Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, դատավոր Թովմասյանի նախագահությամբ դատական նիստի ընթացքում, երբ հակընդդեմ հայցով հայցվոր Վարդան Գերավետյանին խոսելու հնարավորություն տրվեց, նա ասաց, որ չի հրաժարվում իր գրած զեկուցագրից. «Սա ես գրել եմ եւ չեմ հրաժարվում, որ մոտեցել է Կարեն Մովսիսյանը Կոմիտաս 5 անցումի վրա եւ ասել է՝ սրան տարեք, առանց որեւիցե պահանջ ներկայացնելու, ինչին ես չեմ խոչընդոտել»:
Նա դատարանի ուշադրությունը հրավիրեց ոստիկան Կարեն Մովսիսյանի բացատրագրի վրա, որտեղ բառ անգամ չկա իր մասին. «Մինչեւ վերջին պարբերությունը չի նշվում իմ մասին: Բացատրագրից չի երեւում, որ Կարեն Մովսիսյանը ինձ մոտեցել է»:
Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ Կարեն Մովսիսյանը իր հետ չի շփվել եւ դատարանում սուտ ցուցմունք է տվել, ինքն էլ ընդհանրապես գետնին չի պառկել: Այնուհետեւ, հակընդդեմ հայցով հայցվորը դատարանին ներկայացրեց «Հավաքների ազատության մասին» օրենքի 32 եւ 33 հոդվածները, սակայն դատավորը խնդրեց մինչեւ վերջ չկարդալ, քանի որ բոլորն էլ ծանոթ են այդ օրենքին: Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը խնդրեց շարունակել, դատավորն էլ դիմեց Գերավետյանին՝ «Պարոն Եգորյանի համար շարունակեք կարդալը»:
Տիգրան Եգորյանը հետաքրքրվեց՝ «Ինչ որ ինքնահաստատման խնդիր կա՞»: Դատավոր Թովմասյանը պատասխանեց. «Ես վաղուց արդեն ինքնահաստատվել եմ, արդեն երեւում է, թե ով ինքնահաստատման խնդիր ունի»:
Վարդան Գերավետյանը հայտարարեց, որ իրեն չեն մոտեցել եւ պահանջ չեն ներկայացրել: Նա հիշեց դեպքից օրեր առաջ՝ օգոստոսի 22-ին, իր եւ ոստիկան Կարեն Մովսիսյանի հետ զրույցը. «Արայիկ Մովսիսյանի հետ միտումներ ունեն եւ այդ ժամանակ ասել է՝ քեզ նորմալ պահի, թե չէ վարչական պատժի կենթարկեմ: Եվ դա էլ առիթ էր»:
Նա հավելեց, որ ոստիկանության մեքենայի մեջ ոստիկանը արգելել է իրեն պատասխանել հեռախոսազանգին, ինքն էլ հետաքրքրվել է թե որն է պահանջը, արդյոք ձերբակալվա՞ծ է, պատասխան է հնչել՝ ոչ:
Կարդացեք նաև
Տիգրան Եգորյանի հարցին, թե ոստիկանության բաժանմունքում գործողությունների ի՞նչ հաջորդականություն է եղել, նա պատասխանեց. «Երկար սպասել ենք, գործողություն չի եղել մոտավորապես մեկ ժամ, որովհետեւ մեծ քանակի բերման ենթարկվածներ կային եւ չգիտես ինչու, ոստիկանները չէին կարողանում արձանագրություն կազմել: Հետո՝ ասացին՝ ցույց տվեք, թե ինչ կա գրպաններում, դրանից հետո կազմվել է զննության արձանագրությունը, դրանից հետո եւս արձանագրություն գրվեց , հետագայում մենք նստած սպասել ենք, որ ինչ-որ ժամ պետք է լրանա, այդ ժամանակ Լեւոն Զուրաբյանը եկավ»:
Տիգրան Եգորյանի հարցին, թե ոստիկանությունում իրեն պարզաբանե՞լ են իր իրավունքները, նա պատասխանեց՝ ոչ: Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը հայտարարեց, որ պարզաբանվել են, եւ նույնիսկ Վարդան Գերավետյանը ստորագրել է: Վարդան Գերավետյանն էլ ասաց, որ այդ թուղթը իրեն ներկայացրել են վերջում՝ ոստիկանության բաժանմունքից դուրս գալուց առաջ:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ դատական նիստը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 24-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ