Aravot.am -ը տեղեկացրել էր, որ Հայաստանի պետական Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ) քոլեջի ավարտական կուրս տեղափոխվող երկու ջավախքցի ուսանողներ բացակայելով Հայաստանից՝ գարնանային քննաշրջանում, բացառությամբ մեկ առարկայի, դրական գնահատականներ էին ստացել: Միայն «էլեկտրական սարքավորումների տեղակայում եւ սպասարկում» առարկայի դասախոս Արմեն Կիրակոսյանը չէր գնահատել նրանց, սակայն այնպես էր ստացվել, որ պատմությունը հենց դասախոսի դեմ էր շրջվել:
Aravot.am-ի հետ զրույցում պարոն Կիրակոսյանը պնդեց, որ ինքը չի տեսել այդ երկու ուսանողներին: «Ըստ իրենց ընկերների տվյալների, նրանք գտնվել են Ռուսաստանի Դաշնությունում, անձամբ ես իրենց չեմ տեսել մոտավորապես չորս ամիս»,-ասաց դասախոսը:
«Ինձ մոտ մատյանում ես բացակայության «բ» տառը չեմ նշել քոլեջի ղեկավարության խնդրանքով, տեսուչ կա՝ Սվետլանա Ավագյան, որն ինձ ասել էր՝ չպետք է նշանակել «բ» տառերը, կա փոքր մատյան, այնտեղ պետք է փոխանցել: Մի երկու ամիս հետո իրենք վերցնում կորցնում են ֆիզիկական ներկայությունների մատյանը, հետագայում ցուցադրում են գնահատականների մատյանը, որտեղ «բ» տառեր գոյություն չունեն, ու իբր տվյալ ուսանողները հաճախել են դասերին: Ես ասացի, որ մինչեւ իրենց չտեսնեմ, քննությունը չանցկացնեմ, գնահատական չեմ նշանակելու: Դա եղել է պատճառ, որ չեմ գնահատել: Եթե ուսանողի ֆիզիկական արտահայտությունը բացակայում է, ապա գոյություն չունի տվյալ ուսանողի քննման պրոցես, հետեւաբար չի կարող լինել նաեւ գնահատական: Սա է խնդիրը: Կրկնում եմ՝ «բ» տառը չնշանակելը եղել է իրենց տրադիցիոն որոշումների շարքից, որոշել են՝ բերեք չնշանակենք, որպեսզի ուսանողները չտուժեն, չհեռացվեն:
Փաստորեն, իրենք երկակի աշխատանք են կատարել, ունեցել են ֆիզիկական ներկայության մատյան եւ գիտելիքների մատյան, դա՛ է խնդիրը: Ֆիզիկական ներկայությունների մատյանը կոծկել են իրենց կաշին փրկելու համար: Քոլեջի տեսուչ Ավագյան Սվետլանան վարել է այդ խումբը, հսկել այդ խմբին, ինքն էլ հետեւաբար պետք է պատասխան տար ուսանողների առաջադիմության եւ բացակայությունների համար»,-հավելեց բացակայող ուսանողներին գնահատական չնշանակած դասախոս Արմեն Կիրակոսյանը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ Պոլիտեխնիկի պրոռեկտոր Աշոտ Խաչատրյանի նախագահությամբ ստեղծված հանձնաժողովը չէր կարողացել պարզել հարցի իսկությունը եւ այժմ խնդրով զբաղվում է քննչական կոմիտեն: Մանրամասները՝ հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ