Լրահոս
Օրվա լրահոսը

Բիշարյանը՝ հայտնի մարդկանց «լեւի գծերի» մասին

Նոյեմբեր 04,2014 13:45

Այսօր ԱԺ-ում, երբ քննարկվում էր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության հատկացումները 2015-ի բյուջեի նախագծով, ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը փոխնախարար Արա Սիմոնյանին հարցրեց. «Ատոմակայանը մեր պետության համար ունի ռազմավարական նշանակություն: Այն չաշխատելու հետ կապված մենք ունեցանք էլեկտրաէներգիայի բարձրացում, ինչը ամռանն էր, մարդիկ փորձեցին մի քիչ մատների արանքով նայել դրան: Բայց այսօր արդեն, երբ դրսում ցուրտ է, արդեն սկսել են լուրջ մտահոգվել: Որքա՞ն արտադրանք է տալիս ատոմակայանը: Չե՞ք գտնում, որ մեր երկրում 80 օր ատոմակայանը չաշխատելու պարագայում իրավունք չունեինք էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնել: Հետո մենք խոսում ենք կորուստի մասին: Պարզապես որոշ հիմնարկներ, օբյեկտներ, որոնք պատկանում են որոշակի անձանց խմբի, ես չեմ ասի դրանք ովքեր են, բայց եթե ուսումնասիրեք, շատ արագ կգտնեք կորուստները: Պետք է աշխատանքային խումբ ձեւավորվի եւ ուսումնասիրվի: Իմ ականջին հասել են որոշ տեղեկություններ, որ կան օբյեկտներ, որոնց տերերը հայտնի մարդիկ են եւ դրանք ունեն «լեւի գծեր»: Դրանք պետք է ուսումնասիրել, այս դահլիճում լսումները ոչինչ չեն տալու: Տարիներ շարունակ մենք շատ լավ գիտենք թե որ համայնքում որքան կորուստ կա, աղմկահարույց անուններ տրվեցին, լղոզվեց գնաց: Հնարավոր չի՞ սկզբունք դնել եւ անկախ նրանից, թե ովքեր են այդ «լեւի գծի» վրա նստածները, նրանց դուրս բերել: Ոչ թե խեղճ ժողովրդի գրպանին խփելով ասել, որ ընդամենը մի քանի կոպեկ է ավելանալու: Հիմա մի կողմից, որ գազերն են օդ տալիս, մյուս կողմից էներգիան, մեր ժողովուրդը կհասկանա, թե ինչ փաստի առաջ է կանգնել ամառվա էլեկտրաէներգիայի թանկացումներից»:

Փոխնախարարը պատասխանեց, որ կա հարցի տեխնիկական կողմը եւ մարդկային գործոնը. «Տեխնիկական կողմը կապված է հաշվիչների տեղադրման հետ: Էլեկտրոնային հաշվիչները բացառում են մարդկային միջամտությունը: Այդ մասի կորուստները տեխնիկական միջոցներով կանխարգելել ենք»:

Ինչ վերաբերում է «լեւի» գծերին՝ փոխնախարարն ասաց. «Ցավոք, ես նման արտոնյալ եւ ձախ գծեր ունեցողների, լուրջ սպառիչների վերաբերյալ նման տեղեկատվություն չունեմ: Կխնդրեի մեկ-երկու տեղեկատվություն տրամադրել, կփորձենք աշխատել»:

Հեղինե Բիշարյանը զայրացավ. «Եթե դուք մտածում եք, որ ես ձեզ պետք է գործ տամ որոշ մարդկանց վրա, դուք սխալվում եք: Եթե կառավարությունը հիմա վիրահատություն կատարի եւ ձեզ կրճատի, ձեր ամբողջ նախարարության աշխատակիցներից սկսած եւ այնտեղ նշանակի այնպիսի պրոֆեսիոնալ մարդկանց, որոնք կգտնեն այդ ուղղությունները, ես կհասկանամ, որ կառավարությունը մտահոգված է այս խնդրով»:

Վարդան Այվազյանը փորձում էր միջամտել՝ Հեղինե Բիշարյանն ասաց. «Մի միջամտեք, պարոն Այվազյան, ձեր մասին չի խոսքը: Եթե էներգետիկայի նախարարությունը չգիտի, թե ովքեր ունեն լեւի գծեր, դա էլ է ողբերգություն: Դրա համար, երբ ձեւավորվում էր կառավարություն, պետք է կոմպետենտ մարդիկ նշանակեին, որոնք այս հարցերը չէին թողնի ժառանգվեր տասնյակ տարիներ»:

Վարդան Այվազյանը հակադարձեց՝ «Տիկին Բիշարյան, այն կառավարությանը, որին դուք պաշտպանում էիք, այդ մասնագետները նորից այդտեղ էին: Հիմա որոշեք՝ երկուշաբթի, երեքշաբթի օրը պաշտպանում եք, չորեքշաբթի, հինգշաբթի օրը փոշմանում եք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930