանը պատասխանեց, որ պատճառը մեկն էր. միանգամից 2 երաժիշտ մեկնեցին մշտական ապրելու եւ ստեղծագործելու, մեկը՝ Մեքսիկա, մյուսը՝ ԱՄՆ:

Հարցին, թե այնուամենայնիվ չի՞ ձգում սոլո կարիերան, մեր զրուցակիցը պատասխանեց. «Այսպես թե այնպես, փողային գործիքները, այդ թվում՝ ֆլեյտան, ցանկացած մասշտաբային ստեղծագործություններում ունեն իրենց սոլո պարտիաները: Բացի մեր ֆիլհարմոնիկ նվագախմբից, ժամանակին հանդես եմ եկել Շոտլանդիայի Ավրդին քաղաքում՝ մասնակցելով Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայի ներկայացմանը, 2010-ին Մեծ Բրիտանիայի Բաթհ քաղաքում սիմֆոնիկ նվագախմբի կազմում հանդես եմ եկել անգլիացիների հետ, 2006, թե՞ 2007 թիվն էր, Օհան Դուրյանի ղեկավարությամբ վերջին համերգին դաշնակահար Արեգ Սիմոնյանի հետ մասնակցել եմ կոմպոզիտոր Դուրյանի ֆլեյտայի, դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված ստեղծագործության պրեմիերային: Անցյալ տարի էլ Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ հանդես եկա Բախի Սի մինոր N2 սյուիտի կատարումով եւ այլն»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե հոր եւ որդու միջեւ հաճա՞խ են լինում ստեղծագործական բանավեճեր, Արմանը լրջորեն պատասխանեց. «Բանավեճեր բացարձակ չեն լինում, իսկ խորհուրդներ մշտապես վերցնում եմ հորիցս…»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930