Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Մարգարյան. «Դրսի ուժերի օժանդակությունը շատ փոքր տոկոս է կազմում». «168 ժամ»

Նոյեմբեր 04,2014 11:24

Հատված ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանի հետ հարցազրույցից:

– Չե՞ք կարծում, որ առանց Արևմուտքի արտաքին քաղաքական աջակցության՝ իշխանափոխության փորձերը ձախողվելու են։

– Ճիշտն ասած, ես այդպես չեմ մտածում, որովհետև ես իսկապես խիստ չափազանցեցված եմ համարում դրսի ուժերի դերը։ Բնականաբար, դրսի ուժերը, աշխարհաքաղաքական կենտրոնները որոշակի ազդեցություն ունենում են, բայց դա միայն գործի մի փոքր տոկոսն է։

Եթե տվյալ երկրի հասարակության մոտ հասունացած չէ փոփոխությունների պահանջը, դա հնարավոր չէ դրսից ներմուծել, որքան էլ դրսից աջակցությունը մեծ լինի։ Եվ ընդհակառակը, եթե կա հասարակական պահանջ, ես չեմ հասկանում, թե ինչու դրսի ուժերը պետք է դեմ գնան այդ պահանջի իրացմանը, մանավանդ, եթե հայտարարում ես, որ քո հետագա արտաքին քաղաքականությունը լինելու է կանխատեսելիության և ստանձնած պարտավորություններին հավատարմության շուրջ։

– Եռյակի և հատկապես՝ ՀԱԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ իշխանությունը բռնազավթված է, և ձեր խնդիրն է՝ իշխանությունը վերադարձնել ժողովրդին։ Քանի որ Ռուսաստանը մշտապես պաշտպանում է գործող իշխանությանը և ժողովրդավարության կամ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու կարգախոսների նկատմամբ անհաղորդ է, տրամաբանական է, որ ձեր հավանական դաշնակիցը պետք է լինի Արևմուտքը։ Սակայն տպավորությունն այնպիսին է, որ դուք չեք ակնկալում Արևմուտքի աջակցությունը՝ վախենալով թշնամանալ Ռուսաստանի հետ։

– Ձևակերպումը մերը չէ (նկատի ունի իշխանությունը բռնազավթելը.– Ա.Բ.). մենք համարում ենք, որ երկիրը հասցված է այնպիսի վիճակի, որ առանց իշխանափոխության հնարավոր չէ պատկերացնել առաջընթացը։ Հասարակության և իշխանության միջև խորն անջրպետ է առաջացել, որը ես չեմ պատկերացնում, թե ինչով պետք է լցվի։ Իսկ ինչ վերաբերում է դրսի ուժերի այս կամ այն կերպ օժանդակությանը, ապա ես համարում եմ, որ դա շատ փոքր տոկոս է կազմում, իսկ հիմնականը պետք է անեն Հայաստանի քաղաքացիները՝ քաղաքական ուժերի հետ միասին։

Ավետիս ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930