Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ընդունել է «Քարֆուր» առևտրային ցանցի ներկայացուցչին

Նոյեմբեր 04,2014 16:34

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին : Նոյեմբերի 4, 2014. Գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք կբերվի անմիջապես հայ արտադրողներից

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է «Քարֆուր» (Carrefour) առևտրային ցանցի հայաստանյան գրասենյակի գլխավոր տնօրեն Քրիստիան Դը Նալին և մարքետինգի գծով տնօրեն Լոռեն Նազեին` Հայաստանում «Քարֆուր»-ի բացմանը վերաբերող հարցերը քննարկելու նպատակով:

Ողջունելով հյուրերին` նախարարն ընդգծել է «Քարֆուր» ցանցային խանութի բացման կարևորությունը թե’ տեղական արտադրողների և թե’ սպառողների համար:
«Հայաստանի գյուղատնտեսական մթերքներ արտադրողներն անհամբեր սպասում են Հայաստանում «Քարֆուր»-ի գործունեության սկզբին, քանի որ դրանով իսկ նրանց համար կստեղծվի նոր հնարավորություն իրենց արտադրանքն իրացնելու համար: Համոզված եմ, որ բացումից հետո «Քարֆուր»-ի հայաստանյան առևտրային ցանցը ոչնչով չի զիջի «Քարֆուր»-ի գործունեության եվրոպական մակարդակին», – նշել է նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարը նաև համոզմունք է հայտնել, որ «Քարֆուր»-ի մուտքը հայկական շուկա կնպաստի տեղական արտադրանքի որակի բարձրացմանն ու տեսականու ընդլայնմանը:
Իր հերթին ցանցի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան Դը Նալը տեղեկացրել է, որ ցանցի բացումը Հայաստանում նախատեսվում է 2015 թվականի հունվարի վերջին: Նրա խոսքով` «Քարֆուր» առևտրային ցանցում նախապատվությունը տրվելու է տեղական արտադրանքին, իսկ գյուղմթերքի 95 տոկոսը ձեռք է բերվելու անմիջապես հայ արտադրողներից: Այս կապակցությամբ նախարար Սերգո Կարապետյանը հույս է հայտնել, որ տեղական արտադրողների նկատմամբ կներկայացվեն ավելի մեղմ պահանջներ, իսկ ցանցի խանութների գնագոյացումը կիրականացվի ելնելով հայկական շուկայի առանձնահատկություններից:

Քրիստիան Դը Նալը նաև պատրաստակամություն է հայտնել Հայաստան գործուղել համապատասխան մասնագետների` խորհրդատվություններ մատուցելու վերամշակող ճյուղի տարբեր ոլորտների ընկերություններին՝ արտադրանքի որակի և տեսականու հարցում:

Հանդիպման ավարտին նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է առաջիկայում ստորագրել փոխըմբռնման հուշագիր: Նախարարը նաև խոստացել է նախքան ցանցի բացումը կազմակերպել «Քարֆուր»-ի ներկայացուցիչների հանդիպումը վերամշակող ընկերությունների հետ:

Մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930