«Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթը տեղի կունենա նոյեմբերի 15-ին
«Ես գրեթե ոչնչով չեմ տարբերվում ուրիշ երեխաներից, քանի որ ես նույնպես շատ եմ ցանկանում ապրել այնպես, ինչպես բոլորը եւ որպեսզի ինձ վերաբերվեն այնպես, ինչպես բոլորին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես իրեն ներկայացրեց «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթի հայուհի մասնակից Բեթթին:
Նշենք, որ «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթն այս տարի կներկայացնի 11-ամյա Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյանը)՝ «Արեւի մարդիկ» երգով: Մրցույթ անցկացվելու է Մալթայում նոյեմբերի 15-ին:
Բեթթին լրագրողներին պատմեց, որ չգիտի, թե ինչպես ստացվեց, որ հենց ինքը ընտրվեց որպես Հայաստանի ներկայացուցիչ. «Այնտեղ բոլորն իմ ընկերներն էին եւ նրանք շատ ուժեղ երգեր ունեին: Երբ ասացին իմ անունը, անչափ ուրախացա: Դա փոքրուց իմ երազանքն է եղել, եւ իմ երազանքը կատարվեց: Հիմա մեկ այլ երազանք ունեմ՝ որպեսզի մյուս տարի «Մանկական Եվրատեսիլն» անցնի Հայաստանում»: Բեթթին այս տարի Եվրատեսիլ է մեկնելու իր անբաժան ընկերոջ՝ «Քինգ» անունով արջուկի հետ. «Դա իմ ամենասիրելի խաղալիքն է, ես նրան միշտ ճամփորդությունների եմ վերցնում»:
Աղջիկը ներկայացրեց, որ իր «Արեւի մարդիկ» երգի տեսահոլովակը նա նկարել է սելֆի տարբերակով. «Ես համոզված եմ , որ դա առաջին սելֆի տարբերակով նկարահանված տեսահոլովակն է աշխարհում: Այդ տեսահոլովակը ես նկարեցի սելֆի տարբերակով, քանի որ հասկացա, որ ողջ աշխարհում մարդիկ շատ են սիրում սելֆի անել»:
Կարդացեք նաև
Բեթթիի ելույթի բեմադրող պարուսույց Քրիստինա Ավագյանն էլ ասուլիսին ներկայացրեց Բեթթիի ելույթի ժամանակ բեմում տեղի ունեցող մի քանի գաղտնիքներ. «Բեթթին մենակ չի լինելու բեմում, նրա հետ կլինեն եւս երեք ակրոբատ աղջիկ Նորքի Հայորդաց տնից եւ երկու պարող տղաներ: Ամեն բան փորձում ենք անել, որպեսզի ելույթը լինի տպավորիչ եւ հիշվող»:
Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն էլ տեղեկացրեց, որ այս տարվա Եվրատեսիլը անցկացվելու է «միասին» (#miasin) գաղափարի շուրջ, քանի որ ողջ նախագծի ընթացքում՝ սկսած նախընտրական փուլից մինչեւ վերջնական փուլը, ամեն ինչ եղել է միասնական: Նաեւ այս տարվա մանկական Եվրատեսիլին միավորներ հայտնողները հայտնվելու են բեմի վրա եւ Հայաստանի կողմից մեկնելու է անցյալ տարվա Մանկական Եվրատեսիլի մասնակից Մոնիկա Ավանեսյանը:
Բեթթին իր հանդիսատեսին եւ ընկերներին խոստանում է, որ անպայման լավ ելույթ է ունենալու. «Անպայման ուրախացնելու եմ բոլորին, դահլիճում ընդհանրապես տխուր մարդ չի լինի: Խոստանում եմ, որ լավ հորիզոնական եմ գրավելու եւ անպայման հաղթելու եմ»:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ