Այս տարվա Ապրիլին Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ Թուրքիայի կողմից ուղղորդված թուրքական համայնքի կազմակերպած ատելություն սերմանող ցույցը, շարունակում է մնալ Նիդերլանդների խորհրդարանի հինգ խմբակցությունների ուշադրության կենտրոնում: Սոցիալիստական (SP), Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ ( CDA) ), Սոցիալիստական (SP), Քրիստոնեական Միություն (CU), Բարեփոխված Քաղաքական (SGP) և Ազատության համար (PVV) կուսակցությունների անունից պատգամավոր Պիտեր Օմզիգտի հարցադրումները կառավարությանը’ բավարար պատասխանի չի արժանացել: Այդ իսկ պատճառով խորհրդարանի հիշյալ խմբակցությունները, հավելել են նոր ’17 գրավոր հարցեր, այն ներկայացնելով արտաքին գործերի , սոցիալական ու աշխատանքի հարցերի (ով կրում է նաև ինտեգրացիայի նախարարի պաշտոնը), անվտանգության և արդարադատության նախարարներին:
Հոլանդացի պատգամավորները դժգոհ են նրանից, որ Ալմելոյի Մեծ Եղեռնի հուշահամալիրի և դրա դեմ կազմակերպված թուրքական ցույցի, ինչպես նաև հանրահավաքի կազմակերպման գործում թուրքական իշխանություններն ունեցել են ակտիվ դերակատարություն, նաև ուղիղ շփում Նիդերլանդական իշխանությունների հետ: Մասնավորապես Թուրքիայի կրոնական հարցերի վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ֆինանսավորել և ապահովել է անվճար փոխադրամիջոցները, իսկ Հոլանդիայում Թուրքիայի հյուպատոսը կոչ է արել տեղաբնակ թուրքերին ակտիվորեն մասնակցել ազգային խտրականություն ու ատելություն սերմանող հանրահավաքին: Եթե Թուրքիայի կրոնական հարցերի վարչության վարմունքը Նիդերլանդների կառավարության կողմից ի գիտություն է ընդունվել, ապա թուրք հյուպատոսի կոչին թեև տեղյակ է եղել, բայց այս գործը ստուգման ենթակա չէ:
Հոլանդացի պատգամավորներն այս անգամ սուր հարցադրումներ են առաջ քաշել: Օրինակ’ ինչ՞ու հոլանդական կառավարությունը ի թիվս Հոլոքոսթի և Ցեղասպանության այլ դրսևորումների չունի Հայոց Ցեղասպանության ժխտման դեպքերի համար նույնանման հստակ դիրքորոշում, երբ այլ դեպքերում, կառավարության անդամները հետևողականորեն մասնակցում են տարբեր հիշատակի միջոցառումներին, ինչպիսիք են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանության հիշատակի օրերը և Հոլանդիայի տարբեր ազգաբնակչությունների պատմական իրադարձությունների հիշատակի օրերը:Մասնավորապես ինտեգրման հարցերով նախարարը, այլ նախարարներ պարտադիր մասնակցում են հիշատակի այլ միջոցառումների: Հոլանդիայի կառավարությունը մինչև ե՞րբ է վերապահ մնալու Հայոց Ցեղասպանության ոգեկոչման նկատմամբ, երբ շուտով նշվելու է ոճրագործության 100 տարին, մինչդեռ Թուրքիան տարբեր խողովակներով շարունակում է իր ազդեցությունը: Պատգամավորները ցանկանում են իմանալ նաև, թե կառավարությունն ինչպե՞ս է ապահովելու Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացումը: Պատգամավորները պահանջել են, որ կառավարությունը վստահեցնի և ապահովի իր ներկայությունը ոգեկոչման միջոցառումներին:
Պատգամավորները դատախազությունից շուտափույթ պատասխան են սպասում Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացրած այն գանգատների, որով բողոք է հայտնվում Ալմելոյի հուշհամալիրի մոտ թուրքական ցույցի ժամանակ Հայոց Ցեղասպանության ժխտման և ատելություն սերմանող հայտարարությունների և լոզունգների համար: