Լրահոս
Օրվա լրահոսը

Ճոյտը ֆիլմ է նկարում. «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 04,2014 11:19

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի սցենարով ու պրոդյուսերությամբ ֆիլմ է նկարահանվում, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին։

Նկարահանման աշխատանքները սկսվել են ավելի քան մեկ ամիս առաջ, եւ դրանք նախատեսվում է ավարտին հասցնել մոտ 15 օրից. Հակոբ Հակոբյանը մեր զրույցում նկատեց, որ «Հիշողություն» աշխատանքային անվանումը կրող այս ֆիլմը եզակի է մի քանի առումով, նախ՝ մինչեւ այժմ Ցեղասպանության թեմայով որեւէ կինոնկար Հայաստանում չի նկարվել, եւ հետո՝ նախատեսվում է, որ 2015 թվականի ապրիլի 24– ին այն միաժամանակ կցուցադրվի աշխարհի 1915 կինոդահլիճներում։ Եթե այս նպատակն իսկապես հնարավոր լինի իրագործել, ապա, ըստ նախկին պատգամավորի, ինքը փորձելու է նաեւ դա գրանցել համաշխարհային ռեկորդների գրքում։ «Յուրաքանչյուր կադրի նկարահանմանը ես մասնակցում եմ։ Չգիտեմ ինչքանով կհաջողվի, բայց ես ինչպես սցենարը պատկերացրել եմ, իմ պատկերացրած ձեւով նկարահանումները իրականացվում են»,- նկատեց նա։

Խոսելով ֆիլմի սյուժեի մասին՝ սցենարի հեղինակն ու պրոդյուսերը նշեց, որ այն սկսվում է ազգությամբ թուրք կալանավոր Ալիի կողմից արվող պատմությամբ, որը վերհիշում է, թե ինչպես է տեղի ունեցել Հայոց ցեղասպանությունը, թե ինչպես ինքը սիրած հայ աղջիկ է ունեցել, թե ինչպես 60 տարի անց գնացել է Հայաստան՝ նրան գտնելու հույսով եւ թե ինչպես է Հայաստանում տված հեռուստահարցազրույցի ժամանակ ներողություն խնդրել հայ ժողովրդից, ինչից հետո էլ Թուրքիայում կալանավորվել է։ «Հարցազրույցի ժամանակ Ալին ուզում է ծնկի գալ, լրագրողը թույլ չի տալիս՝ ասելով՝ այն մարդկանց, ովքեր ընդունում են, որ Ցեղասպանություն է եղել, մենք թույլ չենք տալիս ծնկի գալ»,- ասաց Հակոբ Հակոբյանը՝ հավելելով, թե այդպիսով ֆիլմը նպատակ ունի ազդակներ ուղարկել Թուրքիա, որ հարցի բարոյական կողմից՝ Ցեղասպանությունն ընդունելուց բացի, այլ բան այդ երկրից չի ակնկալվում։

ԱԺ նախկին պատգամավորը չի կարծում, թե հետագայում կարող են առաջ գալ տարածքների եւ այլ հարցեր։ «Հողերի հարցը շատ վտանգավոր է, որովհետեւ այնտեղ 8 միլիոնից ավելի քրդեր են ապրում։ Հիմա եթե այդ հողերը վերադարձնեն բնակիչների հետ միասին, մենք կունենանք Քրդստան։ Առանց մարդկանց, բնական է, չի լինի, իսկ մարդկանց հետ մենք միանգամից փոքրամասնություն կլինենք նրանց նկատմամբ»,- համոզմունք հայտնեց նա։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի/www.shamshyan.com

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930