Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում հյուրընկալվելը դարձել է փորձանք 17-ամյա աղջնակի գլխին (Ֆոտոշարք )

Նոյեմբեր 04,2014 17:51

Ինչպես տեղեկացրել էր shamshyan.com-ը, Գյումրու տոնակատարությունից մեկ օր անց` հոկտեմբերի 26- ին, ժամը 16.00-ի սահմաններում Երևան քաղաքի Դավիթաշեն 4-րդ թաղամասի բնակչուհի, 17-ամյա Դիանա Շահբազյանը համակուրսեցիների հետ Գյումրու թատրոնի պատմամշակութային արժեք ներկայացնող հին շենքում (այն ծայրաստիճան վթարային է) նկարահանումներ կատարելիս, մոտ 8 մետր բարձրությունից վայր էր ընկել: Նա փորձել է լուսանկարել շենքը, բարձրացել էր վերև, որտեղ և առաստաղը փուլ է եկել:
Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի օպերատորական բաժնի առաջին կուրսի ուսանողուհուն Գյումրու բժշկական կենտրոնից «Կատատրավմա, զուգակցած փակ ողնաշարային վնասվածք, կրծքավանդակի բութ վնասվածք ախտորոշմամբ, թոքերի սալջարդ, կողերի բազմակի կոտրվածքներ, աջից` անրակի և թիակի կոտրվածքներ ախտորոշմամբ ռեամոբիլով տեղափոխել էին «Էրեբուն»-ի բժշկական կենտրոն:

Դիանայի մայրը`Սուսաննա Ավետիսյանը, Aravot.am-ի փոխանցեց, որ աղջկան այսօր վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են պալատ: Վիճակը համեմատաբար լավացել է, սակայն դեռ երկար բուժում պիտի անցնի. ուսն է կոտրված. թոքերը շատ վատ վիճակում են, սալջարդ ունի, ողերն են կոտրվել, գլխի հետնամասը ևս կոտրվածք ունի:
Մայրը փոխանցեց, որ Գագիկ Շամշյանից բացի՝ ոչ մեկը իրենց չի այցելել, աղջկա վիճակով Գյումրու ոչ մի պաշտոնյա չի հետաքրքրվել, նույնիսկ ոստիկանները դեռ չեն այցելել: Ավելին, ըստ նրա, շենքի վթարավտանգ լինելու մասին ոչ մի ծանուցում փակցված չի եղել:
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանն էլ մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ նյութեր են նախապատրաստվում, քննարկվում է քրեական գործ հարուցելու նպատակահարմարության հարցը: Դատախազը նաև փոխանցեց, որ ուսումնասիրության թեմա են դարձնելու Գյումրու վթարային շենքերի պահպանության հարցը, տեսնեն` ի վերջո կոնկրետ որևէ մեկին հանձնարարվա՞ծ է դրանց պահպանությունը, որևէ մեկը պատասխանատվություն կրո՞ւմ է, թե՞ ոչ:

 

Aravot.am-ը փորձեց պարզել, թե ո՞ւմ է պատկանում մշակութային արժեք ներկայացնող շենքը: Նշենք, որ այն գտնվում է քաղաքի կենտրոնական զբոսայգում կամ որ նույնն է՝ Գորկու այգում` այն շենքի հարևանությամբ, որտեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգոն» ֆիլմը: Այն 19-րդ դարի 2-րդ կեսի կառույց է, ծառայել է որպես ժողովրդական տուն, թատրոն, մշակույթի տուն: 1912 թվականին 1-ին անգամ այստեղ է բեմադրվել Տիգրանյանի «Անուշ» օպերան: Այն «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց թանգարանի պահպանման գոտում է ներառված: Այս շենքում երկար տարիներ գործել է «Շիրակ» հանրային հեռուստաընկերությունը, այն եղել է հենց այս հեռուստաընկերության սեփականությունը:

N-14 N-13 N-12 N-11 N-10 N-9 N-15 N-7 N-6 N-5 N-4 N-3 N-2 N-1

Սակայն հեռուստաընկերության գործադիր տնօրեն Արթուր Ղանդիլյանը մեզ ցույց տվեց փաստաթղթեր, համաձայն որոնց, հեռուստաընկերությունը 2014 թվականի փետրվարի 14-ին այն հանձնել է ՀՀ կառավարության գույքի կառավարման վարչությանը:
Նշենք, որ Գյումրու քաղաքապետարանը` ի դեմս նախորդ իշխանությունների, մշտապես գրություններ է ուղարկել կառավարություն, քաղաքաշինության նախարարություն` խնդրելով այդ կառույցը հանձնել իրենց: Փոխարենը, քաղաքապետարանը պարտավորվել էր 30 միլիոն դրամ փոխանցել «Շիրակ» հեռուստաընկերությանը` գույքը այդ շենքից տեղահանելու ու այլ վայր տեղափոխելու համար:

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն էլ մեզ փոխանցեց, որ այդ շենքը դեռևս քաղաքապետարանը իր հաշվեկշռում չի ընդունել: Այսինքն ստացվում է, որ ողջ պատասխանատվությունը ընկնում է Գալուստ Սահակյանի որդու`Արման Սահակյանի գլխավորած կառույցի վրա, որը Գյումրիում թեթևակի գրասենյակ անգամ չունի:
Մենք տեղազննեցինք ամբողջ տարածքը` կողմնորոշվելու, թե ի վերջո որտեղի՞ց կարող էր ընկած լինել 17-ամյա աղջիկը: Նշենք, որ մեր այցի ժամանակ վթարավտանգ աստիճաններով դեպի երկրորդ հարկ տանող հատվածը երկաթներով փակված էր:

«Շիրակ» հեռուստաընկերության պատուհանից այն կողմ մի գրություն էր փակցված, որով փոքր-ինչ հուշվում է, որ շենքն անվտանգ չէ:

Այդուհանդերձ, նկատենք, որ հեռուստաընկերության հաշվեկշռում գտնվելու ժամանակ շենքը ունեցել է պահակներ, որոնք և գույքին հսկողություն սահմանելիս, որոշ չափով հսկել են նաև շուրջբոլորը:

N-17 N-16 N-18

Նկատենք նաև, որ կառավարությունը ոչ միայն բացարձակ անգործություն է ցուցաբերում Գյումրու հանդեպ (Գյումրու բնակիչներից շատերը ապրում են հենց այդպիսի վթարային կառույցներում և չկա երաշխիք, որ նույն դեպքը տեղի չէր ունենա ցանկացած մեկի հետ: Ի վերջո, հենց այդ նույն վթարային շենքում են երկար տարիներ աշխատել լրագրողներն ու օպերատորները), այլ խայտառակում է քաղաքը այցելուների, հյուրերի առաջ: Փաստորեն այս դեպքից հետո, ցանկացած մեկը երկար պիտի մտածի` արժե՞ ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրի ոտք դնել, թե՞ ոչ:
«Շիրակ» հեռուստաընկերության տնօրենի և Գյումրու փոխքաղաքապետի պարզաբանումներն այս թեմայի շուրջ ընթերցեք վաղվա տպագիր «Առավոտ»-ում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930