Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բարձրացանք Լեւոնի ամրոց

Նոյեմբեր 05,2014 12:30

Լրագրողները եղան Դաշտային Կիլիկիայում

«Առավոտի» ընթերցողները տեղյակ են, որ մասնակցում էինք «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի եւ Եվրամիության ֆինանսական աջակցությամբ կազմակերպված հայ եւ թուրք լրագրողների ու բլոգերների համար նախատեսված՝ Թուրքիայի եւ Հայաստանի մի շարք քաղաքներով երկշաբաթյա ուղեւորությանը:
Թուրքիայում ավտոբուսը կանգառեց նաեւ Դաշտային Կիլիկիայում գտնվող Լեւոնի կամ Օձերի բերդի մոտ: Հայ լրագրողները Թուրքիայի իրենց գործընկերների հետ անցան քարերն ու խորդուբորդ ճանապահը, աչքերը դեպի վեր՝ բարձրացան ամրոց: Նախկին տեսքը պահպանած հայկական բերդի մասին մեր եւ թուրք գործընկերների տեղեկատվությունը տարբերվում էր: «Օձերի բերդ» (Յիլան Կալե) էին նրանք անվանում իրենց առջեւ կանգնած բերդը, իսկ մենք վերհիշում էինք Կիլիկյան թագավորության հզորագույն արքա Լեւոն Բ-ին, մեկ նայում վեր՝ նրա թագավորության շրջանում կառուցված բերդին՝ ցավով նկատելով վրան ծածանվող թուրքական դրոշը, մեկ հայացք գցում ներքեւ, որտեղ ծավալվում էր Դաշտային Կիլիկիան. ասում են՝ այս բերդից են թագավորները հսկել Մետաքսի ճանապարհը: Ըստ պատմական որոշ աղբյուրների՝ Լեւոն Բ-ն բերդը կառուցել էր իր համար որպես ամառանոց, որտեղ գալիս էր հանգստանալու եւ ժամանակ անցկացնելու:
«Օձերի ամրոց» անվանակոչման մասին էլ մի քանի առասպելական բացատրություններ կան. ըստ դրանցից մեկի՝ այստեղ է ապրել վիշապաձեւ օձը, ըստ մեկ այլ վարկածի՝ թշնամու կողմից բերդի վրա հարձակման ժամանակ այստեղից դուրս են եկել օձեր եւ պաշտպանել ամրոցը:

turk-2

 

Լեւոնի բերդից իջնելը ֆիզիկապես հեշտ էր մեզ համար, հոգեպես՝ դժվար: Հայ լրագրողների շուրթերից երբեմն լսելի էր «Կիլիկիա» հայտնի երգը:

Իսկ ներքեւում հեծանվորդների խումբ էր կանգնած, նրանց հարցրեցինք՝ ի՞նչ գիտեն ամրոցի մասին: Նշեցին, որ «Օձերի ամրոց»-ն է, հետո ներկայացրեցին իրենց մատուցված պատմությունը. թագավորներից մեկը գուշակներից իմացել է, որ իր աջկան օձը թունավորելու է, եւ կառուցել է այս բերդը, որ օձը չհասնի աղջկան, բայց ի վերջո սկուտեղով մատուցված մրգերի միջից դուրս է եկել օձը եւ խայթել արքայադստերը:

Հեծանվորդներից մեկը՝ Հուսեին Դողան, որը Ադանայից էր, ասաց, որ խմբով հեծանվային արշավներ են կազմակերպում Թուրքիայի տարբեր հատվածներում, մեզ հետ խոսեց նաեւ հայ-թուրքական հարաբերությունների մասին: Ադանայի ջարդերի մասին նրա կարծիքն ու տեղեկատվությունը մեծապես չէր տարբերվում Ադանայում մեզ հանդիպածների ասածից. «Ադանայում կոտորած չի եղել, պատերազմ է եղել եւ որոշ մարդիկ՝ ե՛ւ այս, ե՛ւ այն կողմից իրար սպանել են, եւ դա մինչ օրս քաղաքական գործիչները օգտագործում են, ժողովուրդներին իրար դեմ լարողները եղել են մասնավորապես անգլիացիները»: Ըստ նրա՝ այսօր էլ Թուրքիայում կան հայեր եւ անձամբ չի լսել, որ նրանցից որեւէ մեկի հանդեպ հետապնդում լինի։ «Իմ եւ իմ ընկերների անունից կարող եմ ասել, որ հայերի նկատմամբ որեւէ թշնամանք չունենք,- ասաց նա՝ ավելացնելով, որ տեղյակ է՝ շատ հայեր իսլամացել են Թուրքիայում ու կորցրել իրենց արմատները՝ հավատացնելով,- հայերը մեր եղբայրներն են, սիրում ենք նրանց, անցած 100 տարիների ընթացքում արհեստական կերպով մեկը մեկին սարքել են թշնամի, բայց մենք նույն հողի զավակներն ենք»:

Թուրք հեծանվորդների հետ զրույցը երկար չտեւեց, շուտով հրաժեշտ տվեցինք: Ճանապարհը շարունակվում էր ձգվել, մենք լուռ էինք, մտքներումս մրմնջում էինք. «Երթամ, ննջել զիմ Կիլիկիա, աշխարհ, որ ինձ ետուր արեւ…»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարները՝
Հուսեին Հայաթսեվերի

«Առավոտ» օրաթերթ
04.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930