Լրահոս
Օրվա լրահոսը

25 տարի առաջ այս օրը բացվեց ՀՀՇ առաջին համագումարը: Արամ Հովհաննիսյանի ելույթը այդ համագումարում

Նոյեմբեր 04,2014 14:25

ԵԼՈՒՅԹ ՀՀՇ ՀԻՄՆԱԴԻՐ ՀԱՄԱԳՈՒՄԱՐՈՒՄ

Ելույթի համար խոսք եմ խնդրել, որովհետև վերջին շրջանում ոմանց մեջ խուճապ, հուսահատություն, անտարբերություն եմ տեսնում, ըստ որում, այդ՝ պարտվողի հոգեբանությունը նկատելի է հանրության բոլոր շերտերում:

Ի՞նչ է պատահել: Արցախին վտա՞նգ է սպառնում: Իսկ ե՞րբ չի սպառնացել: Եթե չսպառնար, չէր լինի այս Շարժումը, հողագնդի բոլոր անկյուններում ոտքի չէր կանգնի մեր ժողովուրդը:

Ոմանք հուսալքվել են, քանզի Մոսկվան մեզ զորավիգ չէ: Ասացեք՝ իսկ ե՞րբ է նա մեզ հետ եղել: Շուրջ երկու միլիոն զոհ տված, վաղնջական հողերից վտարված, լլկված մեր ժողովրդին նա նեցուկ չեղավ դարասկզբին և մեր ավերակված ափաչափ հողից լիուլի բաժին հանեց ուրիշներին, հիմա՞ պետք է թիկունք կանգնի, երբ զարթոնք ենք ապրում, փորձում իրաններս ուղղել, պարանոցներս ձիգ պահել, սեփական ձեռքերով կռել մեր բախտը:

Կան, որ ասում են՝ ախր, միայնակ ենք: Հետաքրքիր է, ե՞րբ ենք շրջապատված եղել բարեկամներով, դաշնակիցներով: Իսկ եթե բանը մնում է համակիրներին, ավելի բարենպաստ շրջան ես չեմ հիշում. հիմա մեզ հետ են երկրի, աշխարհի ժողովրդավար ուժերը:

Ասում են՝ քիչ ենք: Ճիշտ չէ: Հայերի թիվն աշխարհում անցնում է ինը միլիոնից: Տարածքով մենք գրեթե նույնն ենք, ինչ Ալբանիան, Բուլղարիան, Շվեյցարիան, Բելգիան, Դանիան, Հոլանդիան… Նրանք այսօր աշխարհի քաղաքակիրթ ազգերի հետ են նստում-ելնում: Մենք ևս կարող ենք:

Աշխարհագրական դի՞րքն է վատ: Չեմ ժխտում, բայց թե՝ ուրիշներինն էլ լավ չէ, անգամ, Չարենցի բառերով ձևակերպած, հազարամյա Ոսոխինն ու երեք հարյուր տարի մեզ «հովանավոր» հորջորջվածինը: Եթե անգամ ընդունելու լինենք աշխարհագրական դիրքի աննպաստ լինելը, փաստը մեր օգտին է խոսում: Բացատրեմ․ ես համոզված չեմ, նշածս եվրոպական ազգերը մեր տեղում լինելու դեպքում կմնայի՞ն, կկարողանայի՞ն իրենց մարդկային, ազգային որակները պահպանել: Իսկ մենք կանք, Աստծուն փառք, կանք, այդ որակները պահել ենք: Ուրեմն՝ մենք ուժեղ ենք:

Վերջապես, մենք ուժեղ ենք, որովհետև մեր կողմն է ամենագլխավորը՝ ճշմարտությունը: Մարդկությունը, այդ թվում և այս երկիրը գոյատևելու մի ճանապարհ ունի՝ մարդկայնանալ: Նա, այո՛, կամ պիտի մարդկայնանա կամ կկործանվի: Առաջին դեպքում մեր հարցերը կլուծվեն, երկրորդ դեպքում՝ կործանում է սպասում ողջ քաղաքակրթությանը:

Չմոռանամ հոռետեսների մի փաստարկ ևս․ նրանց կարծիքով, ազգը մասնատված է: Ասվածը փաստելու համար վկայակոչում են բազմաթիվ խմբակցությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների առկայությունը: Ես չեմ կիսում այդ կարծիքը և դրա մեջ վատ ոչինչ չեմ տեսնում: Ողջ քաղաքակիրթ աշխարհում այդպես է․ բազմակարծությունից շահում է միայն ճշմարտությունը: Իսկ չսխալվելու համար, ոչ ոք չի ժխտի, մեզ պետք է իմանալ ճշմարտությունը, այլապես այս որոգայթներով, խարդավանքներով լի ժամանակներում վրիպումներ թույլ կտանք: Իսկ դա մեկի վրիպում չի լինի, որովհետև մեկի ճակատագիրը չի այսօր լուծվում:

Aram Hovhannisyan

Կարծում եմ, մեզ, ի թիվս այլ բաների, հիմա ընդամենը մեկ կարևոր հատկություն է պակասում՝ ակտիվություն, ընդսմին՝ բոլոր մակարդակներում: Եթե մեզնից յուրաքանչյուրն ըմբռնի, մեկընդմիշտ ըմբռնի, որ իր բաժին լուծը ոչ ոք չի տանելու, որ «Ղարաբաղ» կոմիտեն հազար կտոր լինելու դեպքում էլ միայնակ չի կարող իրադարձությունների ընթացքը փոխել, որ մեկի գործը, Սևակի բառերով ասած, աշխարհի շալակը ելնելը չէ, մյուսինը՝ աշխարհը շալակած տանելը, որ Երևանում, միության այլ վայրերում ապրող նախկին մարտակերտցու, շուշեցու, հադրութցու՝ իր ծննդավայրը գալով, մնալ-կենալով միայն Ղարաբաղն Արցախ կդառնա, Արցախ կմնա, գործերը, հավատացեք, հաջող կընթանան: Ամեն մեկս՝ մեր տեղում, ամեն մեկս՝ մեր բաժինը, ուրիշ կերպ դժվար է, եթե ոչ՝ անհնար:

Քիչ է ասել՝ ճակատագրական օրեր ենք ապրում՝ Ավարայրից, Սարդարապատից ոչնչով չտարբերվող օրեր: Պարզապես ժամանակն է ուրիշ, պարզապես մենք իրադարձությունների հորձանուտում լինելով՝ լիովին չենք գիտակցում ժամանակների պատմական լինելը: Ով պասսիվ հայեցող է եղել, պետք է ակտիվանա, ով խրամատի այն կողմում էր, քանի ուշ չէ, փոխի իր տեղը, ով հարկավոր որակները չունենալով առաջ է մղվել՝ դառնալով առաջամարտիկ, դրոշակակիր, պետք է զիջի դիրքերը: Ճշտենք ոչ միայն մեր անելիքը, այլև մեր տեղը, Գարեգին Նժդեհի ասած՝ «հայրենի անկյունը» Հայրենիք դարձնելու համար մաքրագործվենք և այդ գիտակցությամբ տրվենք գործին: Հակառակ պարագայում, կրկնում եմ, դժվար կլինի, անասելի դժվար:

Եվ իրոք: Ինչպե՞ս կարող ենք հաջողություն ակնկալել, երբ այսքան ասելուց հետո էլ միայն Երևանում քառասուն հազար երեխա ռուսական դպրոց է հաճախում, երբ Արցախում, Մեղրիում տասնյակ ու տասնյակ գյուղեր դատարկ են, երբ ամենավճռական պահին պաշտոնատար անձինք հետևողական լքում են ժողովրդին՝ հարյուր հազարներին ստիպելով կիզիչ արևի, անձրևի, ձյան տակ օրեր անցկացնել, երբ հարյուրավոր մարդկանց կաթվածահար անելու գնով են գումարվում Գերագույն խորհրդի նստաշրջանները:

Իհարկե, որպես հեռուստատեսության աշխատակից, որպես լրագրող, ես նույնպես մեղավոր եմ: Ապրելիք ամբողջ կյանքում ականջներումս կհնչեն ամոթանքի վանկարկումները մեր հասցեին՝ Ազատության հրապարակում, պատեհ ու անպատեհ առիթով մտովի կտեսնեմ ռադիոտունը պաշարած, տասնյակ անգամներ ոտքով հեռուստակենտրոն հասած ցուցարարներին: Իսկ ի՞նչ էին պահանջում նրանք. ընդամենը՝ ճշմարտությունը, ընդամենը տեղեկություններ Արցախի անցուդարձի մասին: Փոխարենն ինչպե՜ս էինք լռում, խոսելիս էլ ի՜նչ լուտանքներ չէինք տեղում Շարժման ու նրա առաջամարտիկների հասցեին: Ի դեպ, մտապահենք՝ օվչարենկոների, արիշնիկովների հասցրած վիրավորանքը մոռացվում է, հարազատինը՝ ոչ /այդպես է և կյանքում/:

Թերևս, խելամիտը անցյալը չփորփրելն է, բայց և ճիշտ է այն, որ սխալների վրա են սովորում: Իհարկե, շատ բան է փոխվել, թե մամուլը, թե հեռուստատեսությունը դարձել են համեմատաբար համարձակ, կյանքային, բայց ինչպես ՀՀՇ-ի մեր տեղական կազմակերպության հիմնադիր ժողովում ասացի, եթերում ամեն ինչ չէ, որ հաղորդվում է և ապա՝ երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրը մեր բերանը չեն գոցի, որ եթե, բան է, ժողովուրդը, ի հեճուկս Մոսկվայի, անկախության դրոշ պարզած զանգվածաբար փողոց դուրս գա, լրագրողները նրանց հետ կլինեն՝ նույն խրամատում և կամ /Աստված ոչ անի/ վերադառնա երեսունյոթ թվականը, նույն այդ լրագրողները հանձնարարություն ստանալով գլուխկախ ռեպորտաժներ չեն բերի, որում զավակը հրաժարվում է հորից, կինը՝ ամուսնուց, այլ խոսքով՝ վերստին չեն դառնա այն վարչակարգի կամակատարը, ում յոթանասունամյա կենսագրության գրեթե ցանկացած էջ թերթելիս արյուն ենք տեսնում, անհատների, ազգերի խեղված ճակատագրեր, համատարած կեղծիք:

Որպեսզի դա չլինի, անցյալը չկրկնվի, ոմանց համար «երանելի» ժամանակները ետ չգան, դիմադարձող ուժ է պետք, անխորտակ ուժ, որը, ըստ իս, ներկա փուլում ի զորու է դառնալ ՀՀՇ-ն, պայմանով, եթե նրա ծրագրի հիմնադրույթներում էական շտկումներ արվեն, իսկ շարքերը համալրվեն նվիրյալներով:

Դա կարող է լինել հանրապետության առաջին դեմքը, կարող է լինել ցանկացած հայ:

4-ը նոյեմբերի, 1989 թվական:

ՀԵՏԳԻՐ – Քսանհինգ տարի անց ցավով պիտի արձանագրեմ՝ հերթական անգամ ձախողեցինք. ոթած արյունը, ճիգերը երանելի արդյունք չապահովեցին, որովհետև, շեղվելով բնության սահմանած կարգից, չկտրեցինք պորտալարը, և նրանով առ օրս ժահր է ներարկվում: Որքա՞ն է վիճակված տոկալ տկար, տխեղծ մարմնին, եթե մեծամասնությունը շարունակում է փարել օտար ստնտուին՝ փոխարեն խրոխտ կեցության ընտրելով գետնաքարշը…

Արամ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930