Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանին տրվեց բնական եւ տեխնածին հարցերով արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նախագահությունը

Նոյեմբեր 04,2014 12:56

Այսօր եւ վաղը Երեւանում տեղի կունենա ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 27-րդ նիստը

Այսօր Երևանում մեկնարկեց ԱՊՀ մասնակից պետությունների բնական և տեխնածին արտակարգ իրավիճակների հարցերով միջպետական խորհրդի 27-րդ նիստը, որը կտեւի երկու օր։ Նիստին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Հայաստանի արտակարգ իրավիճակների կառավարման համակարգերից պատվիրակներ։

Հենց նիստի սկզբից Ղրղզստանի Հանրապետության ԱԻ նախարարի տեղակալ, ԱԻ միջպետական խորհրդի նախագահ Թեմիրալիեւվ Տալայբեկը առանձնացրեց եւ մեծ ոգեւորությամբ նշեց, որ այսօր Ռուսաստանում տոնվում է Ազգային միաբանության օրը, նիստի մասնակիցներն էլ ծափողջուններով շնորհավորեցին տոնը։

Նիստին նաեւ բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանը, որը կարեւորեց արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման գործընթացում ԱՊՀ անդամ երկրների համապատասխան օպերատիվ ծառայությունների եւ ճգնաժամային կառավարման կենտրոնների միջեւ համագործակցությունը։

Նիստի ընթացքում որոշում ընդունվեց բնական եւ տեխնածին արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի նախագահությունը Ղրղզստանից հանձնել այս տարի նիստը հյուրընկալող երկրին՝ Հայաստանին՝ մինչ հաջորդ նիստը։

ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն էլ լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ արդեն երրորդ անգամ Երեւանում տեղի ունեցող այս նիստի ամենակարեւոր ձեռքբերումը այն է, որ ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության արդյունքում ստեղծվել է արձագանքման միասնական կորպուս. «Մեր երկրների փրկարարները կարող են միացյալ ուժերով հանդես գալ եւ արագ արձագանքել։ Ամենակարեւորը մեր ճգնաժամային կենտրոնների միջեւ կապն է տեղեկատվության եւ փորձի փոխանակման իմաստով։ Ռուսաստանի հետ համագործակցության արդյունքում ստեղծվեց հայ-ռուսական համատեղ փրկարարական արձագանքման մարդասիրական կենտրոնը, որը շուտով կբացվի»։

Երկօրյա նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել հարցեր միջպետական խորհրդի 2013-2014 թթ. կատարած աշխատանքների, մասնակից երկրների միջև փոխգործակցության բարելավման, աղետի դեպքում փոխադարձ ազդարարման, ճգնաժամային կառավարման կենտրոնների միջև տեղեկատվության փոխանակման, կադրերի ուսուցման ու վերապատրաստման եւ 2014-2015 թթ. հիմնական միջոցառումների պլանի վերաբերյալ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930