Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, շարունակվում էր Վարդան Գերավետյանի գործով դատական նիստը: Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանն արտահայտեց կողմի դիրքորոշումը ցուցադրված տեսանյութի վերաբերյալ: Նա նշեց, թե ակնհայտ է, որ Վարդան Գերավետյանը գտնվում է երթեւեկելի գոտում ե՛ւ նստած, ե՛ւ կանգնած վիճակում. «Հստակ երեւում էր, որ տարբեր ոստիկաններ տարբեր քաղաքացիներին բացատրում էին, թե ինչու են հանում երթեւեկելի գոտուց: Ապացուցվեց, որ Գերավետյանը գտնվել է երթեւեկելի գոտում եւ չի կատարել ոստիկանության պահանջը»:
Հակընդդեմ հայցվոր Վարդան Գերավետյանի ներկայացուցիչները հրաժարվեցին դիրքորոշում հայտնել տեսանյութի վերաբերյալ: Տիգրան Եգորյանը հանդես եկավ միջնորդությամբ, որպեսզի հակընդդեմ հայցով հայցվորը վկայությամբ հանդես գա: Ոստիկանության ներկայացուցիչները չառարկեցին, սակայն դատարանը մերժեց միջնորդությունը՝ պատճառաբանելով, որ չի պատկերացնում, թե ինչի վերաբերյալ նա պետք է ցուցմունք տա: Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ բոլոր այն փաստական հանգամանքների վերաբերյալ, որոնք տեսանյութում առկա են եւ Կարեն Մովսիսյանի վկայության հետ կապված: Սակայն դատարանը հայտարարեց, որ անհրաժեշտությունը չի տեսնում. «Առավել եւս իր մասին պետք է ցուցմունք տա, առավել եւս մասնակցել է դատական նիստին»:
Տիգրան Եգորյանն ասաց, որ այդ բոլոր պահանջները եւ չափորոշիչները չէին ներկայացվել Կարեն Մովսիսյանին՝ որպես վկա ընդգրկելու միջնորդությունում. «Սա թույլ է տալիս կասկածել, որ դատարանի կողմից կողմնակալություն կա, հույս ունենք, որ այդ կողմնակալությունը չի արտահայտվի դատական վճռի վրա»:
Տիգրան Եգորյանը ներկայացրեց հստակեցված հիմքերը. «Բողոքի ակցիայի ընթացքում կատարված գործողություններին է վերաբերելու, կոնկրետ իր եւ Կարեն Մովսիսյանի միջեւ տեղի ունեցած խոսակցություններին, իրեն բերման ենթարկելու մանրամասներին, ոստիկանության բաժանմունքում իր հանդեպ իրականացրած գործողությունների վերաբերյալ եւ բացահայտվելու են՝ ինչ հերթականությամբ, ինչ միջոցառումներ են իրականացրել, արդյոք հնարավո՞ր է ավելի արագ իրականացնել այդ միջոցառումները»:
Մարթա Մելիքսեթյանը առարկեց միայն վերջին մասով, քանի որ համարում է, որ դա բացարձակապես որեւէ նշանակություն չունի: Սակայն նա չառարկեց Տիգրան Եգորյանի միջնորդությանը՝ ասելով, որ իրենք էլ որոշակի հարցեր ունեն Գերավետյանին: Դատարանը կրկին մերժեց միջնորդությունը եւ ասաց, որ իր խոսքը Գերավետյանը կարող է ներկայացնել բացման խոսքով. «Եթե տեսնենք հակասություն կա, եկեք ցուցմունք լսենք, ներկայումս դատարանը անհրաժեշտություն չի տեսնում»:
Կարդացեք նաև
Վարդան Գերավետյանը սկսեց իր խոսքը՝ պատմելով այն, ինչ տեղի է ունեցել մինչ իրեն բերման ենթարկելը, սակայն դատավորն հայտարարեց, որ անհրաժեշտություն չի տեսնում, որ նա այդ մասին խոսի. դատաքննության ավելորդ ծանրաբեռնության ենթարկելու միտում է տեսնում:
Տիգրան Եգորյանն էլ բացականչեց. «Եթե տեսնում եք, գրություն, ուղարկեք Փաստաբանների պալատ»:
Նա ցանկացավ հայտարարությամբ հանդես գալ, սակայն դատարանը նրան այդ հնարավորությունը չընձեռեց: Հարցին՝ ե՞րբ կընձեռնի, դատավոր Թովմասյանը պատասխանեց. «Երբ որ կընձեռեմ: Քրեադատավարական գործընթաց չէ, դուք էլ, Աստված չանի, ամբաստանյալ չեք, որ երբ ուզեք, հայտարարություն անեք»:
Սակայն, դատարանը հնարավորություն տվեց Վարդան Գերավետյանին խոսել դեպքի մասին: Նա հայտարարեց, որ այդ որը Կարեն Մովսիսյանը իր չի մոտեցել, ընդհանրապես իր հետ զրույց չի ունեցել:
Դատավոր Թովմասյանը կարդաց Գերավետյանի ցուցմունքը, որտեղ նշված է, որ Կարեն Մովսիսյանը մոտեցել է իրեն: Նա էլ բացատրեց. «Կարեն Մովսիսյանը ինձ հեռվից տեսավ, մոտեցավ, նման հեռավորության վրա, ինչ որ ես եւ Դուք ենք, ասաց՝ ինքն էլ ա կազմակերպիչ»:
Տիգրան Եգորյանն էլ բացականչեց՝ «Մի խեղաթյուրեք, իմ վստահորդի ցուցմունքը»: Իր բացականչությունը նա հիմնավորեց, որ եթե Կարեն Մովսիսյանը մոտեցել է Վարդան Գերավետյանին ՝ դա չի նշանակում, որ նրա հետ զրուցել է եւ ինչ որ ձեւով խոսակցության մեջ է մտել: Սակայն դատարանը թույլ չտվեց ավարտել նրա իր խոսքը՝ հայտարարելով, որ Տիգրան Եգորյանը չի կարող հիմնավորել:
Տիգրան Եգորյանը հայտարարեց. «Դատավորը կողմնակալություն ունի իմ նկատմամբ եւ անաչառ գտնվելու հնարավորություն չունի, առավել եւս, որ վերջին տասնհինգ րոպեների ընթացքում իմ ասածների նկատմամբ Դուք ծայրահեղ անհարգալից եք արտահայտվում, դրսեւորում եք տակտի եւ կոռեկտության բացակայություն: Դա ինքնաբացարկի համար ուժեղ հիմք է»:
Տիգրան Եգորյանը համոզմունք հայտնեց, որ Վարչական դատարանում մեկ այլ դատավոր չէր կարողանա արդար եւ անկողմնակալ դատաքննություն իրականացնել: Դատավոր Թովմասյանը նախազգուշացրեց նրան՝ համարելով, որ անհարգալից վերաբերմունք է դրսեւորել վարչական դատարանի եւ նրա դատավորների նկատմամբ:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Լուսանկարը՝ www.hra.am-ի