Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Արաբկիրի նորաստեղծ շախմատի դպրոց և մասնակցել բացման հանդիսավոր արարողությանը: Մարզադպրոցի բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին ևՀայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանին: Քաղաքապետը շրջել է դպրոցի շենքում,ծանոթացել ստեղծված պայմաններին: Ինչպես այս, այնպես էլ մայրաքաղաքում գործող շախմատի դպրոցներն ամբողջությամբ կահավորված են համապատասխան գույքով ու անհրաժեշտ այլ պարագաներով, ուսումնական գործընթացի համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Շնորհակալություն հայտնելով շախմատի զարգացման նկատմամբ քաղաքապետի ցուցաբերած ուշադրության համար ու առանձնակի կարևորելով հատկապես շախմատի դպրոցների անվճար գործելու հանգամանքը՝ պատասխանատուները նկատել են, որ շախմատի դպրոցների ստեղծումով մայրաքաղաքում զգալիորեն ավելացել է շախմատասեր մանուկների և պատանիների թիվը:
Տարոն Մարգարյանն էլ իր հերթին մեկ անգամ ևս ընդգծել է, որ մայրաքաղաքում այս մարզաձևի զարգացմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանի և Հայաստանի շախմատի ակադեմիայի համագործակցության արդյունքում շախմատի դպրոցներ են հիմնվում Երևանի բոլոր վարչական շրջաններում. «Մենք՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ, նախաձեռնեցիք այս ծրագրի իրականացումը, որի արդյունքում մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները կունենան առանձին շախմատի դպրոցներ: Այս տարվա ծրագրով Արաբկիրից բացի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ևս շախմատի դպրոցն արդեն իսկ շահագործման է հանձնվել, առաջիկայում շախմատասեր մեր փոքրիկներին կհանձնենք նաև Էրեբունի, Նոր Նորք և Կենտրոն վարչական շրջաններում կառուցված դպրոցները: Ըստ էության, առայժմ մայրաքաղաքի 4 վարչական շրջաններում դեռևս չունենք շախմատի դպրոցներ, որոնց ուղղությամբ աշխատանքներ կնախաձեռնենք արդեն հաջորդ տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
Կարդացեք նաև
և հասարակայնության հետ կապերի վարչություն