Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկության հետ

Նոյեմբեր 05,2014 13:00

Պետության գլխավոր հարստությունը քաղաքացու առողջությունն է, այդ թվում նաեւ` պաշտոնյայի: Բոլոր երկրներում սա իշխանությունների ամենասիրած կարգախոսն է, որը համեմվում է առողջ ապրելակերպը հասարակության լայն շերտերի առօրյայում արմատավորելու անհրաժեշտության մասին հայտարարություններով: Այլ բան է, թե այդ կարգախոսն իրականում ինչպես է կիրառվում: Իդեալական տարբերակը, իհարկե, անձնական օրինակն է:

Premier2

Հինգ տարի առաջ Հայաստանում մեկնարկեց ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկությունը, որին մասնակցում էին պետական կառավարման մարմինների թիմերը: Յուրաքանչյուր տարի, հաշվի առնելով նախորդ տարվա փորձը, կազմկոմիտեն մրցաշարի հիմնական կազմակերպիչ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի ղեկավարությամբ կատարելագործում էր մրցումների անցկացման կարգը` մասնակից թիմերի համար ապահովելով մեկնարկային եւ մրցակցային առավելագույն հավասար պայմաններ, բացառելով կամ նվազագույնի հասցնելով հնարավոր պատահականությունների գործոնը: Իսկ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տրամադրում էր խաղադաշտերը, գույքը, ապահովում մրցավարական սպասարկումը:
«ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկությունն արագ տարածում գտավ պաշտոնյաների շրջանում: Մրցաշարին մասնակցում էին պետական կառավարման մարմինների` նախարարությունների ու կառավարությանն առընթեր պետական կոմիտեների մեկուկես տասնյակից ավելի թիմեր, որոնց միջեւ, սկսած նախնական փուլից, իսկապես դիտարժան ու անզիջում պայքար էր ընթանում: Իսկ երրորդ տեղի համար եւ եզրափակիչ հանդիպումները վերածվում էին իսկական տոնակատարության, որոնց ներկա էին գտնվում պետական կառավարման տվյալ մարմինների առաջին դեմքերը:

«Առավոտը» մշտապես լուսաբանել է այդ մրցումները ու առավել կազմակերպված ու հաջող հանդես եկող թիմերից տեղեկացել, որ ֆուտբոլը եւ առողջ ապրելակերպը, շնորհիվ այս մրցաշարի, մտել են իրենց առօրյա կյանք ու շատերն սկսել են գրեթե ամբողջ տարի պարբերաբար մարզվել: Ավելին, տեսնելով, որ մրցաշարն արդեն կայացել է, կազմկոմիտեն մտադրվել էր աշխատել այս տարվանից «Վարչապետի գավաթի» խաղարկություն ներգրավելու նպատակով նաեւ տեղական ինքնակառավարման մարմինների` մարզպետարանների եւ քաղաքապետարանների թիմեր կազմակերպելու ուղղությամբ, ինչն ավելի ընդգրկուն եւ ամբողջական կդարձներ ծրագիրը:

Բայց այս տարի, ինչպես երեւում է, «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկություն չի լինելու: Սովորաբար, նախնական փուլի մրցումներն անցկացվում էին սեպտեմբեր-հոկտեմբերին, իսկ եզրափակիչները` նոյեմբերին, քանի դեռ եղանակային պայմանները չէին վատացել: Հիմա արդեն նոյեմբեր ամիսն է, բայց այս ուղղությամբ ոչ մի աշխուժություն չի նկատվում:
Հետաքրքիր է, այս տարի մրցաշարը կանցկացվի՞: Գուցե ժամկետները մի փոքր հետաձգվե՞լ են: Թե՞ արդեն կարելի է ֆուտբոլի «ՀՀ վարչապետի գավաթի» խաղարկությունը պատմության գիրկն անցած համարել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930