Կապանում պահածոների գործարան կկառուցվի: Այսօր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, գործարար Սարմեն Սարգսյանի մասնակցությամբ կառուցվելիք պահածոների գործարանի հիմնարկեքը դրվեց:
Ըստ Սուրիկ Խաչատրյանի` պահածոների գործարանը կշահագործվի մոտ 8-10 ամսից, որին կից կկառուցվի նաեւ ջերմոցային տնտեսություն: Նրա խոսքով` գործարանի շահագործմամբ գործազրկության բարձր ցուցանիշ ունեցող Կապանում մեծ թվով աշխատատեղեր կստեղծվեն: «Կապանում գործազրկությունը մեծ է, հանրապետության միջինից 1.9 անգամ ավելին է: 1990թ.-ին հունվարի 1-ի դրությամբ Կապանում 20 հազար աշխատատեղ կար, իսկ այսօր էդ թիվը մի քանի անգամ նվազել է: Ամեն ինչ պետք է անենք Կապանում աշխատատեղերը վերականգնենք: Արտադրանքը կարտահանենք Ռուսաստան, չնայած ես կարծում եմ, որ էնպիսի որակյալ արտադրանք է լինելու, որ կարող ենք նաեւ Եվրոպա, Պարսկաստան արտահանենք, բայց հիմնական շուկան Ռուսաստանն է:
Կառավարության հետ պայմանավորվածություն ունենք, վարչապետը հանձնարարել է գյուղնախարարին եւ կենտրոնական բանկին, առաջիկայում այդ վարկերը կլինեն եւ այդ վարկային ծրագրերի ներդրումներով կիրականացվի», -նշեց Սյունիքի մարզպետը:
Բանջարեղենը, մրգերն ու հատապտուղը կմթերվի հենց տարածաշրջանից, իսկ արտադրանքը կիրացվի ինչպես հայաստանյան շուկայում, այնպես էլ արտերկրում: Ինչպես հիմնակերքի արարողության ժամանակ տեղեկացրեցին` գործարան հիմնելու նախաձեռնությունը Սյունիքի մարզպետինն ու Սյունիք գյուղական համայնքի բնակիչ, գործարար Սարմեն Սարգսյանինն է: «Սյունիքֆուդ» ՍՊԸ հիմնադիր Սարմեն Սարգսյանը անասնապահական, ջերմոցային տնտեսության զարգացման ծրագրեր է իրականացնում, այժմ էլ մտադիր է պահածոների գործարան շահագործել: Նրա խոսքով` մոտ 200-250 աշխատատեղ կբացվի, որտեղ հիմնականում կընդգրկվեն կանայք եւ կաշխատեն երկու հերթափոխով:
Կարդացեք նաև
«Սովետական միության փլուզումից հետո Կապանի պահածոների գործարանը չի աշխատում, սեփականաշնորհվեց ու ինչ-որ պատճառներով չշահագործվեց: Ընդհանրապես մեր վարելահողերն անօգտագործելի են դառնում, որովհետեւ մարդիկ չգիտեն իրենց բերքը որտեղ տանեն հանձնեն: Պահածոների գործարան ստեղծելու նպատակը այն է, որ ազատագրված տարածքներում մարդիկ բավականին շատ բանջարեղեն են աճեցնում, կարողանան մթերել: Նրանց հետ նախնական պայմանագրեր են կնքվել, արտահանման հետ կապված էլ ունենք հստակ պայմանավորվածություններ ռուսաստանյան ընկերությունների հետ: Ծրագրի իրագործման համար մոտ 3 մլն դոլարի ներդրում կլինի», – ասաց Սարմեն Սարգսյանը:
«Սյունիքֆուդ» ՍՊԸ տնօրեն Արթուր Գեւորգյանի փոխանցմամբ` պահածոների գործարանում կպատրաստվեն մուրաբաներ, տարբեր տեսակի բանջարեղենների, հատապտուղների պահածոներ, մրգերի հյութեր եւ այլն:
«Ծրագիրը ներկայացվել է կառավարություն, այն հավանության է արժանացել արդեն: Մթերումները կլինեն մեր մարզից, ինչպես նաեւ ԼՂՀ-ից, Վայոց Ձորից եւ այլն»,- նշեց տնօրենը:
Պահածոների գործարանի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2015թ.-ի գարնանը, կգործեն նաեւ տրանսպորտային միջոցներ, որոնք կտեղափոխեն աշխատողներին Կապանից դուրս կառուցվող գործարան: Սյունիքի մարզպետի խոսքով` ծրագրերն այսքանով չեն ավարտվում, նոր ծրագրեր կլինեն նաեւ առաջիկայում, որոնց մասին նախընտրեց խոսել գարնանը:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
Բա էդ կղերականը իբր տեղ ինչ է անում: Քար ու պահածո «օրհնելուց» առաջ ՎԵՐՋԱՊԵՍ պատասխանեք հայ ազգին,թե որտե՞ղ էր «փրկիչ» Քրիստոսը 1915-ին: Այդ նույն «աստծու՞ց» ես «օրհնություն» հայցում: