Հայերը մի փոքր բուռ ժողովուրդ են, ատված տգիտության որջերում… Թալանված և ճնշված թշնամիների կողմից, որոնք շահագործում են նրանց կենսաստեղծ ձեռքերը… Ես պատիվ չունեմ պատկանելու այդ ազգին…
Նիկոլայ Մառ
Սուտը և դավաճանությունը հայերի արյան մեջ է:
Ալլահշուքյուր Փաշազադե
Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար
Մարդիկ, Բաբելոնում լեզուների բաժանումից և այպիսով ժողովուրդների ձևավորումից հետո, անցան իրենց սիրած զբաղմունքին՝ իրար ոչնչացնելուն: Դրա համար պետք էր գաղափարական, փիլիսոփայական այլևայլ հիմնավորումներ: Եվ դրանք մարդու մեջ կային ի սկզբանե: Աշխարհի ժողովուրդների, մանավանդ արխաիկ ցեղերի ամենատարածված ինքնանվանումն է «մարդ», կամ «իսկական մարդ»: Այսինքն՝ մյուսները մարդ չեն, կամ գոնե իսկական մարդ չեն: Ըստ Էնգելսի՝ «Այն, ինչ ցեղից դուրս էր՝ օրենքից դուրս էր»: Հետո, իհարկե, միմյանց միջև ատելությունը սկսեցին հիմնավորել այլևայլ ձևերով: Նախ՝ լեզվական՝ այդ ինչ ձևով են խոսում օտարները՝ չքնաղ հելլեներենի փոխարեն բռբռում են այլանդակ (սա հունարեն բարբարոս «օտար, ոչ հույն» բառն է): Կրոնական՝ մենք ճիշտ հավատի են, նրանք՝ սխալ՝ պետք է նրանց մորթել (խաչակիրներ, մուսուլմաններ): Տնտեսական՝ այս մի ազգը իր ձեռքն է հավաքել երկրի հարստությունը՝ պետք է մորթել (հրեաները Ռուսաստանում և Գերմանիայում): Ռասայական՝ էս այլանդակ սև սևահետույքները պղծում են մեր երկիրը և այլանդակում բնությունը՝ մորթենք (ԱՄՆ, Ռուսաստան):
Կարդացեք նաև
Այսպես, այլազգիների նկատմամբ կենցաղային հակակրանք կա ամենուրեք, նույնիսկ զարգացած եվրոպական երկրներում: Ֆրանսիացի, գերմանացի, իտալացի, իսպանացի, անգլիացի, միշտ էլ մի բան կգտնեն իրար դեմ, սկսած պատմությունից վերջացրած լեզվից և խոհանոցից: Բայց կան ազգեր, որոնց նկատմամբ ատելությունը եղել է համընդհանուր և համատարած: Դասական օրինակ է հակահրեականությունը: Գործում են բոլոր գործոնները՝ այլ կրոն, այլ ռասա, օտարական, կուտակած կապիտալ և այլն: Մի խոսքով՝ իսկական «ընտրյալ» ժողովուրդ են:
Հայի բախտը եղել է մեզ հետ ի սկզբանե: Իսկ ազգայնականության ձևավորելու դարաշրջանից սկսած դժվար է գտնել մեկ այլ ժողովուրդ աշխարհում, որի նկատմամբ այդպիսի ատելություն կուտակված լինի հարևանների մեջ: Բացի, իհարկե, հրեաներից: Բայց հրեաներն այդ ատելությունը կուտակել են որպես կրոնական փոքրամասնություն, իրենց պատմական հայրենիքից դուրս (և միայն վերջին տասնամյակներում՝ երկրորդ անգամ ձեռք բերված հայրենիքում): Իսկ մենք՝ և՛ ներսում, և՛ դրսում, և՛ այլակրոնների, և՛ հավատակիցների մեջ:
Մենք, այսպիսով, այս գործում զբաղեցում ենք առնվազն երկրորդ պատվավոր տեղը՝ արծաթե մեդալակիրներ ենք: Մեր հարևան պետություններից կարծես թե միայն Իրանն է, որտեղ հայատյացության գաղափարական հիմնավորումներ և տեսություններ չեն ստեղծվել: Հնում մեզ վերաբերվել են որպես պարզ գյավուրների, հետո՝ ռուսամոլ դավաճանների, ապա՝ երկրորդ կարգի քաղաքացիների: Մյուսները՝ թուրքերը, ռուսները և վրացիները, գաղափարական հիմքեր են ստեղծել:
Թուրքերի մասին ի՞նչ ասես: Մինչև հիմա ատում են՝ չեն կարողանում ներել իրենց՝ մեզ ոչնչացնելու մեղքը: Ադրբեջանցիների՝ որպես նոր ազգ ձևավորման գործընթացը, իրենց բախտի և իրենց իշխանությունների կամքով ձևավորվել և ձևավորվում է հակահայկականության հողի վրա: Չունենալով ստեղծագործական մեծ ռեսուրսներ, նրանք թարգմանում և աշխարհով մեկ տարածում են թուրքերի, ռուսների, վրացիների ստեղծած հայատյաց գրականությունը, իրենց կարողությունների սահմաններում զարգացնում դրանք սեփական խորիմաստ ընդհանրացումներով: Պարզվում է, որ սփյուռքի և Հայաստանի հայերը, շատ ավելի հզոր կերպով, քան հրեաները, իրենց ձեռքն են վերցրել աշխարհի ֆինանսական և այլ ռեսուրսները, իրենց բռում են պահում աշխարհի ուժեղներին և ամեն կերպ հակադրվում, վնասում ու պղծում են թուրքական արդար, հումանիստական գործն ու արժեքները: Նրանց օգնում են գնված ռուսները, պարսիկները և այլ ծախված գործիչներ ու պետություններ: Միայն մեկ՝ 391 էջանոց դասագրքում հայերը թշնամի են կոչվում 187, ռուսները՝ 119, իրանցիները՝ 44 անգամ: Բայց, իրականում, այնտեղ ո՛չ ռուսները և ո՛չ պարսիկները թշնամի չեն համարվում: Կարող են իրենց համար ապրել Ադրբեջանում ինչքան ուզեն՝ գնալ չայխանա, ռեստորան և նույնիսկ՝ սաունա: Իսկ մենք՝ ոչ:
Վրացական հայատյացության ռահվիրաներն են նրանց երկու մեծագույն բանաստեղծները, նոր գրականության և նոր գրական լեզվի հիմնադիրները՝ Իլյա Ճավճավաձեն և Ակակի Ծերեթելին (երկուսն էլ իշխան, որոնցից առաջինը նաև վրացական եկեղեցու սուրբ է հռչակված): Այդպիսի բան, որ երկրի լավագույն բանաստեղծները լինեն ինչ-որ ֆոբիայի հեղինակներ և տարածողներ, թերևս բացառիկ է: Բանաստեղծները, հատկապես մեծ բանաստեղծները, սովորաբար, մարդկային, դրական վերաբերմունք են ունենում այլոց վերաբերյալ, սիրում, խղճում ու օգնում են խեղճերին ու ճնշվածներին, ազգային փոքրամասնություններին և այլն, և ընդհանրապես հումանիստ են լինում մինչև ուղն ու ծուծը: Բայց մեր դեպքում՝ հումանիստ են և այլն, մինչև խոսքը հասնում է հայերին, իսկ հետո՝ ոչ: Ի՞նչն է խնդիրը: Պարզվում է, որ վրացիներն աշխարհի ամենաճնշված ազգն են, իրենց իսկ երկրում: Հայերը գալիս են այլ տեղերից, որտեղ իրենց վատ են վերաբերվում, և միանգամից նստում վրացիների գլխին: Արհամարհում են վրացիներին, համարում, որ իրենք են ստեղծել վրացական գիրը, մշակույթը, կառուցել եկեղեցիները, իսկ իրենք զբաղվում են առևտրով, ժողովրդին կեղեքելով, յուրացնում են վրացիների ունեցվածքը և, ի վերջո, հայտարարում, որ Վրաստանը հայկական հող է (ըստ Ճավճավաձեի «Հայ գիտնականները և աղաղակող քարերը» հոդվածի): Այսպիսով, վրացական հայատյացությունը նաև գաղափարական հիմնավորումներ ունի:
Կա՞ այդտեղ ճշմարտության հատիկ: Իհարկե կա: Ուղղակի հիշենք Սունդուկյանի թիֆլիսեցի հայ անդուր «կապիտալիստ» հերոսներին՝ Զիմզիմովին և մյուսներին: Եվ գուցե իզուր չէ, որ Ծերեթելին բանաստեղծություն է նվիրել Սունդուկյանին: Չխոսելով հայ գիտնականների «հակավրացական» գործունեության մասին, ինչը լուրջ չէ, նշենք, որ Վրաստանի ժողովուրդը Ռուսական կայսրության մեջ բաղկացած էր վրացի արիստոկրատներից, վրացի ճորտերից և գյուղացիներից, և քաղաքային բնակչությունից, որոնք հիմնականում հայերն էին: Նրանք էին կազմում երկրի բուրժուազիան, որին ատում էին և՛ ազնվականները, և՛ ժողովուրդը: Ինչևէ, վրացական հակահայկականությունը նման չէ թուրքականին՝ սպանության կոչեր չկան, և նրանց պատասխանել է ոչ միայն հայ բանաստեղծ Թումանյանը, այլև հենց վրացի (կիսով չափ) մեծ գիտնական Նիկոլայ Մառը:
Ռուսական հակահայկականությունը մի քիչ այլ է: Արդեն Արևելյան Հայաստանը գրավելիս ռուսները որոշակի արհամարհանք էին տածում հայերի նկատմամբ: Երբ գտնվում ես երկու մեծ ուժերի կռանի և սալի արանքում, պիտի մի կերպ գոյատևես, իսկ դա երկու կողմերն էլ դավաճանական են համարել: Թեև հայերը վերին աստիճանի նվիրված են եղել ռուսներին, բայց և այնպես, հենց այդ ժամանակներից է առաջացել հայերի արմյաշկա արհամարհական անունը, որի հեղինակը ռուսական գեներալ Ցիցիանովն է, Վրաստանի առաջին ռուսական կառավարիչը (ծագումով վրացի): Ահա ինչ է գրում նրա հաջորդներից գեներալ Երմոլովը՝
Հիշում եմ իշխան Ցիցիանովի արմյաշկա անվանումը: Ահա ամենաարհամարհելի մարդկանց մի տեսակ, եթե պատշաճ է նրանց մարդ կոչել, որի աստվածն իրենց շահն է […]: Եվրոպան չպետք է խորշի ջհուդներից. նրանք հարմար կերպով ենթարկվում են կարգին և խիստ վերահսկման դեպքում չեն կարող վնաս տալ ամեն ինչում վատ կողմից նրանց նման արմյաշկաների պես:
Ի միջի այլոց, Երմոլովը մեծ հարգանք և սեր չի տածել նաև մյուս կովկասցիների նկատմամբ: Իսկ արիստոկրատ, դիվանագետ և բանաստեղծ Ալեքսանդր Գրիբոյեդովի գրում է՝
Ինչ ստոր ցեղ են այդ հայերը […]: Նրանք մեզ ծախում են այն պարսիկներին, որոնք պատրաստ են նրանց խաչել և եփել ցանկացած սոուսով:
Մինչդեռ հայերը լավ էլ կռվել են ռուսական զենքի հաղթանակի համար, նաև պարսիկների դեմ, և Գրիբոյեդովի էլ հուշարձան կանգնեցրել Երևանի կենտրոնում: Իսկ Երմոլովի հաջորդներից Գոլիցինը խոստանում էր, որ «Թիֆլիսի միակ հայը կլինի հայի խրտվիլակը Թիֆլիսյան թանգարանում»:
Սրանք, այսպես ասած, կենցաղային՝ պարզ հայատյացության դրսևորումներ են: Կա նաև ռուսական «գիտական»՝ գաղափարական հայատյացություն: Այն նույնպես խորը կովկասյան կապեր ունի: Գոլիցինի ժամանակ, երբ ադմինիստրացիայում հայերին սկսեցին փոխարինել մուսուլմաններով, ի հայտ եկավ նրա ռահվիրան՝ բանաստեղծ Վասիլի Վելիչկոն (հայերի բախտը չի բերում բանաստեղծների վրա, էլի): Նա գտնում էր, որ հայերի քաղաքական անհուսալիությունը ռուսների համար, ինչպես և հրեաների դեպքում, բացատրվում է նրանց գանգի տափակ ձևով (իսկ ադրբեջանցիները և հատկապես վրացիները լավն են):
Թույլերի նկատմամբ ամբարտավանությունն ու դաժանությունը և ուժեղների նկատմամբ ստորաքարշությունը, ի վերջո, գովազդի զարմանալի, ֆենոմենալ ընդունակությունը՝ այս բոլոր գծերը հրեական են, միայն հայերի մեջ դրանք ավելի կոպիտ և ինտենսիվ են:
Այսինքն, ինչպես և Երմոլովի կարծիքով, հայերը Կովկասի հրեաներն են (դա բացատրվում է հայերի մեջ հրեական արյան մեծ քանակությամբ), միայն ավելի վատ նրանցից: Այս Վելիչկոն «Կավկազ» թերթի խմբագիրն էր, որի հակահայկական օպուսները թարգմանում և տպում էր իր հրատարակած «Իվերիա» թերթում ապագա սուրբ Ճավճավաձեն: Այս փաստերի ֆոնին զարմանալի է, որ մինչև այժմ, որպես ռուսների հակահայկականության դրսևորում, մեզանում շրջանառվում է Պուշկինի մի տողը, ասված ոչ թե հեղինակի, այլ պոեմի չեչեն հերոսուհու կողմից իր որդուն՝ «Դու վախկոտ ես, դու ստրուկ ես, դու հայ ես»: Իհարկե, այն ժամանակների չեչենի համար հայը բոլոր վատթարագույն հատկանիշների խտացումն էր՝ ռուսամոլ, շահամոլ, ոչ ռազմիկ և առևտրական:
Ռուսական ներկայիս հակահայկական և հակակովկասյան դրսևորումների մասին կխոսվի առանձին: Միայն նշենք, որ ռուսական ժամանակակից ազգայնականությունը նշանակալի չափով ընդունում է Վելիչկոյի հայացքները: Իսկ Ադրբեջանում մեծ տպաքանակով տպագրվում են նրա գործերը, և ժամանակակից պատմաբանների կոնցեպցիաները խարսխված են հենց Վելիչկոյի հայացքների վրա:
Իմ նպատակի մեջ բոլորովին չի մտնում մանրամասն ներկայացնել հայատյացության գաղափարախոսական, ազգագրական, ռասայական և այլ հիմքերը: Ինչպես նաև հայերի մեջ վատ զգացմունքներ սերմանել վրացիների, ռուսների կամ նույնիսկ թուրքերի նկատմամբ: Հայատյացությունը, ինչպես և այլ ցանկացած ազգայնական ֆոբիա, սխալ, տգետ, վայրի ու նողկալի մի բան է: Անկախ բերվող հիմնավորումներից, որոնք բացահայտորեն սուբյեկտիվ են, այդ ֆոբիաներն իրականում իռացիոնալ են, անհիմն և անհիմնավորելի: Իրոք, հանճարեղ է գտնված՝ գանգի ձևը քաղաքական անհուսալիությունը և հակառուս մտայնությունը պայմանավորող գործոն է:
Սա մի փոքրիկ ծանոթություն է, թե մեր նկատմամբ ինչպիսի վերաբերմունք կա մեր հարևանների մոտ: Ասվածը բոլորովին չի սպառում թեման: Կարելի է հիշել, թե մեր հարևան ազգերի տարբեր ներկայացուցիչներ ինչպիսի հայասիրական քայլեր են արել: Խոսել մարդկային ընկերության, արվեստագետների գործերի, սիրո պատմությունների մասին և այլն: Բայց ժողովուրդների «ինտեռնացիոնալ բարեկամության» մասին շատ է խոսվել և գրվել, մանավանդ ՍՍՀՄ ժամանակներում, իսկ հայատյացության մասին քիչ: Ուրեմն, իմանանք նաև այս:
Ինչևէ, ի հակադրություն մեր հարևանների, մեր մեջ չկան հակավրացական, հակառուսական և նույնիսկ հակաթուրքական վայրի դրսևորումներ: Չկան նաև գաղափարական և այլ կարգի հիմնավորումներ, թե այդ ազգերը, այլևայլ պատճառներով, դավաճան, ստոր ու թերի են, ապրելու անարժան: Մեր մեծ բանաստեղծները երբեք չեն իջել ազգամիջյան թշնամության քարոզի մակարդակի: Դրանով էլ տարբերվենք նրանցից:
Եվ վերջում՝ մի էական բան: Հրեաները չեն պայքարում անտիսեմիտիզմի դեմ: Հասկացել են, որ դա անիմաստ է: Ես ևս կարծում եմ՝ պետք չի անընդհատ փորձել համոզել ռուսներին և այլոց, թե մենք լավն ենք, քրիստոնյա ենք և այլն, որ պետք է մեզ սիրել: Սիրո և նվիրվածության բաց նամակներ գրել նրանց: Դա բացարձակապես չի ազդում: Պետք է լինել արժանապատիվ, ուժեղ և թող մեզ գնահատեն ըստ մեր արարքների: Մենք այն ենք, ինչ կանք:
Արմեն ՊԵՏՐՈՍՅԱՆ
“Հրեաները չեն պայքարում անտիսեմիտիզմի դեմ:”
Չփորձել հակառակը համոզելն ու չպայքարելը տարբեր բաներ են: Անտիսեմիտների գլուխը մինագամից պոկում են, ոչ թե փորձում են բան հասկացնեն: Ազգովի են պայքարում յուրքանչյուր նման դրսևորման դեմ:
“Հրեաները չեն պայքարում անտիսեմիտիզմի դեմ:
Не только не борятся а поощеряют – антисемитизм способствует росту их патриотизма!