Նոյեմբերի 4-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովին կից Երիտասարդական
խորհրդարանի (ԵԽ) անդրանիկ նիստը։
Ողջունելով նորաստեղծ Երիտասարդական խորհրդարանի անդամներին՝ ԼՂՀ Ազգային
ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է Արցախի երիտասարդության իրական
ներուժի ու նախաձեռնողական հնարավորությունների իրացման համար երկխոսության
ապահովումը։
Երիտասարդական խորհրդարանի անդամներին շնորհավորանքի ուղերձ է հղել ու
արդյունավետ գործունեություն մաղթել ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը։
Այնուհետև տեղի է ունեցել ԵԽ անդամների երդման արարողությունը:
Երիտասարդական խորհրդարանի կազմում ընդգրկված են ԱԺ-ում ներկայացված
կուսակցությունների, երիտասարդական հասարակական կազմակերպությունների,
ԲՈՒՀ-երի ուսանողական խորհուրդների և ինքնաառաջադրման կարգով ընտրված
ներկայացուցիչներ, ընդհանուր թվով 33 երիտասարդ՝ ԼՂՀ ԱԺ պատգամավորական
կազմին համանման։
Երիտասարդական խորհրդարանի հանձնաժողովների ձևավորումը ևս կատարվել է
ԱԺ-ում գործող յոթ մշտական հանձնաժողովների նմանությամբ: Ժամանակավոր
կարգի համաձայն, երիտխորհրդարանի նախագահ է հաստատվել հանձնաժողովների
նախագահներից Սևակ Հակոբյանը:
ԼՂՀ ԱԺ մամլո ծառայություն