Եվ այսպես՝ արդեն հայտնի է, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը Հայաստանի խորհրդարանը կքննարկի նոյեմբերի 17-18-ին կայանալիք արտահերթ նիստում։ Մինչ այդ, ըստ ամենայնի, սահմանադրական դատարանը կհասցնի տալ պայմանագրի վերաբերյալ իր եզրակացությունը, որն էլ, դարձյալ ըստ ամենայնի, կլինի դրական։
Պայմանագրի հետ կապված հետագա գործընթացն էլ, ըստ ամենայնի, որեւէ անկանխատեսելի զարգացում չի ունենա, եւ հայրենի խորհրդարանը գրեթե միաձայն կհաստատի Հայաստանի զարգացումը կասեցնող այդ պայմանագիրը։ Իսկ նշված գրեթե-ն էլ, ցավոք, կկազմեն խորհրդարանի մի քանի պատգամավորներ՝ Ալեքսանդր Արզումանյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանը, եւ ըստ ամենայնի՝ «Ժառանգություն» կուսակցության անդամները։
Թեեւ այս վերջին «ըստ ամենայնի»-ն այնքան էլ ամենայնի չէ, քանզի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը երեկ «Ազատությանն» ասել է. «Սկզբունքորեն կարող եմ ասել, որ մենք կողմ չենք այս պայմանագրին, բայց պայմանագիրը վերջնական տեսքի որ գա, մինչեւ հիմա էլ աշխատում են այդ պայմանագրի վրա… Եթե Արցախի տնտեսական անվտանգության հարցն ապահովվի, կարելի է քննարկել»։
Ահա, այսպես, փաստորեն «Ժառանգության» առաջնորդը պայմանագրի ստորագրման օրը՝ հոկտեմբերի 10-ին հարթակից հայտարարում է, թե ԵՏՄ-ին անդամակցությունը նշանակում է «Հայաստանի անկախությունը ծախել», իսկ արդեն երկու շաբաթ անց, տեսնելով որ ռուսահպատակության մրցավազքում հետ ընկնելը որեւէ լավ բան չի խոստանում, խորհրդարանական խմբակցության ղեկավարի շուրթերով «զադնի է դնում»՝ արդեն սեփական դիրքորոշումը փորձելով արդարացնել բացառապես Արցախի շահերի պաշտպանությամբ։ Եվ ստացվում է, որ եթե Արցախի տնտեսական անվտանգության հարցը լուծվի, «Ժառանգությունն» այլեւս «ջղաձգվելու» պատճառներ չի ունենա։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում