Ձեզ համար տարօրինակ չի՞, որ ԵՏՄ-ի հետ բանակցություններում 3 խումբ ապրանքների մասով հատուկ բանակցել են: Մեկը՝ ռազմական տեխնիկան է, մյուսը՝ ավիացիան, երրորդը՝ շաքարավազը: Դա Ձեզ համար տարօրինակ չի՞: Այսօր լրագրողների այս հարցին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատասխանելու փոխարեն շփոթվեց. «Խնդրում եմ քաղաքականությանը վերաբերող հարցեր մի տվեք: Ես այդ մանրամասների վերաբերյալ չեմ կարող ասել: Շաքարավազի շուկայից, այո տեղյակ եմ, մանրամասն ուսումնասիրել եմ, մեր դաշտում է գտնվում: Ես բանակցություններից, անկեղծ ասած, տեղյակ չեմ: Բանակցություններից տեղյակ եմ միայն մրցակցության հարցերի մասով, համաձայնագիր ենք պատրաստել»:
Հարցին՝ հակամրցակցային չի՞ այն, որ տարեկան 5000 տոննա շաքարավազ է ներկրվում Հայաստան ու դա սահմանի վրա 943 դոլար մաքսային արժեքով է մաքսազերծվում: Այդ շաքարավազը, փաստորեն, մրցակցությունից դուրս է»: Շաբոյանը հակադարձեց. «Ոչ, դուք ճիշտ չեք ասում իրավիճակը»:
Դիտարկմանը, որ Պետեկամուտների կոմիտեի տեղեկանքը կուղարկենք Ձեզ՝ Շաբոյանը հրաժարվեց. «Պետք չի, մի ուղարկեք, որովհետեւ մենք էլ ենք այդ տվյալներին տիրապետում: Մենք բազմաթիվ անգամ ուսումնասիրել ենք շաքարավազի շուկան եւ գները մեր երկրում ամբողջությամբ համապատասխանում են միջազգային գներին: Համապատասխան ներկայացված տնտեսվարողի փաստաթղթերի, շաքարավազի հիմնականում հումք է ներկրվում, տեղում արտադրվում է շաքարավազը եւ բնականաբար, տեղական արտադրությունն ավելի էժան նստում, քան պատրաստի շաքարավազի ներկրումը»:
Հարցին՝ այդ դեպքում ի՞նչ կարիք կար որպես պայմանագրի հավելված՝ ԵՏՄ-ի բանակցություններում ներառել շաքարավազի ներկրման հարցը՝ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, որ տեղյակ չի ոչ մի բանից. «Մենք բազմաթիվ անգամ ուսումնասիրել ենք, ինվոյսային արժեքը համապատասխանում է միջազգային շուկայի գներին»:
Կարդացեք նաև
Երբ ճշտեցին՝ Դուք հումքը տեսե՞լ եք շաքարավազի, եթե հումք չի եւ արդեն պատրաստի շաքարավա՞զ է՝ հանձնաժողովի նախագահը պատասխանեց. «Ես վստահ եմ, դա հումք է, բայց դա իմ խնդիր չի: Մենք տնտեսվարողի կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա ենք իրականացնում մեր ուսումնասիրությունը: Ամեն դեպքում, շաքարավազի վերջնական գները շատ երկրներից ցածր են եւ նվազման միտում ունեն վերջին տարիներին»:
Հարցին՝ ո՞ւմ հետ է մրցակցում Սամվել Ալեքսանյանը, նա մշտապես տուգանվում է եւ շարունակում իր անբարեխիղճ գործունեությունը՝ Շաբոյանը հերքեց. «Ես իրականում որեւէ տնտեսվարողի չեմ պաշտպանում եւ չեմ էլ պաշտպանի: Ես չգիտեմ որ ընկերությունն ում է պատկանում: Թե որ ընկերության սեփականատերն ով է, դա ես չգիտեմ, դա մեզ չի հետաքրքրում»:
Արտակ Շաբոյանը հիշեցրեց որ ամենամեծ տուգանքը «Նատալի ֆարմինն» է եղել՝ 50 մլն դրամ:
Դիտարկմանը, որ Մարդու իրավունքների պաշտպանն էլ գնահատական էր տվել, որ Դուք չեք պաշտպանում տնտեսական մրցակցությունը՝ Արտակ Շաբոյանը չհամաձայնեց գնահատականի հետ:
Սամվել Ալեքսանյանի արտոնությունների մասին եւս մի քանի հարցերից հետո Արտակ Շաբոյանը նեղացավ եւ հեռացավ: Նա վստահեցնում էր, որ եթե մի շուկայում որեւէ ընկերություն խոշոր մասնաբաժին ունի դա խնդիր չէ. «Կան շուկաներ, որտեղ խոշոր ընկերությունների առկայությունը օբյեկտիվ գործոն է: Մեր երկիրը փոքր է, մեր շուկաները սահմանափակ են, եւ շատ ապրանքներ կան, որոնք ներմուծվում են խոշոր արտադրողներից: Այդ ապրանքները պետք է ներմուծվեն մեծ խմբաքանակով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ