Դիլիջան քաղաքի բնակիչ, 1985թ. ծնված Արթուր Ասատրյանը այս տարվա փետրվարի 19-ին հյուրընկալվել է Դիլիջանի մերձակա Թեղուտ գյուղում, քեռու՝ Աշոտ Թամրազյանի տանը: Այնտեղ խոսակցություններից տեղեկացել է, որ ընտանիքի անդամները հաջորդ օրվա երեկոյան բացակայելու են տնից, որ տանը եղած գումարը դրամապանակով պահվում է ննջասենյակի ներքնակի տակ:
Հաջորդ օրը, առավոտյան Ա. Ասատրյանը բացել է խոհանոցի պատուհանի փեղկը, երեկոյան, իր կողմից նախապես կիսաբաց թողնված խոհանոցի պատուհանը հրել-բացելու միջոցով մուտք է գործել քեռու տուն եւ ննջասենյակի ներքնակի տակից հափշտակել 150 հազար Ռուսաստանի Դաշնության ռուբլի, Աշոտ Թամրազյանին պատճառելով 1 միլիոն 729 հազար 500 դրամի նյութական վնաս:
Ըստ «Դատալեքս» կայքի՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում Արթուր Ասատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ հրաժարվել է ցուցմունք տալ:
Աշոտ Թամրազյանի կինը՝ Արմինե Թամրազյանը դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել, որ փետրվարի 19-ին իրենց տուն է եկել ամուսնու քրոջ որդի Արթուր Ասատրյանը: Հյուրասիրության ընթացքում նա հարազատներին պատմել է իր պարտքերի մասին եւ քեռուց խնդրելով նրա հեռախոսը՝ գնացել կողքի սենյակում խոսելու: Այդ ժամանակ իրենց որդին՝ Ռուստամ Թամրազյանն առաջարկել է փոխել իրենց պահած գումարի տեղը՝ մտածելով, որ Արթուրը կարող է գողանալ այն, սակայն ամուսինը մերժել է՝ համոզված լինելով, որ իր քրոջ տղան նման բան չի անի: Գիշերելով իրենց տանը՝ Արթուրն առավոտյան շրջել է սենյակներով եւ մոտենալով խոհանոցի պատուհանին, ձեռքի թեթեւ հպումով բացել է այն՝ գովաբանելով վերանորոգված պատուհանները:
Կարդացեք նաև
Դատարանը ամբաստանյալի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առել, որ Ա. Ասատրյանը բնութագրվում է դրական, հաշտվել է տուժողի հետ, տուժողը նրա նկատմամբ պահանջ չի ներկայացրել, խնդրել է մեղմ վերաբերվել:
Հոկտեմբերի 21-ին Իջեւանում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը վճռել է Ա. Ասատրյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով եւ նրան դատապարտել ազատազրկման 4 տարի ժամկետով, կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածը, նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան 2 տարի ժամկետով:
Նկատի ունենալով, որ տուժողի ներկայացուցիչը քաղաքացիական հայցը չի պնդել, դատարանը որոշել է այն թողնել առանց քննության:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ