Այսօր ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեց, թե Գյումրիի 432 անօթեւանների բնակարանների հարցն ինչպես է լուծվելու: Նա նաեւ դժգոհեց Գյումրիում վթարային շենքերից, որոնք արդեն 10 տարուց ավելի է՝ չեն վերականգնվել:
Նարեկ Սարգսյանն էլ պատասխանեց, որ նոր կառավարության մոտեցումները փոխված են. «Մենք գտնում ենք աննպատակահարմար՝ աղետի գոտում շարունակել ընդհանրապես որեւէ շինարարություն՝ բնակարաններ հատկացնելու մասով աղետից տուժած բնակիչներին: Մենք շատ-շատ ենք կառուցել եւ նպատակ չկա: Այս տարի մոտ 1.5 մլրդ տրամադրվեց 211 ընտանիքների խնդիրը լուծելու համար: Աղետի գոտու համար ճանապարհային քարտեզ ենք մշակել: Գյումրին մենք 2015-ի վերջում կավարտենք: Խոսքը միայն աղետից տուժած անօթեւաններին է վերաբերվում: Շիրակի մարզում կմնա միայն 160 գյուղական ընտանիքների խնդիրը, որը կավարտենք 2016-ի վերջում, մոտ 2 մլրդ-ի չափով գումար է պետք: Առաջիկայում սկսելու ենք կառավարությունում ներդրումային ծրագրերը: Մենք ունենք դրա ճանապարհները լուծելու, այդ բազմաչարչար խնդիրը այդ մասով լուծելու ենք:
Ինչ վերաբերում է Գյումրիի վթարային շենքերին, կիսում եմ ձեր մտահոգությունը, որ այդ ուղղությամբ ոչինչ չի արված: Գյումրիում մենք նախատեսել ենք դեկտեմբեր ամսին մեծ խորհրդակցություն եւ կտանք դրա գնահատականը: Վագոն-տնակների մասով դա մեծ խնդիր է: Ինչ էլ մենք անենք Գյումրիում, լավագույն ծրագրերն էլ անենք, եթե կան այդ վագոն-տնակները այդ ֆոնին, ապա մեր արածի արժեքը չի երեւում»:
ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ ասաց, որ քաղաքացու տան պատը փլվել է, իր տան պատը վերականգնելու համար քաշքշուկների մեջ է ընկնում: Հովհաննես Մարգարյանն առաջարկեց վերացնել քաղաքաշինական փաստաթղթերի ձեռքբերումը:
Նարեկ Սարգսյանը պատասխանեց. «Ես ընդունում եմ, որ ունենք բյուրոկրատական շատ ծանր իրավիճակ: Տարանջատելու ենք գլխավոր հատակագիծ հասկացողությունը քաղաքի համար եւ գյուղերի համար: Համայնքին մենք ասում ենք ձեր բյուջեի հաշվին մշակեք ձեր հատակագիծը եւ ճնշում ենք գործադրում, որ դա անեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ