Լրահոս
Օրվա լրահոսը

«Թատերական Լոռին» նվիրված էր Սոս Սարգսյանի հիշատակին

Նոյեմբեր 05,2014 13:30

Մեր հիշողության մեջ դեռ թարմ են Սոս Սարգսյանի մարմնավորած կերպարները` թատրոնում եւ կինոյում, նրա մարդկային ու մտավորականի հազվագյուտ տեսակը:
Այս տարվա «Թատերական Լոռի» հերթական` 22-րդ փառատոնը նվիրված էր մեծանուն դերասանի հիշատակին: Վերջերս էր, որ նշվեց նրա մահվան տարելիցը: Փառատոնի բացումը տեղի ունեցավ Ալավերդի քաղաքի մշակույթի պալատում: Ճեմասրահում Սոս Սարգսյանի մեծադիր լուսանկարն էր, դահլիճում` նրա արվեստի երկրպագուները: Բացման հանդիսավոր արարողությանը ելույթ ունեցան ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Ալավերդու քաղաքապետ Ա. Վարոսյանը, Գյումրիի կոնսուլ Եվգենի Կոնյուշեւը, ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանը եւ Սոս Սարգսյանի այրին` Նելլի Սարգսյանը: Երվանդ Ղազանչյանը Սոս Սարգսյանի անվան մրցանակը շնորհեց Լոռու մարզպետին՝ որպես թատրոնի նվիրյալ:
Քաղաքապետը փաստեց, որ «Թատերական Լոռի» փառատոնը, լինելով միջազգային, դարձել է քաղաքի այցեքարտը:

Այս տարի «Թատերական Լոռին» հանդես եկավ հարուստ ծրագրով. ներկայացումները ցուցադրվեցին Ալավերդի-Վանաձոր-Ստեփանավան-Սպիտակ քաղաքներում, մասնակցեցին Գ. Սունդուկյանի անվ. ազգային, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի, Հ. Թումանյանի անվ. տիկնիկային, Պատանի հանդիսատեսի, Վանաձորի Հ. Աբելյանի անվ., Համազգային, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվ. հայկական, Հայաստանի թատերական գործիչների միության, Ալավերդու քաղաքային թատրոնները, Կոմիտասի անվ. կոնսերվատորիայի՝ Ղազարոս Սարյանի անվ. օպերային ստուդիան, ԼՂՀ Ստեփանակերտի «Վարարակն» օպերային ստուդիան, Երգի պետական թատրոնը: Փառատոնի օրերին անցկացվեց «Ռուսական թատրոնի օրեր», որի ընթացքում ելույթ ունեցան Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնը, Երեւանի «Վիվարտե» թատերախումբը, ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական եւ ՌԴ Չեխովի քաղաքային թատրոնները եւ թատերական այլ նախագծեր:

Թատերականացված ներկայացումից (հեղինակ` Հրաչյա Պապինյան) հետո, ներկաներն առաջինը դիտեցին Սոս Սարգսյանի հիմնադրած Համազգային թատրոնի` մեծանուն դերասանի բեմադրած «Մի բուռ բարություն» ներկայացումը, որն ընդունվեց ջերմությամբ:
Ավանդույթ է դարձել, որ յուրաքանչյուր փառատոն նվիրվում է անվանի դերասանների հիշատակին եւ փառատոնի ընթացքում նշվում բեմարվեստի նվիրյալների հոբելյանական եւ ստեղծագործական երեկոներ, վարպետաց դասեր (բեմարվեստի անվանի գործիչները հանդիպումներ են ունենում Ալավերդի քաղաքի դպրոցներում` պատասխանում աշակերտներին հետաքրքրող հարցերին):

Ալավերդու քաղաքապետարանի թատրոնի գլխավոր ռեժիսոր, «Թատերական Լոռի» փառատոնի երկարամյա տնօրեն եւ ղեկավար Հրաչյա Պապինյանը վերջին տարիներին ընդլայնել է փառատոնի շրջանակները` դարձնելով միջազգային: Նրա ջանքերով հրավիրվեցին ՌԴ Վոլգոգրադի երիտասարդական եւ ՌԴ Չեխովի քաղաքային թատրոնները: Մեծ էր ռուս արվեստագետների հիացմունքն ու տպավորություններն իրենց գործընկերներից, հայի հյուրասեր վերաբերմունքից: Հյուրերը եղան մարզի տեսարժան վայրերում, շնորհակալություն հայտնեցին փառատոնին հրավիրվելու համար եւ ցանկություն հայտնեցին նորից հանդես գալ հաջորդ փառատոնին:

Չեխով քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Կրամարենկոն բեմից հայտարարեց. «Հաջորդ տարի Չեխովյան փառատոնին կհրավիրվի Ալավերդու քաղաքային թատրոնը»: Նա նշեց, որ այս ջերմ վերաբերմունքը փոխադարձ է, որը վերածվել է քույր քաղաքների մտերմության:

Մեր հյուրերին նվերներ եւ մրցանակներ շնորհելուց բացի, Ալավերդու քաղաքապետ Ա. Վարոսյանը ուղերձ հղեց Վոլգոգրադ եւ Չեխով քաղաքների քաղաքապետերին, որ հնարավորություններ են ստեղծել իրենց թատրոններին` մասնակցելու Հայաստանում անցկացվող «Թատերական Լոռի» միջազգային փառատոնին:

Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ Հակոբ Ղազանչյանը պատվոգրեր եւ ՀԹԳՄ ոսկե մեդալ հանձնեց ակտիվ մասնակիցներին:

Փակման թատերականացված հանդիսությունը բեմադրել էր փառատոնի գեղարվեստական ղեկավար, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը, հենց նա էլ վարեց երեկոն եւ հանձնախմբի ընտրած մրցանակները հանձնեց շնորհալիներին: Ելույթ ունեցան Վանաձորի կամերային երգչախումբը, մասնակից թատրոնների դերասանները, հատվածներ խաղացին մրցանակակիրները եւ ուրիշներ:

«Թատերարվեստը ժողովրդին»` այս էր փառատոնի կարգախոսը եւ հիմնական նպատակը:

ՅԱՇԱ ՉԱԽՈՅԱՆ

Լուսանկարը՝ Սոս Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930