Վարչական դատարանում այսօր՝ նոյեմբերի 4-ին, դատավոր Թովմասյանի նախագահությամբ շարունակվում էր Վարդան Գերավետյանի գործով դատական նիստը:
Ոստիկանության ներկայացուցիչ Մարթա Մելիքսեթյանը նշեց, որ ոստիկանությունը դիմել է վարչական դատարան, որպեսզի դատարանը պատասխանատվության ենթարկի Վարդան Գերավետյանին՝ հասարակական կարգը պահպանող ոստիկանության պահանջը չկատարելու համար: Նա հավելեց, որ Վարդան Գերավետյանը օգոստոսի 24-ին Կոմիտաս 5 հասցեում մասնակցել է խաղաղ բողոքի ակցիայի, սակայն ժամը 17:00-ից հետո ակցիայի մասնակիցները դուրս են եկել երթեւեկելի գոտուց եւ խոչընդոտել են երթեւեկությանը. «Ոստիկանության գործողությունները ուղղած են եղել հասարակական կարգի պահպանմանը, ոստիկանությունը քայլեր չի ձեռնարկել, որպեսզի խոչընդոտի բողոքի ակցիային, ընդամենը պահանջել է վեր կենալ երթեւեկելի գոտուց եւ շարունակել բողոքի ակցիան: Ոստիկանությունը ժամանակ է տվել, որպեսզի բողոքի ակցիա կատարողները դուրս գան երթեւեկելի մասից, սակայն նա դուրս չի եկել եւ տեղի է ունեցել վարչական ձերբակալություն»:
Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Սերգեյ Գրիգորյանը առարկեց մեղադրանքին՝ նշելով, որ ոստիկանների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են Վարդան Գերավետյանի իրավունքները. «Պահանջ ընդհանրապես ներկայացված չի եղել, հետեւաբար՝ չի կարող լինել օրինական: Առանց պահանջը ներկայացնելու մեր վստահորդին զրկել են ազատությունից, ոստիկանության բաժանմունք տեղափոխելիս նրա նկատմամբ կիրառվել է բիրտ ուժ: Ոստիկանության գործողությունները իրավաչափ չեն եղել»:
Նա հավելեց, որ բերման ռեժիմ է կիրառվել եւ Վարդան Գերավետյանին ոստիկանությունում պահել են սահմանված մեկ ժամից ավելի: Վարդան Գերավետյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ կողմը պնդում է, որ չի ապացուցվել տեղում վարչական տուգանք կազմելու անհրաժեշտությունը, խախտվել են վարչական վարույթի բոլոր գործընթացները. «Առաջին հերթին չեն բացատրել նրա իրավունքները եւ ոստիկանությունում ձեռնամուխ են եղել բացատրություն վերցնելու եւ նրան հետախուզելու»:
Դատավորի հարցին, թե ո՞րն է կողմի դիրքորոշումը Վարդան Գերավետյանի՝ հասարակական կարգը խոչընդոտելու կապակցությամբ, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ Վարդան Գերավետյանը չի խոչընդոտել երթեւեկությանը:
Բացման խոսքից հետո՝ կողմերը դիտեցին դեպքի մասին ոստիկանության ներկայացրած տեսանյութը: Ոստիկանության ներկայացուցիչները դատարանի ուշադրությունը հրավիրեցին այն կադրերի վրա, որտեղ Վարդան Գերավետյանը գտնվում է երթեւեկելի հատվածում: Վերջինս էլ ասաց, որ ինքն անընդհատ չի գտնվել երթեւեկելի գոտում, գնացել է մայթ, վերադարձել է՝ տեսնելու համար, թե ի՞նչ է կատարվում. «Մենք հա դուրս էինք գալիս, ես կողքը կանգնած էի, զրուցում էի ոստիկանների հետ, Կարեն Մովսիսյանը հեռվից մատնացույց արեց ինձ, ասաց իրեն էլ բռնեք, ինքն էլ է կազմակերպիչ: Մինչ այդ խոսել էի Կարեն Մովսիսյանի հետ, նա ինձ ասել էր, որ վարչական պատասխանատվության կենթարկի, եթե մասնակցեմ նման ակցիաների»:
Կարդացեք նաև
Նա հավելեց, որ բողոքի ակցիայի ընթացքում փորձել է բանակցել, խնդիրը լուծել, սակայն այդ երեւույթը Կարեն Մովսիսյանի դուրը չի եկել: Նրա խոսքերով՝ երբ որ տեսախցիկները չեն արձանագրել, ոստիկաններն իրեն ծնկներով էլ են հարվածել:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ