Վաղը Վարչական դատարանում նախատեսված «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպությունն ընդդեմ արտաքին գործերի նախարարության հայցի քննությունը տեղի չի ունենա: Հ/կ-ն իր ներկայացրած հայցադիմումով դատարանից պահանջում էր պարտավորեցնել արտաքին գործերի նախարարությանը տրամադրել 30.08.2014 թվականի դիմումով հարցված տեղեկությունները և պատասխանողից բռնագանձել նախապես վճարված պետական տուրքի գումարը:
Կազմակերպությունը այս տարվա հուլիսից նախարարությունից պահանջում էր ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մինչեւ դատարան չդիմեցին, նախարարությունը չտրամադրեց նախագիծը: Գործի քննություն դատարանում վաղը տեղի չի ունենա, քանի որ հայցվորի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը հրաժարվել է հայցից և խնդրել է վարչական գործի վարույթը կարճել, քանի որ արդեն ստացել են իրենց պահանջած տեղեկությունը:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պայմանագրի նախագիծն ուղարկել է Սահմանադրական դատարան: Դանիել Իոաննիսյանն էլ՝ որպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական ՀԿ ներկայացուցիչ, դիմել է Սահմանադրական դատարան, որպեսզի քննությունը, որով կորոշվի Հայաստանի ստանձնած պարտավորությունների համապատասխանելիությունը ՀՀ Սահմանադրությանը, տեղի ունենան բանավոր ընթացակարգով, որպեսզի հասարակության ներկայացուցիչներն էլ կարողանան մասնակցել:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ