Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր վթարների դեպքում ԱՊՊԱ մի կանչեք, որ ռիսկային վարորդ չդառնաք ու ավել փող չվճարեք (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2014 15:46

Այսօր «Անալիտիկ» ակումբում ավտոապահովագրողների բյուրոյի իրավաբանական ծառայության պետ Սամվել Աղախանյանը վարորդներին կոչ արեց ԱՊՊԱ պայմանագրի կնքումը չթողնել վերջին օրերին, այլ` շուտ կնքել: Բացի այս, Սամվել Աղախանյանը նշեց նաեւ, որ պետք է վարորդներն ուշադրություն դարձնեն, թե ինչ փաստաթուղթ է տրամադրվում իրենց, որպես ԱՊՊԱ պայմանագիր եւ որ այն անպայման ստորագրված լինի ապահովագրական ընկերությունը ներկայացնող անձի կողմից: Իրավաբանի վստահեցմամբ` դեպքեր են եղել, որ կեղծ պայմանագրեր են տրամադրվել, ինչի առթիվ քրեական գործեր են հարուցվել:

Մեր հարցին, արդյոք հնարավո՞ր չէ այնպիսի մեխանիզմ կիրառել, որպեսզի ավտովթարների պատճառով խցանումներ չլինեն, միջազգային փորձն ուսումնասիրեն, ըստ այդմ էլ Հայաստանում ներդնեն, ասուլիսի մեկ այլ բանախոս Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի կարգավորման եւ զարգացման բաժնի պետ Գեւորգ Ղուկասյանն ասաց, որ ԱՊՊԱ-ի պատճառով ոչ մի խցանում չի լինում: Պարոն Ղուկասյանի ներկայացմամբ` մայրաքաղաքում ԱՊՊԱ ներկայացուցիչը պետք է մոտենա 35 րոպեի ընթացքում, իսկ եթե ուշանում է, ապա վարորդները կարող են չսպասել եւ իրենք կազմեն արձանագրություն` ճանապարհային ոստիկանի հետ:

Նկատենք, որ ՃՈ-ի հետ արձանագրություն կազմելիս էլ վարչական վարույթ է կազմվում, հետեւաբար 30 հազար դրամ էլ տուգանք է վճարվում:

Բանախոսներն ասացին, որ իրենք չեն արձանագրել նման դեպք, երբ ապահովագրող ընկերությունների ներկայացուցիչների ուշացման պատճառով խցանումներ առաջանան: Aravot.am-ը հստակեցրեց հարցը` ոչ թե ուշացման պատճառով է խցանում առաջանում, այլ անգամ սահմանված 15-35 րոպեի ընթացքում էլ մինչեւ ապահովագրող ընկերության ներկայացուցիչը ժամանում է, մինչեւ արձանագրություն է կազմվում, հատկապես բանուկ փողոցներում, որտեղ էլ վթարներն են շատ լինում, բավականին երկար խցանումներ են առաջանում. գուցե պետք է այլ բան մտածել, որպեսզի ԱՊՊԱ-ի պատճառով վերանան խցանումները: Մեր հստակեցնելուց հետո էլ բանախոսները կոչ արեցին չսպասել ապահովագրողի ներկայացուցչին, իսկ պարոն Աղախանյանն էլ նշեց, որ ԱՊՊԱ բյուրոն ուսումնասիրում է միջազգային փորձը` ընթացակարգը հնարավորինս արդյունավետ դարձնելու համար:

Սամվել Աղախանյանը նաեւ կոչ արեց վարորդներին փոքր վթարների դեպքում չդիմել ապահովագրող ընկերությանը` հատուցում ստանալու համար, քանի որ այդ հատուցումը հետո վարորդից գանձելու է ընկերությունը: Իրավաբանի խոսքերով` «Փոքր վնասների դեպքում պետք է ուշադրություն դարձնել` արդյոք իմաստ ունի՞ դիմել ԱՊՊԱ համակարգին վնասների հատուցումը ստանալու համար, քանի որ 2013 թվականից գործում է բոնուս-մալուս համակարգը, որի դեպքում այն վարորդը, որի պատճառով ապահովագրական ընկերությունը հատուցում է, նա ստանում է մալուս, եւ դասվում է ռիսկային վարորդների շարքին: Այսպիսի վարորդը մի քանի տարի ստիպված է լինում ավելի բարձր գնով ապահովագրավճար անել: Ես իմ ծանոթներին խորհուրդ եմ տալիս 20-30 հազար դրամի վնասի դեպքում չդիմել ապահովագրական ընկերություն, քանի որ միեւնույն է այդ գումարը վերադարձվելու է մալուսների տեսքով ապահովագրական ընկերությանը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930