Այսօր Բրյուսելում, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրը, Եվրոպական միության ընդլայնման եւ հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանը հանդիպեց է Հայաստանի Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանի հետ:
«ԵՄ-ն և Հայաստանը հաստատակամ են շարունակել ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտների ուղղությամբ: Մենք աջակցում ենք Հայաստանի արդիականացմանն ուղղված ջանքերին եւ կշարունակենք քաջալերել անհրաժեշտ բարեփոխումները», ասաց հանձնակատար Հանը:
Հանձնակատար Հանն ու Կարեն Ճշմարիտյանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի մեկնարկի մասին: Փաստաթղթով հստակեցվում են 2014-2017 թվականների ընթացքում ԵՄ – Հայաստան համագործակցության ռազմավարական նպատակներն ու առաջնահերթ ուղղությունները: Բարեփոխումները կիրականացվեն երեք առաջնահերթ ոլորտներում` մասնավոր հատվածում, հանրային կառավարման եւ արդարադատության ոլորտներում: Հավելյալ աջակցություն կտրամադրվի պետական մարմինների և քաղաքացիական հասարակության արդիականացմանը:
Հանձնակատարը հայտարարեց նաեւ, որ Միասնական աջակցության շրջանակային փաստաթղթի ներքո ԵՄ օժանդակության առաջին ծրարով 2014թ-ի ընթացում Հայաստանը կստանա 19 միլիոն եվրո` փոքր ու միջին ձեռնարկատիրությունը զարգացնելու եւ մարդու իրավունքները պաշտպանելու համար: Օժանդակությունը տրամադրվում է Արևելյան գործընկերության շրջանակներում: Փոքր ու միջին գործարարներին տրվող աջակցությունը երկարաժամկետ կտրվածքով կնպաստի աշխատատեղերի ստեղծմանը, մասնավոր հատվածի զարգացմանը, կավելացնի Հայաստանի տնտեսական մրցունակությունը: Մարդու իրավունքների ոլորտում իրականացվող նոր ծրագիրն էլ կօգնի բարելավել օրենսդրությունը` ազատ ընտրությունների, կտտանքների կանխարգելման, խտրականության դեմ պայքարի, գենդերային հավասարության եւ երեխաների պաշտպանության ոլորտներում:
ԵՄ հանձնակատարն ու Հայաստանի Էկոնոմիկայի նախարարը ստորագրեցին նաեւ «Գյուղատնտեսության եւ գյուղական համայնքների զարգացման ոլորտային աջակցություն» ծրագրի ֆինանսավորման համաձայնագիրը, որով հավելյալ 25 միլիոն եվրո կտրամադրվի ոլորտը զարգացնելու համար:
Կարդացեք նաև
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակություն