Լրահոս
Օրվա լրահոսը

Թեժ քննարկում`զորակոչի եւ կրթության իրավունքի շուրջ (Տեսանյութ)

Նոյեմբեր 04,2014 14:37

«Ժառանգության» պատգամավորներ Ռուբեն Հակոբյանը եւ Թեւան Պողոսյանը նախագիծ են ներկայացրել`«Զինապարտության մասին ՀՀ օրենքում» եւ «Բարձրագույն ու հետբուհական կրթության մասին ՀՀ օրենքում» փոփոխություններ կատարելու մասին: Հարցն այսօր քննարկվում էր ՀՀ ազգային անվտանգության, պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովում:

Փաթեթը սահմանում է, որ 18 տարին լրացած արական սեռի ՀՀ քաղաքացիները բոլորը բանակ են գնում` առանց բացառությունների: Բացի այն, որ ըստ նախագծի հեղինակների, հետագա ուսումնառության հետ կապված արտոնությունները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում` տղաներն ընդունվում են ասպիրանտուրա, բակալավրիատ, մեկնում են արտերկիր սովորելու, որպեսզի չծառայեն բանակում, նաեւ Հայաստանին այսօր զինվորներ են պետք: Այս նախագծով, պարտադիր զինվորական ծառայության կանցնեն մոտ երկու հազար երիտասարդներ:

Ռուբեն Հակոբյանն առավելապես հարցի հոգեբանական կողմն է շեշտադրում, քան քանակական: Նա նկատում է, որ հասարակության մոտ վրդովմունք է առաջացնում այն, որ այսինչի կամ այնինչի տղան բանակում չի ծառայում, իսկ այդ արտոնություններից օգտվողները խեղճ ու կրակ մարդկանց երեխաներ չեն, հարուստների, փողատերերի երեխաներն են: Ի դեպ, մինչ օրս 5-6 հազար տղա միայն արտերկիր է մեկնել սովորելու ու չի վերադարձել:

Ashotyan_Maruqyan

 

«Գիտությունը մի քիչ կտուժի, բայց դա անդառնալի կորուստ չէ գիտության վրա ու այս քայլով մենք շատ ավելի մեծ խնդիր կլուծենք»,- կարծում է Ռուբեն Հակոբյանը:

Ռուբեն Հակոբյանի այլ հիմնավորումները` տեսանյութում

Այս հարցը քննարկվել է բոլոր խորհրդարաններում: Ռուբեն Հակոբյանը հիշեցրեց, որ այն 1996 թվականին անգամ սկանդալի առիթ դարձավ: «Հարցը խորհրդարանում քննարկման դրվեց, հեղինակը Վազգեն Սարգսյանն էր: Այն ժամանակ էլ խորհրդարանը միակարծիք էր, ես էլ օպոզիցիա էի, կողմ էի նախագծին, Բաբկեն Արարքցյանը հայտարարեց, որ եթե այդ հարցն ընդունվի, ուրեմն իրենց վստահության հարցը պետք է դրվի: Ցավոք, Վազգեն Սարգսյանը տեղի տվեց»,- հիշեց Ռուբեն Հակոբյանը:

Կառավարությունն, ի դեմս կրթության եւ գիտության նախարարության, դիվանագիտական պատասխան է տվել` թողնելով քաղաքական ուժերի համաձայնությանը: Եթե խորհրդարանում հարցի շուրջ համաձայնություն լինի, կառավարությունը կողջունի:
Պատգամավոր Էդմոն Մարուքյանը կարեւորեց նախագիծը, բայց նկատեց, որ այն հասարակական մեծ դժգոհություն կառաջացնի, առաջարկեց, ասենք, թույլ տալ, որ երիտասարդը պաշտպանի թեզը, հետո զորակոչվի բանակ: Ռուբեն Հակոբյանը կարծում է, որ դա էլ կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ նկատեց. «Ֆորմալ առումով ուզում ենք բոլոր զինակոչիկների համար հավասար դաշտ ապահովել, այդ դեպքում ինչո՞ւ տարեկետման իրավունքով սովորողների հարցը չենք բերում»: Նա խնդրեց թվեր հրապարակել, քանզի եթե այդպիսով գոնե 1600 զինակոչիկի ներկայություն չենք ապահովում, ուրեմն, անիմաստ է: Պատգամավորի կարծիքով, եթե հարցը բանակի համալրման տեսանկյունից ենք քննարկում, ապա բանակը միայն շարքային ծառայողի խնդիր չունի ու հարցն այլ ասպեկտով պիտի քննարկվի. «Բանակը կրթված զորակոչիկների կարիք ունի»: Եթե կրթության`այլ տեսանկյունից:

«Ես սկզբունքորեն կողմ եմ նախագծին, բայց եթե 1996 թվականի համար ամեն ինչ այլ էր, բանակն այսօր այլ է, նաեւ ինտելեկտուալ բանակ է: Միեւնույն ժամանակ, եթե ուսման հիմքով տարեկետումը վերացնում ենք, գրոհը կսկսվի առողջության, ընտանեկան վիճակի եւ այլն: Այս խնդիրները լուրջ քննարկման կարիք ունեն»,- ասաց Գագիկ Ջհանգիրյանը:
Կորյուն Նահապետյանի հրապարակած թվերը ցույց տվեցին, որ այդ թիվն ապահովվում է: «Եթե ջութակահարը զենքով ծառայության մեկնեց, իր մկանային համակարգը ձեւախեղվելու է եւ նա այլեւս չի կարողանալու այնպես վիրտուոզ նվագել, ինչպես նախկինում: Նման դեպքեր նախկինում տասնյակներով ունեցել ենք: Ինչ-որ բացառություններ պիտի լինե՞ն»,- շարունակեց ՀԱԿ պատգամավորը:

Ռուբեն Հակոբյանն ասաց. «Կառավարությանը լիազորություն է տրված`վունդերկինդներին որոշելու: Բայց այդ ձեւաչափը պետք է փոխվի: Կառավարությունը միայնակ չպետք է որոշի: ԱԺ վեց խմբակցությունների ներկայացուցիչը եւ ՄԻՊ-ի ներկայացուցիչն էլ պիտի ընդգրկվեն: Չափանիշները կարելի է մտածել ու մշակել»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ նկատեց. «Եթե բանակից ազատելու խնդիր է գնում, տարբերակներ կգտնեն»: Պատգամավորը դեմ է նախագծին, քանզի գտնում է, որ Երեւանում նստած ծրագրավորողը բանակին ավելի մեծ օգուտ կարող է տալ: Նա առաջարկեց. «Եկեք բոլորին մի սանրով չսանրենք» ու ասաց, որ բնավ էլ պատահական չէր, որ այդ հարցը Վազգեն Սարգսյանի եւ Բաբկեն Արարքցյանի միջեւ անհամաձայնության պատճառ դարձավ:

Հասարակական հնչեղությունը նկատի ունենալով, հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն առաջարկեց հարցը լայն հասարակական քննարկման առարկա դարձնել: Ինքն այն կարծիքին է, որ բանակի համար դա մեծ կորուստ չէ, քանզի տարեցտարի բանակում ավելանում է պայմանագրային զինծառայողների թիվը:

Նախագծի համահեղինակ Ռուբեն Հակոբյանը համաձայնեց հասարակական լայն քննարկումների առաջարկին: Իսկ ՕԵԿ-ական Իշխան Խաչատրյանի դիտարկումը, որ դա կարող է նպաստել արտագաղթին, Ռուբեն Հակոբյանը պարզապես հեգնեց. «Կարող ենք դուրս գալ փողոց ու ասել` սա կնպաստի արտագաղթին…»:

Քննարկմանը ներկա կրթության եւ գիտության Արմեն Աշոտյանը հակադարձեց, որ կրթության համակարգում կոռուպցիոն ռիսկեր չկան ու դա արձանագրում է նաեւ հասարակական հայացքը:

Ռուբեն Հակոբյանը չհամաձայնեց` կոռուպցիա կա: Խնդրո առարկայի վերաբերյալ էլ կրթության նախարարն ասաց` Հայաստանում երբեք չի եղել ու չի կարող հասարակական համաձայնություն լինել այս հարցի վերաբերյալ: Խնդիրը քաղաքական ուժերի համաձայնությանն է վերաբերվում` կզոհաբերե՞ն որոշ քաղաքական ուժեր եւ անհատներ իրենց «հանրային կերպարից» հանուն համընդհանուր շահի, կառավարությունը կշարունակի աշխատել ու բացառությունների տարբերակները քննարկել:

Մոտ երկու ժամ տեւած բուռն քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամները նախագծի համահեղինակ Ռուբեն Հակոբյանին համոզեցին մինչեւ մեկ տարով հետաձգել նախագծի ընդգրկումը մեծ եւ առաջիկա քառօրյայի օրակարգեր` հարցի վերաբերյալ հանրային քննարկումների շարք սկսելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930