Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Կարապետյանը՝ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի մասին. «Ժողովուրդը չի հանդուրժի ևս մեկ ղարաբաղցու»

Նոյեմբեր 04,2014 13:50

«Ժողովուրդը չի հանդուրժի ևս մեկ ղարաբաղցու»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք եռյակը ճանապա՞րհ է հարթում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, և հնարավո՞ր է պարոն Քոչարյանը ակտիվանա, «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պատասխանեց «Ժողովրդական կուսակցության» նախագահ Տիգրան Կարապետյանը:

Պարոն Կարապետյանը վրդովվեց՝ մի՞թե Հայաստանում, Երևանում չկա մի արժանի մարդ:

Մեր մյուս հարցին՝ արդյոք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը տեսնու՞մ է ՀՀ նախագահի պաշտոնում, պարոն Կարապետյանը նշեց. «Չեմ մտածում, որ ավելի վատ կլիներ, քան հիմա է»: Պարոն Կարապետյանի կարծիքով՝ ՀՀ նախագահի թեկնածու կարող է լինել Ժիրայր Սեֆիլյանը, Նիկոլ Փաշինյանը. «Եթե իշխանությունները գնացող լինեին, մինչեւ հիմա կգնային: Գնացող չկա, ուղարկող էլ չկա, ցավոք: Նույնիսկ հայհոյելով հարցը չի լուծվում: Չմոռանանք Գեղամյանին, որը ժամանակին հայհոյում էր, իսկ այսօր հայտնվել է իշխանության աջ թեւի տակ»:

Պարոն Կարապետյանը չի հավատում եռյակի անկեղծությանը. «Բացի այդ էլ եռյակն ինձ չի հրավիրել հանրահավաքին: Ասում են`համաժողովրդական շարժում է, բայց ոչ մի արտախորհրդարանական ուժ նրանց կողքին կանգնած չէ: Ես յուրաքանչյուր ուժի կողքը կլինեմ, եթե տեսնեմ, որ դա ռեալ ընդդիմություն է: Ես ուզում եմ հավատալ, ես դեռ չեմ հավատում, դեռ ինձ թվում է` իրենց շահերը համընկնում են»:

Պարոն Կարապետյանը կարծում է, որ առաջիկա նախագահական ընտրություններին իշխանությունները մի քանի խաղեր կխաղան, որ ժողովուրդն ընտրի չարյաց փոքրագույնին:

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի և ընկերների պայքարին՝ պարոն Կարապետյանն ասաց. «Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը` ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», հանրահավաքներ է անցկացնում, քանի որ վախենում է Շանթ Հարությունյանի նման «խելառ, բայց արդար» մարդկանցից: Վախենում են, որ տեղն ազատ կմնա եւ Շանթի նման մի խելառ, բայց արդար մարդ կգա եւ ժողովուրդը կգնա նրանց հետեւից: Եռյակը վախենում է նոր ուժից: Իշխանության գնալուն նույնիսկ նրանք կողմ չեն»:

Կարապետյանի խոսքով` եռյակում պետք է առանձնացնել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին: Նա հավելեց. «Այս տխուր երկրում, որտեղ բոլորը մտածում են սեփական հարստացման մասին միայն, գոնե կիսվողներ կան, Ծառուկյանն էլ ընդունակ է դա անել եւ կիսվում է ժողովրդի հետ»: Սակայն պարոն Կարապետյանը նաև նշեց, որ չի պատրաստվում միանալ խորհրդարանական ոչ իշխանական եռյակին:

Սահմանադրական բարեփոխումներին պարոն Կարապետյանը դեմ է: Այս առիթով նա ասաց. «Սահմանադրական բարեփոխումներն իշխանությունների վերարտադրվելու համար են: Ես համարում եմ, որ Հայաստանը երբևէ չի բարելավվի, եթե անարդար իշխանություն ու ընդդիմություն ունենա: Աշխարհում այդ երկու ուժը մրցակցելով իրար հետ` հնարավորություն են տալիս որոշ փոփոխությունների, մենք չունենք այդ հնարավորությունը, որովհետև հայհոյելով չի ընդդիմություն դառնալը»:

Ըստ Պարոն Կարապետյանի՝ Դաշնակցությունը որոշեց իր տեղը զիջել, իշխանության սպասումներ ունի, պայմանավորվածություն ունի. «Հենց այնպես ոչինչ չի անում ՀՅԴ-ն երբեք»:

Առաջին և երկրորդ նախագահների հակասության մասին, պարոն Կարապետյանն ասաց. «Հակասություն չկա երկրորդ ու երրորդ նախագահների միջև, հակասությունն այն է, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել»:

Մեր հարցին՝ արդյոք Լևոն Տեր-Պետրոսյանը կհանդուրժի՞ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը՝ նախագահի թեկնածուի պաշտոնում, պարոն Կարապետյանն ասաց. «Լևոնին կիսաաստված սարքեցիք: Թող ինքը մտածի, որ ժողովուրդն իրենց հանդուրժի»:

Մեր հարցին՝ արդյոք ճի՞շտ քայլ էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հարթակից անեկդոտներ էր պատմում, պարոն Կարապետյանն ասաց. «Ի՞նչ վատա, թող պատմի: Սերժ Սարգսյանն էլ թող պատմի, միասին թող պատմեն, շատ կա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930