Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իրանահայությունը շարունակում է դատապարտել Ս. Էջմիածնի նկատմամբ ոտնձգությունները

Նոյեմբեր 04,2014 13:11

«Արաքս» շաբաթաթերթ, Թեհրան, 04 նոյեմբերի 2014թ.:

Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կիրառված ապազգային եւ հակաեկեղեցական քայլին ի պատասխան, «Արաքս» շաբաթաթերթի, հոկտեմբերի 20-ին, հրապարակած լուսաբանական եւ բողոք-լրատվությունից հետո, նամանավանդ երբ Սպահանի եւ Ատրպատականի թեմերի առաջնորդները, Թեհրանում, Արամ Ա կաթողիկոսի ներկայությամբ, Սբ. պատարագի ընթացքում «Հիշման» ժամանակ, իրանահայ պատմության մեջ առաջին անգամը լինելով, չհիշեցին Ամենայն Հայոց Կաթողիկոսի անունը, փոխարենը Անթիլիասի գահակալին «ամենայն հայոց կաթողիկոս» անվանելով, եւ երբ Արամ կաթողիկոսի բարի երթի ընթրիքի ընթացքում, որը կազմակերպել էր ԹՀԹ Թեմական խորհուրդը, Իրանի իսլամական խորհրդարանում Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր դաշնակցական Ռոբերտ Բեգլարյանը, եւս նման ապազգային քայլի գնալով, «ամենայն հայոց կաթողիկոս» տիտղոսը «ընծայեց» Արամ Ա-ին, ապացուցելու, որ ՀՅԴ-ն է կանգնած հակաէջմիածնական այս սցենարի ետեւում, իրանահայ տարբեր դեմքեր ու կառույցներ դատապարտման ձայն բարձրացրեցին Ս. Էջմիածնի գերակայության նկատմամբ այս կազմակերպված դավադրական ոտնձգության դեմ:

Aharonian

Հիշատակենք, 2012 թվականին Ամենայն Հայոց Կաթողիկոսության մամլո խոսնակ Տ. Վահրամ քհն. Մելիքյանը հայտարարեց. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դատապարտում է այս օրինակ (Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի կողմից կիրառվող-Ա.) պահվածքը, որով փորձվում է արհեստական շփոթ առաջացնել եւ այսկերպ լարվածություն առաջ բերել ներեկեղեցական եւ հանրային կյանքում: Հարկ է, որ թեմական կառույցների պատասխանատուները եւ իրանական լրատվամիջոցների ներկայացուցիչները վերապահ մնան նման անընդունելի քայլերից եւ հարգեն եկեղեցական սրբազան նվիրապետությունը»:

Ստորեւ ներկայացնում ենք ԹՀԹ Թեմական խորհրդի ավելի քան վեցը տարիների ատենապետ, Պատգամավորական ժողովի նախկին անդամ, Իրան-Հայաստան առեւտրական պալատի հիմնադիր եւ նախագահ, Իրան-Հայաստան բարեկամության միության հիմնադիր եւ նախկին նախագահ, ազգային բարերար եւ «Յոյս» երկշաբաթաթերթի արտոնատեր պրն. Լեւոն Ահարոնյանի դատապարտում-բողոքի բաց նամակը այս կապակցությամբ:

ԼԵՒՈՆ ԱՀԱՐՈՆԵԱՆԻ ԽՕՍՔԸ ԹԷ ԻՆՉՊԷՍ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԸ «ԱՇԽԱՐՀԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ ԱՌԱՋՆՈՐԴ» Է ՀՌՉԱԿՒՈՒՄ

«Տարեկան տասնեակ իրանահայեր իրենց զաւակներին մկրտելու համար տանում են Էջմիածին, ոչ թէ Անթիլիաս, որ ընդհանրապէս չգիտեն ուր է»
Շնորհաւորում եւ ողջունում եմ Թեհրանի եւ հիւսիսային Իրանի հայ համայնքի թեմի առաջնորդին եւ Թեմական խորհրդին, որ իրենց թոյլ են տւել «աշխարհի հայ ժողովրդի» համար կաթողիկոս նշանակել: Բայց թէ այս քանդիչ ու վնասակար թոյլտւութիւնը ո՞ր կազմակերպութիւնից կամ կրօնական հաստատութիւնից են ստացել նրանք, դա մեզ յայտնի չէ: Մեր Թեմական խորհուրդը ժողովրդի դրամով մեծ ցուցատախտակ է պատրաստել ու փակցրել եկեղեցու մուտքին, որտեղ իրենց կարծիքով ճարպկօրէն դասաւորած նախադասութեամբ բարի գալուստ են մաղթել Արամ Ա. կաթողիկոսին` որպէս «աշխարհի բոլոր հայութեան» կրօնական ղեկավար, եւ անտեսել են հայ ժողովրդի կրօնական ամենաբար-ձըր տիտղոսը կրող՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին ու «աշխարհի հայ ժողովրդի» Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, եւ Կիլիկիոյ վեհափառին նստեցրել այդ սուրբ գահի վրայ: Այլ խօսքով, բարի գալուստ մաղթելու պատրւակով գեներալին նստեցրել են թագաւորի գահին, անտեսելով ժողովրդի կարծիքը:

– «ԴՈՒՔ ՈՐՏԵՂ ԷԻՔ, ԵՐԲ Ս. ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ՎԱՆՔԸ ՆՈՐ ՋՈՒՂԱՅՈՒՄ ԵՒ 12 ԱՅԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ ԿԱՌՈՒՑՒԵՑԻՆ… ԴՈՒՔ ԸՆԴԱՄԵՆԸ 60 ՏԱՐԻ Է, ՈՐ ԵԿԵԼ ԷՔ ԱՅՍ ԵՐԿԻՐԸ ԵՒ ՄԻ ՄՈՌԱՑԷՔ ՁԵՐ ԳԱԼԸ ՈՉ ԹԷ ԺՈՂՈՎՐԴԻ ՑԱՆԿՈՒԹԵԱՄԲ Է ԵՂԵԼ, ԱՅԼ ԺԱՄԱՆԱԿԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԵՒ ՇԱՀԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՅՑԻ՝ «ՍԱՎԱՔ»-Ի ՈՐՈՇՈՒՄՈՎ»:

Սիրելի սրբազան հայր, Արամ կաթողիկոսին այսպիսի ներկայացնելը բոլորովին ճիշտ չէ եւ ո‘չ էլ Թեմական խորհրդին վայել է, որ այդ կերպ պարսկերէն սխալներ կատարի: Մի հոգեւոր պետի այնպէս պիտի ներկայցնել, ինչպէս որ կայ` իր ճիշտ պաշտօնով եւ ո‘չ թէ նրա շրջապատը նրան ոչ ճիշտ պաշտօն տայ: Յարգելի առաջնորդ, Ձեր հագած զգեստը համերաշխութեան, սիրոյ, հաւատքի ու ժողովրդասիրութեան խորհրդանիշ է, ոչ թէ համայնքը երկպառակտելու եւ տագնապի մատնելու:

– «ԴՈՒՔ ԵԹԷ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՎԱՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ 350-ԱՄԵԱԿԻ ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԵԱՆ ԱՌԻԹՈՎ ԳԱՐԵԳԻՆ ՎԵՀԱՓԱՌԻՆ՝ ԻՍԿԱԿԱՆ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ ՀՐԱՎԻՐԷԻՔ ՆՈՐ ՋՈՒՂԱ, ԱՅՆ ՀՈԳԵՒՈՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ, ՈՐ ՆՈՐ ՋՈՒՂԱՅԻ ՅՈՒՇԱԿՈԹՈՂՆԵՐԸ ԿԱՌՈՒՑՈՂՆԵՐԻ ԺԱՌԱՆԳՈՐԴՆ Է, ՁԵՐ ՊԱՏԻՒՆ ՈՒ ՅԱՐԳԱՆՔԸ ՀԱՐԻՒՐ ԱՆԳԱՄ ԱՒԵԼԻ ԿԲԱՐՁՆԱՆԱՐ ԵՒ ՆՈՅՆՊԷՍ ԷԼ ԱՐԱՄ Ա. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆԸ»:

Եթէ Արամ Ա. կաթողիկոսը ցանկութիւն ունի ամենայն հայոց կաթողիկոս դառնալ, դրա ճամբան միայն Էջմիածնից է անցնում, ոչ թէ Թեհրանի Թեմական խորհըրդից: Յարգարժան առաջնորդ, ի՞նչ նպատակով էք այս կարգի հակաժողովրդական քայլերի դիմում: Եթէ ձեր դրդապատճառը անձնական է, Դուք արդէն թեմի արքեպիսկոպոս առաջնորդ էք, իսկ եթէ քաղաքական է, դա չպիտի կատարւի մի պարզ ու յայտնի իրականութիւնների անտեսմամբ: Եթէ իրանահայ ժողովուրդը Ձեզ յարգում է, յարգում է որպէս մի հայ կրօնապետ, ոչ թէ Կիլիկիայից նշանակւած առաջնորդ. դա իրանահայութիւնը ցոյց տւեց Արտակ սրբազանի թաղման օրը: Եթէ Ձեր այդ ցուցատախտակի սխալ գրութիւնը նշանակում է, որ Դուք մեր հայ ժողովրդի կրօնական հաւատալիքներն ու իր պատմական կրօնի կենտրոնը մատաղացու ոչխարի նման մատաղ էք անում, որ Արամ վեհափառին կեղծ կերպով Ամենայն հայոց վեհափառ դարձնէք. մի մոռացէք, որ գնդակին չափից աւել օդ փչելով, ներսի օդն աւելի է շատանում եւ կարող է միանգամից պայթել: Վստահաբար այս կարգի ցուցատախտակ պատրաստելն առանց Ձեր թոյլտւութեան չի կարող լինել. իսկ եթէ թոյլ էք տալիս Թեմական խորհուրդն այսպիսի մի ցուցատախտակ փակցնի մեր եկեղեցու՝ առաջնորդարանի դռանը, այդպիսով նա ժողովուրդի մօտ կը ներկայանայ որպէս ճշմարտութիւնը խեղաթիւրող եւ պաշտօնական հանգամանքներն անտեսող մի խորհուրդ: Ի՞նչու էք թոյլ տալիս Թեմական խորհուրդն այդպիսի մի ցուցատախտակ փակցնի մեր եկեղեցու՝ առաջնորդարանի մուտքին եւ այդ կերպով ժողովուրդի մօտ անազնիւ ու կեղծ պաշտօն կրող մի խորհուրդ ներկայանայ: Ինչու՞ էք ժողուրդի ցանկութիւնից ու սիրուց հեռու մնում, ու անտեսում իրանահայ ժողովրդի 99%-ին, որ ընդհանրապէս Անթիլիաս չի ճանաչում: Դրա մի փոքրիկ փաստն այն է, որ տարեկան տասնեակ իրանահայեր իրենց զաւակներին մկրտելու համար տանում են Էջմիածին եւ ոչ թէ Անթիլիաս, որ ընդհանրապէս չգիտեն ուր է: Դուք կարծում էք այդ կարգի յայտարարութիւններով Արամ վեհափառին մեծարո՞ւմ էք: Բայց արդեօ՞ք նա կարիք ունի այդ կարգի տիտղոսների: Եթէ պատասխանը դրական է, դա մեր ազգի համար մի ողբերգութիւն է:

Մի մոռացէք, երբ մի անձնաւորութեան շինծու կերպով չունեցած պաշտօն են ընծայում, դա նշանակում է, որ նա իրականում արժանի չի եղել եւ չի կարողացել այդ պաշտօնը վաստակել:Դուք ինչպէ՞ս էք ուզում Էջմիածինն իր պատմական անցեալով անտեսէք կամ Ձեր սեփականութիւնը դարձնէք: Դուք որտե՞ղ էիք, երբ Ս. Ամենափրկիչ վանքը Նոր Ջուղայում կառուցւեց: Գիտէ՞ք կան նաեւ 12 ուրիշ եկեղեցիներ: Դրանց կառուցումը զարմանալի սուրբ աշխատանք էր, որով էջմիածինը կարողացաւ Շահ Աբասի բռնագաղթեցրած հայերին մինչեւ այսօր մուսուլման երկրում քրիստոնեայ պահել: Դուք ընդամէնը 60 տարի է, որ եկել էք այս երկիրը եւ մի մոռացէք Ձեր գալը ոչ թէ ժողովրդի ցանկութեամբ է եղել, այլ ժամանակի քաղաքական խնդիրերի պատճառով եւ Շահի «Սաւաք»-ի որոշումով: Էջմիածինը տասնեակ կաթողիկոսներ է տւել իրանահայութեանը, որոնք թէ բարոյական եւ թէ կրօնական տեսակէտից թեւ ու թիկունք են կանգնել նրան: Մինչդեռ, Դուք այս կատարած անճիշտ պաշտօնաբաշխումներով, Ձեր առաջնորդած համայնքը քայքայելուց եւ Ձեր ու ազգային իշխանութեան նկատմամբ մի խոր ատելութիւն ստեղծելուց բացի, ուրիշ արդիւնք չէք կարող ստանալ: Իրանահայ ժողովուրդը համբերատար է, բայց մտածէք, որ այս հանդարտ ժողովուրդը կարող է մի օր թափւի առաջնորդարանի բակը եւ աղաղակի՝ «մենք այս կարգի առաջնորդ չենք ուզում»: Դուք եթէ Նոր Ջուղայի վանքի կառուցման 350-ամեակի տօնակատարութեան առիթով Գարեգին վեհափառին` իսկական Ամենայն Հայոց կաթողիկոսին հրաւիրէիք Նոր Ջուղա, այն հոգեւոր ղեկավարին, որ Նոր Ջուղայի յուշակոթողները կառուցողների ժառանգորդն է, Ձեր պատիւն ու յարգանքը հարիւր անգամ աւելի կը բարձրանար եւ նոյնպէս էլ Արամ Ա. կաթողիկոսինը:

– «ԻՐԱՆԱՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀԱՄԲԵՐԱՏԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ Է, ԲԱՅՑ ՄՏԱԾԷՔ, ՈՐ ԱՅՍ ՀԱՆԴԱՐՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿԱՐՈՂ Է ՄԻ ՕՐ ԹԱՓՒԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԲԱԿԸ ԵՒ ԱՂԱՂԱԿԻ՝ «ՄԵՆՔ ԱՅՍ ԿԱՐԳԻ ԱՌԱՋՆՈՐԴ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ»»:

Յարգարժան առաջնորդ,
Մի աշխատէք շեղել իրանահայերի հաւատքն ու պատմութիւնը: Դրա արդիւնքը համայնքի մէջ երկպառակտում եւ տագնապ, ազգային իշխանութեան համար գլխացաւանք ու նրա հանդէպ անվստահութիւն ստեղծելուց բացի, ուրիշ բան չի կարող լինել: Մի մոռացէք, որ իրանահայութիւնը ուշիմ է եւ նախանձախնդիր` իր համայնքային իրաւունքների հարցում:

Լեւոն Ահարոնեան

«Յոյս» երկշաբաթաթերթ, հ. 180, 25.10.2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930