«Նրանք, ովքեր բուրժուական կարգերի մասին են մտածում կամ մեր ժամանակով բուրժուական տրադիցիաներով են ապրում, փորձում են, որպեսզի իշխանությունները բուրժուազիայի ձեռքը ընկնի, իսկ որպեսզի ժողովուրդը հասկանա, թե դա ո՞ւր է տանելու…մենք կարծում ենք, նույնիսկ սահմանադրական փոփոխության առկայությամբ մեր երկիրը սոցիալական երկիր է լինելու և այդ ճանապարհով է գնալու»-այսօր խորհրդարանում, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը`հավելելով, որ ոչ իշխանական ուժերի կողմից սկսված գործընթացը վերագրված բուրժուադեմոկրատական հեղափոխությանը, դեռ պարզաբանելու խնդիր ունի այն առումով, թե ո՞ւր է տանելու հասարակությանը:
Հարցին`արտահերթ ընտրություններ հնարավո՞ր է տեղի ունենան, ընդ որում հենց ՀՀԿ-ի նախաձեռնությամբ, ԱԺ նախագահն ասաց, թե իր կարծիքով, նման ենթադրությունների գնալն անտեղի աշխատանք է: «Հայաստանի քաղաքական դաշտն արդեն իսկ իր մշակույթն ունի և դա ընդունում ենք թե չենք ընդունում, համենայն դեպս կառավարման այն մոդելը, որը Հայաստանում իրագործվել է անկախությունից սկսած, նման ենթադրությունների գնալը կարծում եմ անտեղի աշխատանք է»,-ասաց նա:
Իսկ իր կարծիքով ընդդիմության վերջնանպատակը ո՞րն է, հարցին էլ՝ ԱԺ նախագահը պատասխանեց. «Ցանկացած կուսակցության նպատակն է գալ իշխանության: Հստակ ծրագիր է պետք, որն ընդունելի կլինի հասարակությանը, եթե լավ ծրագրեր ունի ընդդիմությունը կամ քաղաքական տարբեր ուժեր, նախևառաջ պետք է աշխատեն հասարակության հետ: Դա է պատճառը, որ մեկնարկը սկսեց նրանից, որ շտաբներ բացեն և փորձեն իրենց տեսակետները հասարակությանը ներկայացնել: Այսինքն՝ իշխանության գալու երազներն ու իրականությունը շատ դեպքերում չեն համատեղվում իրար հետ»:
Դիտարկմանը`համատեղ շտաբներ ստեղծելով ընդդիմադիրներն ավելի չե՞ն լրջացնում գործընթացը և ավելի մտահոգվելու պատճառ չկա՞, Գալուստ Սահակյանը պատասխանեց, թե իշխանությունը կորցնելու մտահոգությունների խնդիր չի կարող լինել որևէ քաղաքագիտական տերմինալոգիայի մասով: «Իշխանությունը կամ փոփոխվում է ընտրությունների միջոցով, կամ հեղափոխական ճանապարհով: Համենայն դեպս այսօրվա քաղաքական դաշտում չկա հեղափոխական միտում»,-ասաց նա:
Ներկա պահին իշխանությունների միակ մտահոգությունն ըստ նրա՝ այն է, որ ժողովուրդը հավաքվում է և խնդիրներ ունի, իսկ դրանք՝ լուծման կարիք. «Շատ դեպքերում եղած հնարավորություններն ու ցանկությունները բնականաբար իրար հետ չեն համընկնում, իհարկե մտահոգություններ կան, բայց քաղաքական դաշտում, բնականաբար մտահոգություն չունենք, որովհետև մի առիթով ասել եմ, այսօր էլ կրկնում եմ, որ մենք ամենալավը չենք, բայց մեզանից լավը չկա»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ